Էջ:Ընտրանի.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հիմա մյուս ուղին։ Արդյո՞ք հնարավոր է այս տոտալիտար պետությունը քանդելով վերեւից (թեեւ՝ արտաքուստ վերեւից, որովհետեւ ըստ էության դա արվում է ներքեւից՝ հանրապետությունների ջանքերով), վերացնել Կենտրոնի ռեալ քաղաքական իշխանությունը։ Ես կարծում եմ՝ դա հնարավոր է, այո՛ հնարավոր է քանդել այս տոտալիտար պետությունը։ Բայց ես դա համարում եմ ոչ թե քանդիչ, այլ կառուցողական գործունեություն։ Դա կառուցողական գործընթաց է, քանի որ, կառույցները քանդելով, մենք, ըստ էության, ստեղծում ենք պետությունների մի նոր համագործակցություն։ Եւ այժմ պահանջել Հայաստանից, որ չմասնակցի ազատ պետությունների համագործակցություն ստեղծելու այդ կառուցողական գործընթացին, կարծում եմ, մեծ սխալ կլինի, եւ Հայաստանը մեծապես կտուժի դրանից։

Ո՞ւմ վրա եք հույս դնում։ Մենք Լիտվա չենք, մենք Լատվիա չենք։

Ինչո՞ւ ենք մոռանում Արցախի հարցը։ Ո՞վ է լուծելու Արցախի հարցը։ Ես չեմ ասում, որ Ելցինը կամ Նազարբաեւը կլուծեն, ո՛չ, ես այդքան միամիտ չեմ, սակայն, մասնակցելով այդ կառուցողական պրոցեսներին, մենք գոնե կարող ենք ինչ֊որ պարտավորությունների տակ դնել մեր գործընկերներին։ Բայց եթե մենք մեզ վրա որեւէ պարտավորություն չենք վերցնում այդ գործընթացների առնչությամբ, ապա ինչո՞ւ Ելցինը եւ Նազարբաեւը, կամ որեւէ մեկը, պիտի պարտավորություն վերցնեն մեր նկատմամբ։ Հանուն ինչի՞։ Նույնիսկ անտառանյութը եւ վառելիքը միջազգային գներով մեզ չեն վաճառի, որովհետեւ առեւտուրը նույնպես քաղաքականություն է։

Նորից եմ կրկնում. մեր մասնակցությունը պարտադիր է բոլոր միջհանրապետական կառույցներում, այն էլ՝ լիարժեք մասնակցությունը։ Ինձ համար հստակ է մեր բռնած քաղաքական ուղին, հստակ է նաեւ, թե ուր ենք գնում։

Կարող են հարցնել, թե՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ ուղին կապահովի մեր լիակատար քաղաքական անկախությունը։ Երբ տեսնենք, որ երաշխիքներ չկան, հենց մեր պարտքն է, որպես խորհրդարան, որպես քաղաքական գործիչներ, վերանայել, շտկել մեր դիրքորոշումը։ Թե՞ մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր որոշում ընդունելիս դառնում ենք այդ որոշման գերին։ Այդ դեպքում պետք է ցանկացած որոշումից հետո ցրել խորհրդարանը։ Խորհրդարանը հենց նրա համար է, որ կարողանա