Էջ:Ընտրանի.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արձագանքել ժամանակի փոփոխություններին եւ համապատասխան ճշգրտումների ենթարկի իր քաղաքական գիծը։

Ուրեմն, քաղաքական տեսակետից մեր առաջնահերթ գործը պիտի լինի որքան հնարավոր է շուտ, բոլոր միջոցներով ձեռք բերել մեր քաղաքական անկախությունը, դառնալ միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ-ի անդամ, եւ այդ կարգավիճակով մասնակցել վերոհիշյալ կառուցողական գործընթացներին։ Ես հարյուր տոկոսով վստահ եմ նաեւ, որ Հայաստանի անկախության ճանաչումը, միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը շատ ավելի հեշտ կլինի կառուցողական այդ աշխատանքին մասնակցելով, քան դրանից հրաժարվելու դեպքում։ Որովհետեւ դրանով Հայաստանը շանս է ձեռք բերում կրկին դառնալ Խորհրդային Միության առաջադիմական գործընթացների լիդեր՝ ամրապնդելով քաղաքական գործընկերոջ իր ծանրակշիռ վարկը։ Հայաստանը մի ժամանակ Խորհրդային Միության ժողովրդավարական գործընթացների լիդերն էր, եւ դա մեզ մեծագույն քաղաքական վարկ տվեց, դա նաեւ մեր անկախությունը ճանաչելու կարեւոր գրավականներից է։ Հիմա, մասնակցելով այս առաջադիմական գործընթացներին, Հայաստանը կրկին դառնում է դրանց լիդեր, ինչը, վստահ եմ, ըմբռնումով կընկալվի ողջ աշխարհի կողմից։ Դրանով Հայաստանն օրինակ է տալիս Արեւմուտքին եւ ԽՍՀՄ-ին, թե ինչպես կարելի է մի կողմից` իսկապես դառնալ անկախ պետություն, մյուս կողմից` մասնակցել կառուցողական գործընթացներին եւ թույլ չտալ, որ այս դժոխային պետությունը փլուզվի եւ նրա փլատակների տակ վտանգվի ողջ մարդկությունը։ Հիմա ամբողջ աշխարհի եւ մեր ժողովրդի մտահոգությունը պետք է լինի փոփոխությունները դարձնել անարյուն, հանդարտ, քաղաքակիրթ։ Սա ավելի հեռանկարային զարգացում է, քան կայսրության անմիջական փլուզումը։

Ահա իմ տեսակետը, որ պարտավոր էի ներկայացնել ժողովրդին հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունից առաջ, որպեսզի նահնարավորություն ունենար ճիշտ կողմնորոշվելու։ Սա՛ է իմ դիրքորոշումը, սա՛ է լինելու իմ քաղաքականությունը, եւ ես պայքարելու եմ անկախության այս ուղեգծի իրականացման համար։

Հոկտեմբերի 16-ի ընտրությունը, բացի Նախագահի անձի նկատմամբ արտահայտած վերաբերմունքից, անխուսափելիորեն պետք է դառնա նաեւ յուրատեսակ հանրաքվե՝ թեկնածուների քաղաքական