Էջ:Arakel of Tabriz, History.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համաձայնեցրեց հրեային և աղջիկը փոխեց տղայի հետ, որին Սելիմ անվանեցին. այս է սրա պատճառը։ ԺԲ․ սրանից հետո թագավորեց սրա որդի Մուրադը, որ սև գդակներ հագցրեց քրիստոնյաներին։ Ժգ․ Սրանից հետո թագավորեց սրա որդին՝ մի այլ Մուհամադ։ Ժդ․ Սրանից հետո սրա որդի Ահմադը։ Ժե․ Սրանից հետո թագավորեցրին սրա եղբայր Մուստաֆային երեք ամիս։ Երեք ամսից հետո իշխանները Մուստաֆային գցեցին և թագավորեցրին Ահմադի որդի Օսմանին: Ժզ․ Չորս տարի հետո ենիչերիները սպանեցին Օսմանին և երկրորդ անգամ թագավորեցրին Մուստաֆային, որի մասին ասում էին, թե խելապակաս էր, մեր 1071 (1622) թվականին թագավորեց մի տարի վեց ամիս։ Սրան վերացրին և թագավորեցրին Օսմանի որդի Մուրադին 1072 (1623) թվին։ Ժէ․ Սրա ժամանակ և սույն տարին կարմիր գլխարկավորները, որոնք ղզլբաշներն են, Բաղդադը գրավեցին։ Այս սուլթան Մուրադի հայրը՝ սուլթան Օսմանը մշտապես կերպարանափոխվում էր ու շրջում Կոստանդնուպոլիս քաղաքում՝ սրճարաններում, գինետներում և այլ տեղերում, լսում ու տեսնում էր ենիչերիների ու սպաների անկարգությունները, անիրավությունները և անխնա կոտորում էր սրանց մեծերին ու փոքրերին։ Ուստի ենիչերիների դասերը միաբանվեցին և սուլթան Օսմանին սպանեցին։ Նույն ժամանակ Կարին քաղաքում էր Աբազա փաշան, որ չափազանց արի ու քաջ պատերազմող էր և շատ հեծյալների տեր։ Սա թագավորի արյան վրեժխնդրության համար սկսեց ենիչերներին կոտորել։ Սկսելով Կարինից բոլոր քաղաքներում ու գավառներում կոտորելով գնաց մինչև Անկարա: Չափազանց անխնա ու խիստ չարչարանքներով սպանում էր մինչև բոլոր ենիչիրիների սպառումը։ Անկարայից վերադարձավ և կրկին եկավ Կարին, բերդը ամրացրեց և նստեց մեջը։

Նաև այն քարավանները, որ արևելքից և արևմուտքից գալիս էին Կարին ու գնում, արգելեց ամեն կարգի խորամանկությամբ ու խաբեությամբ, մինչև որ շատ քարավաններ հավաքվեցին։ Ապա օրերից մի օր բոլորի ունեցվածքը հափշտակեց՝ թե կանխիկ, թե ապառիկ և հետո ապստամբվեց թագավորի դեմ և դարձավ ջալալի։ Նաև կամեցավ միաբանվել