Էջ:Arakel of Tabriz, History.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ պատշաճ էր այդ գործի վերաբերյալ, խոջա Նազարը պատվիրեց Ալթունին: Եվ այս Ալթունը գնաց հասավ Նախիջևան գավառը, մտավ ֆռանկների Ապարաներ գյուղը. նույն ժամին եպիսկոպոսին, քահանաներին և ֆռանկների ժողովրդի երևելիներին բռնեց, կապեց ու կալանավորեց և նրանցից պահանջում էր ցույց տալ նշխարներ հանող հայրերին, իսկ նրանք չէին կամենում ցույց տալ։ Բայց Ալթունը նրանց չարչարում էր և կախելով բրածեծ էր անում, և նրանք հարկադրված ցույց տվին նշխարներ հանող հայրերին, որոնց անուններն էին՝ հայր Գլելուն և հայր Արքանջելի։ Այնուհետև խիստ պարտադրանքով նրանցից պահանջում էր նշխարները, իսկ նրանք չէին կամենում ցույց տալ, բայց Ալթունը սկսեց կախել, սաստիկ բրածեծել և ավելի խիստ չարչարել ու տանջել նրանց։ Եվ այսպես շատ օրեր անխղճորեն չարչարում էր նրանց, որովհետև նշխարները ցույց չէին տալիս։

Մի օր այն գյուղի քահանաներից մի քահանայի կախեցին և երկար ժամեր անխղճորեն ծեծում էին. այդ քահանան ուներ եղբորորդի մի փոքրիկ տղա, որ նրա մոտ կանգնած աղիողորմ լաց էր լինում։ Երբ տղան այնտեղ կանգնած մարդկանց հարցնում է, թե ինչու են իմ տերտերին կախել ծեծում, մարդիկ մանուկին պատասխանում են, թե սրբերի նշխարներր բերել են այս գյուղը, պահանջում են դրանք ցույց տալ, իսկ մենք տեղյակ չենք, որպեսզի ցույց տանք, այս պատճառով կախել ծեծում են։ Տղան [հարցը] կրկնելով ասաց նրանց՝ ապա այն ի՞նչ է, որ մեր ամենաներսի սենյակում է, և ամեն օր ճրագ են վառում նրա առջև։ Մինչև այդ վայրկանը Ալթունը բնավ հայերեն չէր խոսել և կամ իրեն հայ չէր ցույց տվել․ ինքը նույնպես մարդկանց մեջ կանգնած էր, երբ տղան այդ խոսքն ասաց։ Եվ երբ ինքը՝ Ալթունը տղայից այդ խոսքը լսեց, նույն պահին դարձավ տղայի կողմը և խանդաղատանքով խոսեց նրա հետ և ասաց. ի՞նչ ասացիր, որդի, մեկ էլ ասա։ Իսկ տղան կրկնելով դարձյալ նույն խոսքը ասաց։ Ապա Ալթունը տղային ասաց. «Եթե ասածդ ինձ ցույց տաս, քո տերտերին արձակելով կթողնեմ, իսկ քեզ ու քո տերտերին վերարկու կհագցնեմ իբրև նվեր, ապա թե ոչ այնքան կծեծեմ քո տերտերին, որ փայտի տակ կմեռնի»։ Ապա ինքը՝ Ալթունը բռնեց տղայի ձեռքից և ասաց. «Եկ, որդյակ,