Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 գործնականում գրեթե միշտ հնարավորություն ունեին վերադառնալու հայրենիք։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության իշխանությունները ձգտել են վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և վերջ տալ Հայկական հարցի լուծմանն ուղղված միջազգային դիվանագիտության ջանքերին։ Այդ նպատակով նրանց կողմից 1915-ին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և երկրի այլ վայրերում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության և բռնագաղթի քաղաքականության արդյունքում սպանվեց շուրջ 1,5 մլն հայ։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո (1918) բռնագաղթը վերապրած հայությունը սկսեց վերադառնալ հայրենիք, նախ և առաջ ազատագրված Կիլիկիա։ Սակայն երբ 1921-ի վերջին Ֆրանսիան, դուրս հանելով իր զորքերը Կիլիկիայից, հանձնեց այն Թուրքիային, հայերը հարկադրված եղան վերջնականապես հեռանալ այնտեղից։

Հայ ժողովրդի պատմության մեջ 1915-22-ից հետո առաջին անգամ էր, որ. ա) հայկական ազգային տարածքների հիմնական հատվածում՝ Արևմտյան Հայաստանում և Հայկական Կիլիկիայում, հայ բնակչությունը գրեթե ամբողջովին վերացավ, բ) հայ ժողովրդի հիմնական զանգվածը սկսեց ապրել պահպանված ազգային տարածքի՝ Արևելյան Հայաստանի (որտեղ և ստեղծվեցին հաջորդաբար Հայաստանի երեք հանրապետությունները) սահմաններից դուրս, գ) ինչպես բռնագաղթածները, այնպես էլ նրանց ժառանգները ցայսօր էլ զրկված են բնօրրան վերադառնալու հնարավորությունից։ Հայ գաղթականները, զրկվելով հայրենիքում ապրելու հնարավորությունից, սփռվեցին աշխարհի տարբեր երկրներում։ Հայ ժողովրդի կողմից կատարվածի ճակատագրական նշանակության գիտակցման արտահայտություններից է գաղթաշխարհի այդ` որակապես նոր տեսակի անվանումը «սփյուռք» (diaspora) հասկացությամբ, որը հայերենում մինչ այդ չէր կիրառվել սեփական պատմության, տարբեր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքների նկատմամբ։

Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տարբեր երկրներում բնակվող հայությունը շտապեց օգնության հասնել իր հայրենաբնակ ժողովրդին։ Եվ բնական է, որ հայրենիքից բռնագաղթվածները ձգտում էին հաստատվել նախ և առաջ հենց այդ երկրներում՝ արդարացիորեն ապավինելով ազգակիցների օժանդակությանը։ Հետագա տարիներին նրանց տեղաշարժերի արդյունքում հայկական համայնքներ ձևավորվեցին շատ ավելի մեծ թվով երկրներում։ Այսօր սփյուռքահայ համայնքներ գոյություն ունեն աշխարհի ավելի քան հիսուն երկրներում, սակայն, սփյուռքահայության հիմնական զանգվածը բնակվում է նրանցից երկուսում՝ Ռուսաստանի Դաշնությունում և ԱՄՆ-ում։

Սփյուռքահայության, ինչպես և որևէ այլ ազգային փոքրամասնության գոյավիճակը պայմանավորված է ընդունող երկրների սոցիալ-քաղաքական, տնտեսական և մշակութային առանձնահատկություններով։ Ուստի և հայ սփյուռքի համայնքները կարելի է խմբավորել ըստ այդ երկրների ընդհանուր բնութագրերի՝ Արևելքի, Արևմուտքի, Հարավային Ամերիկայի և հետխորհրդային տարածքի հայկական համայնքներ։ Տիպաբանման այս սկզբունքը, բնականաբար, չի կարող արտահայտել յուրաքանչյուր խմբի մաս կազմող համայնքների առանձնահատկությունները, որոնք, իրենց հերթին, պայմանավորված են արդեն յուրաքանչյուր առանձին երկրի զարգացման յուրահատկությամբ։

Հայկական համայնքներն Արևելքի երկրներում։ Տարբեր երկրների մեծ ու փոքր քաղաքներում հաստատված հայ գաղթականները ամենուրեք հայտնվել են սոցիալ-տնտեսական ծանր վիճակում։ Հայրենիքում իրենց ողջ ունեցվածքը կորցրած՝ նրանք ստիպված էին նոր կյանք սկսել օտար միջավայրում։

Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Սիրիա և Լիբանան բռնագաղթած հայերի հիմնական զանգվածը պատերազմից հետո մշտական բնակություն է հաստատել հենց այդ երկրներում, մի մասն էլ տեղափոխվել է Հունաստան, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ, Արգենտինա և այլ երկրներ։ Մինչև 1920-ական թթ. վերջը Արևելքի երկրներում գործել են մեծ թվով որբանոցներ և գաղթակայաններ, որոնք հիմնել էին հայկական (ՀԲԸՄ ևն) և արտասահմանյան (Ամերիկյան նպաստամատույց՝ ԱՄԵՐԿՈՄ՝ Near East Relief ևն) բարեսիրական կազմակերպությունները։ 1938–39-ին, երբ Սիրիայի ֆրանսիական իշխանությունները Ալեքսանդրետի սանջակը մտցրին Թուրքիայի կազմի մեջ, տեղի բնիկ հայ բնակչությունը (շուրջ 40 հզ․ մարդ) նույնպես ստիպված եղավ արտագաղթել և հաստատվել Լիբանանում և Սիրիայում։

Լիբանանում, Սիրիայում, Իրանում և Արևելքի թույլ զարգացած, ագրարային այլ երկրներում հայերը շարունակել են զբաղվել արհեստներով և առևտրով, մասամբ նաև գյուղատնտեսությամբ։ Դա, ինչպես նաև տեղացիների ընդհանուր առմամբ բարյացակամ վերաբերմունքը, նպաստել են, որ հայերը համեմատաբար շուտ հարմարվեն նոր պայմաններին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի հայերի մեջ զգալիորեն աճել է գործարարների,