Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նպատակով» թույլատրել հրեաների, գերմանացիների, նաև հայրենադարձ հայերի արտագաղթը երկրից: Չնայած բոլոր բացասական երևույթներին` հայրենադարձները (1962-82-ին Հայաստան ներգաղթեց ևս շուրջ 32 հզ. մարդ) և արդեն Հայաստանում մեծացած ու ուսում ստացած նրանց զավակները նպաստեցին երկրի զարգացմանը, հատկապես նշանակալի էր նրանց ավանդը մշակույթի և գիտության ոլորտում (Երվանդ Քոչար, Հակոբ Հակոբյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Գոհար Գասպարյան, Մկրտիչ Տեր-Կարապետյան, Հրաչ Բարթիկյան ևն):

Այդուհանդերձ, Խորհրդային Միության գոյության տարիներին հայ ժողովրդի երկու հատվածներն ապրեցին իրարից մեկուսացած ու անջատ: Հայրենիքի հետ անմիջականորեն հաղորդակցվելու իրավունքից զրկված լինելու պայմաններում սփյուռքահայերի, հատկապես Արևմուտքի երկրներում ապրող հայության մեջ ազգամշակութային ձուլման երևույթներն ընթացան առավել արագ, ինչը հարցականի տակ դրեց առանձին համայնքների հետագա գոյությունն իսկ: Հայ ժողովրդի երկու հատվածների մեկուսի գոյությունը, մի կողմից, ավելի խորացրեց արևմտահայերին և արևելահայերին պատմականորեն ներհատուկ առանձնահատկությունները, իսկ մյուս կողմից` հայաստանաբնակների և սփյուռքահայերի մեջ ձևավորվեց միմյանց մասին թյուր և անիրատեսական պատկերացումներ:

1988-ի դեկտեմբերին (դեռևս ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին) տեղի ունեցած երկրաշարժից անմիջապես հետո ողջ սփյուռքահայությունը շտապեց օգնության հասնել աղետից տուժած հայրենակիցներին: Հայաստանի անկախացումից հետո, երբ երկիրը հայտնվեց համընդհանուր ճգնաժամի մեջ, սփյուռքի օգնությունը ծառայեցվեց Հայաստանի ու Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացմանը (հիվանդանոցների, դպրոցների, ճանապարհների կառուցում, համատեղ ձեռնարկությունների հիմնում, գործարանների վերագործարկում ևն): Այդ ծրագրերը իրագործվում են ինչպես կազմակերպությունների (ՀԲԸՄ, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն, ՀՕՖ, ՀՕՄ, Լինսի հիմնադրամ, «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպություն ևն), այնպես էլ անհատ բարերարների նախաձեռնության և ֆինանսավորման շնորհիվ:

Հայաստանի անկախացումից հետո ՀՀԴ, ՌԱԿ և ՍԴՀԿ հնարավորություն ստացան վերսկսել իրենց քաղաքական գործունեությունը Հայաստանում: Պետության գոյության առաջին իսկ տարիներին երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ իշխանությունների և ընդդիմության տարաձայնություններն ընդունեցին սուր հակադրության ձև, որի դրսևորումներից էին նաև Հայաստանում ՀՀԴ գործունեության կասեցումը և ՌԱԿ-ի պառակտումը: Միաժամանակ այդ հակադրությունը սրվեց նաև բուն սփյուռքում, ինչը էլ ավելի խորացրեց հակասությունները սփյուռքի համապատասխան շրջանակների միջև: Հետագա տարիներին վերստին կարևորվեց Հայաստան-Սփյուռք բազմակողմանի համագործակցությունը: Հայ ժողովրդի երկու հատվածների միջև հարաբերությունները սերտացնելու, առավել արդյունավետ ու փոխշահավետ դարձնելու նպատակով Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ 1999-ին և 2002-ին Երևանում կայացան «Հայաստան-Սփյուռք» համահայկական խորհրդաժողովները, իսկ 1999-ին և 2001-ին` Համահայկական մարզական խաղերը, որոնց մասնակցեցին հայ սփյուռքի բոլոր համայնքների պատվիրակությունները:

Գրկ. Ալպոյաճյան Ա., Պատմութիւն հայ գաղթականութեան, հ. 1, 2, 3, Կահիրե, 1941, 1955, 1961: Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Ե., 1962: Աբրահամյան Ա., Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1, 2, Ե., 1964, 1967: Մելիքսեթյան Հ., Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980 թթ.), Ե., 1985: Դալլաքյան Կ., Հայ սփյուռքի պատմություն (համառոտ ակնարկ), Ե., 1992: Էջեր հայ գաղթավայրերի պատմության, խմբ. Բարխուդարյան Վ., Եկավյան Զ., Ե., 1996: Մելքոնյան Է., Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը Խորհրդային Հայաստանում, 1923-1937 թթ., Ե., 1999: Նույնի, Диаспора в системе этнических меньшинств (на примере армянского рассеяния), "Диаспоры", М., 2000, N1-2; Ter Minassian A., La Diaspora Armenienne, "Herodote. Revue de geographie et de geopolitique", N 53, P., 1989; Boudjikanian A., Un Peuple en Exil: La Nouvelle Diaspora (XIX-XX siecles), "Histoire des Armeniens", Toulouse, 1982.

Էդուարդ Մելքոնյան