Էջ:Arakel of Tabriz, History.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարսիկների հետ, որովհետև իր քեռորդուն մեծ զորքով ուղարկեց պարսից Շահ-Աբաս թագավորի մոտ։

Իսկ սուլթան Մուրադ թագավորը այս Աբազա փաշայի վրա ուղարկեց իր վեզիրին՝ Խոսրով փաշային, որ եկավ Կարինի բերդը, գրավեց և Աբազա փաշային բռնեց, տարավ Պոլիս մեր 1077 (1628) թվին։ Թագավորը Աբազա փաշային բանտարկեց և հետո 1083 (1634) թվի օգոստոս ամսին սպանեց։

Այս սուլթան Մուրադը իր վեզիր Խոսրով փաշային ուղարկեց, որ գնա Բաղդադ քաղաքի վրա և գրավի այն։ Խոսրով փաշան գնաց, մտավ Պարսկաստան՝ Համադանի կողմը և հասավ մինչև Դարգազին քաղաքը։ Ձմեռն ու ցուրտը վրա հասան, վերադարձավ, եկավ Թոքաթ։ Այս պատճառով սուլթան Մուրադը Մուրթուզա փաշային ուղարկեց Խոսրով աղային սպանելու։ Նա եկավ Թոքաթ, Խոսրով փաշային սպանեց 1079 (1630) թվին։ Այս այն սուլթան Մուրադն է, և վեզիրը այն Խոսրով փաշան է, որոնց հիշատակել ենք Սահակ կաթողիկոսի հակառակության (ընդդեմ Մովսես կաթողիկոսի) գլխում (Ի գլուխ)։

1083 (1634) թվին օգոստոս ամսին սուլթան Մուրադը խիստ արգելք դրեց ծխախոտի վրա իր տերության բոլոր երկրներում։ Բոլոր սրճարանները, որ կային բոլոր քաղաքներում, քանդեց, ավերեց և վերացրեց, որովհետև այն ժամանակ, երբ ենիչարիները սալթան Օսմանին սպանեցին, սրճարաններում նստած սպանության մասին էին խոսում սուրճ խմելով և ծխախոտ ծխելով։

1083 (1634) թվին սուլթան Մուրադը գնաց լեհերի վրա պատերազմի։ Լեհերը հնազանդվելով նրան վերադարձրին իրենցից, 1083 (1634) թվին այս սուլթան Մուրադի ժամանակ հույները ծռազատիկ արին, երբ վեզիր էր Բայրամ փաշան, որ ազգությամ հույն էր: Ուստի կողմնապահություն արեց հօգուտ հույների, իսկ հայերին թյուր ներկայացրեց թագավորին, որի պատճառով թագավորը բարկացավ և հայերից սպանեց մի քահանա և երկու աշխարհական։

1084 (1635) թվի մարտ ամսին սուլթան Մուրադը Պոլիսից դուրս եկավ, գնաց Երևանի վրա պատերազմի. օգոստոս ամսին հասավ այնտեղ. իր հետ ուներ յոթ հարյուր հազար