Քննարկում:Հայ զինւորի սկզբունքը

Page contents not supported in other languages.
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅ ԶԻՆՒՈՐԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ երգի առաջին տողի մասին[խմբագրել]

Սույն երգի առաջին տողում շատ դեպքերում հանդիպել եմ «առանց ի վիճակ» արտահայտությանը, երբեմն նաև «առանցի վիճակ»: Ինձ մի հարց է տանջում՝ այդ «առանցի վիճակ»-ն ինչքանո՞վ է ճիշտ, առավել ևս՝ տրամաբանական:

Նախ՝ անդրադառնամ «վիճակ» բառին: Առավել հարմար է Ստեփան Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարան»-ում այս բառի 6-րդ իմաստը. «Զինուորակոչի ժամանակ՝ ամեն մի տոմս, վրաները յաջորդական թուանշաններով, որոնցից զինուորակոչի ենթակայ երիտասարդները մի-մի հատ հանում են ծածկած արկղից, և որոնց վրայ թուանշաններից որոշվում է, թէ տուեալ թուանշանով վիճակը հանողը գնալո՞ւ է զինուոր (եթէ փոքր թուանշանով է), թէ ազատվում է (եթէ մեծ թուանշանով է)»: Անհնար է, որ մինչև համաշխարհային պատերազմը (և հատկապես՝ այդ պատերազմի ընթացքում) «անկեղծ զինուորներ»-ը խուսափեին նման վիճակներից, մանավանդ որ հերոսներն իրենք էլ խոստովանում են «Պէտք է սուրբ ծառայենք երկար ժամանակ», և ապա՝ «Պարսկաստանի (?) խորքից եկել է նամակ»: Առանց վիճակ մնացողը իրեն երբևէ «անկեղծ զինւոր» կկոչե՞ր, երբ շատերը փորձում էին փախչել այդ պատասխանատվությունից, առավել ևս՝ երբ նրանք բողոքում էին, որ ծնվել են և ապրում են. «Մայրի՛կ ջան, մայրի՛կ, ինչի՞ բերեցիր, բարուր արեցիր, սալդաթ ղրկեցիր»: Ի դեպ՝ «առանցի» բառի «առանց» (без, without, ohne, senza) իմաստով օգտագործված լինելն ապացուցում է նախավերջին տունը՝ «Դարձեալ հայ զինուորը չէ յուսահատուած. առանցի գանգատ կռւում է ազատ...» Առաջանում է այլ հարց. արդյո՞ք կամավորական, անկեղծ զինվորներն առանց վիճակահանության կիմանային, թե որտեղ, որ ճակատում է զգացվում իրենց կարիքը: Այժմ էլ կամավոր զինվոր գնացածները նույնպես ստիպված են վիճակ հանել, որպեսզի իմանան՝ որտեղ են գնալու ծառայելու:

Ես առաջարկում եմ առաջին տողում հանդիպող «առանցի վիճակ»-ը հասկանալ «ԱՌԱՆՁԻՆ վիճակ», ինչպես ներկայացված է «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՌԱԶՄԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԻ ԵՐԳԵՐ» ժողովածուի տարբերակում, ըստ այդմ՝ «մենք անկեղծ զինվոր ենք, որ առանձին (թերևս՝ մնացածներից խիստ տարբերվող) վիճակ ենք հանել և որ պետք է սրբորեն ծառայենք երկար ժամանակ»: Ի դեպ՝ վիճակի նման մոտիվներ ենք հանդիպում նաև նույն ժամանակի այլ երգերում. օրինակ՝ «Մտայ եկեղեցին, վառի մոմերը, հանի սալդաթութեան պեռվի նոմերը», «ես իմ վիճակս հանեցի, ելայ սալդաթ գրուեցի, տանից-տեղից զրկուեցի, զինուորութեան մէջ ընկայ», «կանցիլարի դուռը կայնած մնացի, ձեռքս ծոցս տարայ, ախ էրի, լացի, ասքարի նոմեր դիմաց հանեցի»:

Նաև՝ ինչպես երևում է հիմնական էջում տեղ գտած ծանոթագրություններից, բնագրում գրված է «պէտքէ»՝ փոխանակ «պէտք է», «Իշխան» անձնանունը փոքրատառով է, «Ստամբօլը» առաջարկվում է սրբագրել փոքրատառ: Եթե հարգարժան բանասերները վստահ են, որ առաջին տողը տառ առ տառ ճիշտ է ներկայացված, այսինքն՝ ճիշտ է «ԱՌԱՆՑԻ վիճակ» ձևը, խնդրում եմ ապացուցել:

Արտյոմ Անդրեասյան, 27.V.2014