Էջ:Ընտրանի.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզ պետք է լավատեսություն ներշնչի, քանի որ այս կշռադատվածությունը, համենայն դեպս, մինչեւ այժմ առկա է եղել Կենտրոնի քաղաքականության մեջ՝ բռնի ուժի դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Բացի ընդհանրապես Խորհրդային Միությունում տեղի ունեցող գործընթացներից, մեր հանրապետության համար կենսական կարեւորություն են ներկայացնում նաեւ Անդրկովկասում կատարվող երեւույթները։ Ի՞նչ է տեղի ունեցել Անդրկովկասում։ Հայաստանում հաստատվել են ժողովրդավարական կարգեր, կոմունիստական իշխանությունը վերացել է, Ադրբեջանում՝ հակառակը, կոմունիստական իշխանությունն ամրապնդվել է, իսկ Վրաստանը դեռ գտնվում է նախընտրական անկայուն վիճակում, եւ դժվար է ասել, թե ինչով կավարտվի նախընտրական մրցարշավը։ Պարզ համեմատություն անցկացնելու դեպքում թվում է, թե այժմ Անդրկովկասում ստեղծվել է այնպիսի դրություն, ինչպիսին կար 1920 թվականին. կոմունիստական Ադրբեջանը դարձել է Կենտրոնի հենարանը՝ ժողովրդավարական Հայաստանի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ Վրաստանի դեմ պայքարելու համար։ Եւ մենք, իսկապես, Արցախում տեսնում ենք Կենտրոնի եւ Ադրբեջանի նմանատիպ համագործակցությունը։ Այս հանգամանքը, թերեւս, Ադրբեջանին կարող է բերել ժամանակավոր շահեր, եւ, ըստ երեւույթին, բերում էլ է։

Բայց սա, ինչպես նշվեց, պարզ համեմատություն է, քանի որ, ըստ էության, պատկերը միանգամայն այլ է։ Եթե 1920 թվականին Ադրբեջանը հանդես էր գալիս որպես հզորացող կոմունիստական Ռուսաստանի դաշնակիցը, ապա այժմ նա դարձել է իր ռեալ իշխանությունը կորցնող խորհրդային Կենտրոնի հենարանը՝ դրանով հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլեւ ժողովրդավարական Ռուսաստանին։ Հանգամանք, որն էապես փոխում է իրերի վիճակը եւ մեզ մանեւրելու լայն հնարավորություններ է տալիս։ Այս նրբությունը մենք պետք է գիտակցենք եւ կարողանանք օգտվել դրանից։ Ես նկատի ունեմ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, շահերի ընդհանրության վրա հիմնված, լուրջ քաղաքական-տնտեսական հարաբերությունների հաստատման հնարավորությունը։ Դրա վկայությունն է իմ եւ Բորիս Ելցինի միջեւ կայացած հանդիպումը եւ դրան հետեւած թղթակցությունը, որը արձագանք