Էջ:Ընտրանի.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գտավ նաեւ Ռուսաստանի խորհրդարանում, որտեղ ընդունվեց մեզ համար շատ կարեւոր մի որոշում։

Խորհրդային Միությունում եւ Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո վերջին տարիներին հայ ժողովրդի գիտակցության մեջ կատարվել են էական փոփոխություններ։ Նա վերջապես զգաստացավ երանելի թմբիրից՝ անակնկալորեն հայտնաբերելով, որ Խորհրդային Միությունը հավերժ քաղաքական երաշխիքներ չի կարող ապահովել իր գոյության համար։ Փաստ՝ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի կոտորածները, հարյուր հազարավոր գաղթականները, Արցախի եւ Հայաստանի տեւական շրջափակումները, Անդրկովկասը ռուսական զորքերի կողմից լքվելու հեռանկարը։ Պատմության այս սառը ցնցուղի եւ դառնագույն փորձության առջեւ հայ քաղաքական միտքը եւ ընթացող ազգային-ազատագրական շարժումը վերջապես հանգեցին այն եզրակացության, որ հայ ժողովուրդն իր գոյությունն ապահովելու համար պարտավոր է սեփական ուժերով ստեղծել նոր քաղաքական երաշխիքներ, այն էլ ոչ թե երեւութական, այլ իրական երաշխիքներ։

Առաջին. օտարի կողմից կառավարվող եւ օտարին ծառայող կոմունիստական իշխանությունը փոխարինել ազգային քաղաքականություն վարող ժողովրդավարական իշխանությամբ՝ բացառելու համար որեւէ արտաքին ուժի թելադրանքը եւ առաջնորդվելու միայն ու միայն սեփական ժողովրդի շահերով։ Այդ խնդիրն արդեն իրականացված է, սակայն դեռեւս մասամբ՝ միայն իշխանության վերին ոլորտներում։ Խնդրի վերջնական իրականացումը կապված է տեղական խորհուրդների առաջիկա ընտրությունների հետ։

Երկրորդ երաշխիքն է՝ սոցիալ-տնտեսական զարգացման մեջ առաջ անցնել մեր անմիջական հարեւաններից՝ Վրաստանից ու Ադրբեջանից, որոնց հետ չենք կարող չափվել ոչ մարդկային, ոչ էլ բնական հարստություններով։ Մեր միակ առավելությունը նրանց նկատմամբ պետք է լինի զարգացման մեջ էապես առաջ անցնելը։ Եւ դրա համար արդեն ստեղծված են լուրջ նախադրյալներ, որոնցից ամենակարեւորը Հայաստանում ժողովրդավարական վարչակարգի հաստատումն է։ Օգտվելով ժողովրդավարության ընձեռած ազատություններից եւ ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունից, Հայաստանն առաջ անցնելով Ադրբեջանից ու Վրաստանից, ի վիճակի է իրագործելու իր