Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջանա մեր դժբախտ խնդիրը իր ամբողջությամբ, որ կարողանանք անցնել մեր սիրած գործին— շինարարական գործի, կուլտուրական աշխատանքի, ե Դուք էլ էդքան նուրբ ու ճաշակավոր, մի գեղարվեստագետ՝ Ձեր գործին անցնեք։

Ես նոր եմ վերադարձել Երևանից։ Մեր երկիրը շատ է ավերվել վերջին տարիների ընդհարումներից։ Ամեն անգամ, որ թուրքերն առաջ են անցել, աշխատել են հիմնովին փչացնել երկիրն ու ցեղը։

Դուք արդեն գիտեք իմ հին կարծիքը, թե էս հանգամանքներում՝ Ռուսաստանն է մեր փրկությունը։ Եվ էս անգամ էլ, նույնիսկ էս հարբած վիճակի մեջ, ռուսները մեզ ազատեցին վերջնական փչացումից։

Ավերումի վրա ավելացավ էս տարվան երաշտը մեր երկրում։ Բայց պետք է վկայեմ, որ մեծ թափով ու մեծ անկեղծությամբ են մարդիկ աշխատում փրկել ժողովրդին ու վերաշինել երկիրը։ Եվ անշուշտ պիտի հաջողեն, եթե արտաքին մի որևէ դժբախտ անակնկալ չխանգարի։

Նախագահը՝ Մյասնիկյանը և իր ընկերները արժանի են ամեն գովասանքի և աջակցության։

Եվ համոզված եմ, մոտիկ ապագան պիտի ապացուցանի իմ խոսքերի ճշմարտությունը։ Ամեն կողմից պիտի նրանց սիրեն ու գործակցեն։

Հենց նրանց գործակցելու համար էր, որ հավաքվել էինք Երևան և կազմեցինք Հայաստանի օգնության կոմիտեն, որի մեջ մտնում են ամեն կուսակցության մարդիկ՝ 80 հոգի։ Կոմիտեն անկուսակցական է և չեզոք, երկրի մեջ գործելու է ազատ ու արտոնյալ և իր ճյուղերը կունենա բոլոր գաղութներում։ Միանգամայն անկախ արդեն Պոլիս կազմած են էդ տեսակ մի մարմին— ապացույց, թե ինչքան հասունացած է գործը։ Նպատակն է ժողովրդին ազատել սովից և երկիրը վերաշինել…

Ռուսները խոստացան ամսական 25 հազար փութ ալյուր։ Եվ պետք է ասել, որ Ռուսաստանը շատ բան է ղրկում՝ գյուղատնտեսական գործիքներ մանավանդ։ Շուտով ուղարկելու են չթի ու այլ գործարաններ։

424