Էջ:Arakel of Tabriz, History.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնանք ձեր տունը և ասածդ ինձ ցույց տուր»։ Հասնելով տուն՝ անցան սենյակե սենյակ մինչև ամենաներսի սենյակը, որտեղ նշխարներն էին: Ալթունը տեսավ, որ բարձր տեղում հանգստանում էին՝ մաքուր շորերով ծածկված, իսկ ճրագը նրանց առջև վառվում էր: Ալթունը բացեց, վերցրեց ողջ ծածկույթը և տեսավ, որ իրոք նշխարներն էին: Ինքը առավ իր գիրկը, դուրս բերեց և ըստ տղային տրված իր խոստման քահանային թողեց և խոստացած վերարկուները պարգևեց քահանային ու տղային։

Այնուհետև Ալթունն սկսեց խստագույնս չարչարել մյուս կալանավորներին, մանավանդ նշխարներ հանող հայրերին. դրանք չդիմանալով դառը տանջանքներին, ասացին թե՝ «Բացի այն մեկից, որ սարում ենք պահել, ուրիշը չկա, այժմ ցերեկը համբերիր, որովհետև չի լինի, իսկ գիշերը գնանք տեղը, հանենք տանք քեզ»։ Այն սարը, որտեղ նշխարները թաքցրել էին, այդ ամբողջ երկիրը Բոլու է կոչվում, որ մոտիկ է Ապարաներ գյուղին. սա մի բարձր քարաժայռոտ սար է։ Եվ այն գիշեր, երբ հայրերը գնացին սարը, Ալթունն էլ գնաց նրանց հետ։ Երբ նշխարները թաղել են այնտեղ, բևեռային աստղի նշաններով էին թաղել, այժմ էլ սկսեցին բևեռային աստղի նշաններով երթևեկ կատարել։ Այնքան այստեղ-այնտեղ երթևեկ արին, մինչև ստույգ եկան թաղված տեղի վրա կանգնեցին։ Ապա սպասավորներին հրամայեցին տեղը փորել և երբ մինչև վերջ փորեցին, տեսան նշխարներով լիքը մի արծաթյա թաս. այն էլ վերցրին տվին Ալթունին, իսկ Ալթունն առավ նշխարներն ու հայրերին, վերադարձավ Ապարաներ գյուղը և նրանցից այլ նշխարներ ևս պահանջեց։ Իսկ նրանք ոտքերը ընկան, լաց եղան և ծանր երդումներով երդվեցին, թե էլ չկա։

Իսկ Ալթունը ինքը Աստապատ գյուղից էր, որի տունը այնտեղ էր։ Նա ելավ Ապարաներ գյուղից, իր հետ վերցրեց նշխարները և նշխարները հանող հայրերին, եկավ իր Աստապատ գյուղը։

Այս օրերին սուրբ վարդապետ Պողոսը պատահաբար եղավ Աստապատ գյուղում. այս վարդապետի պատմությունն եմ արել ներկա շարադրանքի մեջ, Պողոսի մոտ է գնում Ալթունը և նրա առջև տանելով բոլոր նշխարները՝ վարդապետին առաջարկում