Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սայաթ-Նովայի հայերեն երգերը գրած են վրացական տառերով, իսկ վրացական տառերի մեջ ռ տառը չկա, և ամեն տեղ ռ-ի տեղ գործ է ածած ր։ Հանգ<ուցյալ> Ախվերդյան որտեղ ր—ռ է կարծել., վախել է գրել ռ, որտեղ չէ՝ թողել է ր։ Եվ հենց դրանից է առաջացել վերևը բերած վար չիս անսխալը, որի դեմը գրել է՝ շինել և տարակուսանքով հարցական է դրել։ Իսկ մի ուրիշ տեղ, 142 երեսում գրել է.

«Սայաթ-Նովա բաղըն դուն իս,
— Կարոտ իմ, բառ իմ ասում»։


Բարը շինել է բառ, մինչդեռ հենց էստեղ պետք է մնար բար, որ պտուղ, բերք կնշանակի։ Իր բաղից պտուղ է ուզում։

Կարծում եմ նույնպես սխալ է բացատրած հետևյալ տողը և վտանգավոր է թարգմանության համար։

«Սայաթ-Նովեն ասաց՝ դարդըս քանց մեճարըն շատացիլ է…»

Բացատրած է վրաց այբուբենի ճարճ տառով, որ կնշանակի հինգ հազար, իբր թե՝ դարդս քանց հինգ հազարն՝ շատացել է։ Մինչդեռ ճարը՝ դեղ կնշանակի, և ասում է՝ դարդս էնքան շատացել է, որ էլ ոչ մի դեղ չկա, շատացել է՝ ամեն մի ճարից վեր։

Իհարկե՝ սրանք իմ կարծիքն ու բացատրությունն են և կարող են նույնպես սխալ դուրս գալ, սակայն եթե ոչ բոլորը՝ գոնե էս կամ <էն> նկատողությունը կարող են ճշմարիտ լինել և դարձյալ ես հասած կլինեմ իմ առաջադրած նպատակին, որ է թե Քուչակ Նահապետի, թե Սայաթ-Նովայի և թե նրանց նմանների գործերի բառացի թարգմանությունը ռուս բանաստեղծներին տալիս՝ տալ շատ զգուշավոր ու ստուգված, քանի որ հարգելի թարգմանիչները իսկի ժամանակակից հայերեն լեզուն չգիտեն, ուր մնաց նրա միջնադարյան բարբառները և կամ գրաբարը։ Եվ մանավանդ, որ էսքան մեծ արժեք ու նշանակություն ունին էդ երկերը թե մեզ համար, թե օտարների աչքում, և գործի