Էջ:Arakel of Tabriz, History.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և բոլոր հին մարդիկ։ Իսկ Շահսեֆիից հետո թագավորեց սրա որդին, որին դարձյալ Շահ-Աբաս կոչեցին ըստ անվան իր ապուպապի․ այս պատճառով սրան կկոչենք Շահ-Աբաս Երկրորդ։ Սա թեպետ լսել էր այն իրողությունները, որ անցել էին հայ ազգի գլխով, սակայն աչքերով չէր տեսել. նաև չէին տեսել սրա նախարարները, որ սրա թագավորության պաշտոնյաներն էին։ Այդ պատճառով հայ ազգը նրանց փույթը չէր, ոչ հոգում էին, ոչ խղճում. նրանց հոգսը միայն այն էր, որևէ պատճառով հայերին դարձնել մահմեդական կրոնի։ Դրա համար հարձակվեցին քրիստոնյաների վրա արյունարբու, անօրեն, զեխ ու շվայտ մարդիկ, որ մարմնական ցանկությունն ու փափկակեցությունը երջանիկ կյանք են համարում։ Նրանք, որ հայոց ազգից հրաժարվել էին և նրանք, որ բնիկ պարսիկներ էին, նեղում էին, բռնադատում, պիղծ համարում և բռնությամբ էին վարվում քրիստոնյաների հետ։ Նաև քրիստոնյաների զավակներից, որը որ պարսիկներին հաճելի էր թվում, լիներ տղա, աղջիկ, թե հարս, բռնի հափշտակում տանում էին թագավորի տները և անվանում թագավորական ծառա ու այլևս չէին վերադարձնում իրենց տերերին և Քրիստոսի հավատից հանում, դարձնում էին մահմեդական։ Նախ՝ իրենց պղծագործությունների համար, և երկրորդ․ որպեսզի հավելում լինի թագավորական ծառաներին և պարսից ազգին, և երրորդ, որպեսզի առժամանակ հետո այս տարված զավակների պատրվակով գերվեին, գռփվեին, հափշտակվեին նրանց՝ քրիստոնյաների հետնաթող (իրենցից հետո զավակ թողած) ընտանիքների տները, տեղերը, ունեցվածքը և ապրանքը։

Եվ մինչև այսօր ու այս ժամանակը, որի մեջ գտնվում ենք Ջուղայեցիք չգիտեին, նաև բոլոր այն հայազունները, որ գտնվում էին Պարսկաստանում, չգիտեին օձաբարո պարսիկ ազգի նենգաժետությունը, որ կար իրենց հանդեպ։ Եվ այդ իմանալով հեծում, հոգոց են հանում, հալվում ու մաշվում են, որ գուցե ազատվեն պարսից աշխարհից, կամ հայտնի կամ ծածուկ գնան հայոց աշխարհը, բայց չեն կարողանում, քանզի պարսիկները թույլ չէին տալիս իրենց երկրից դուրս գալ, ինչպես որ եգիպտացիք թույլ չէին տալիս իսրայելցի ազգին։ Գուցե տիրոջ նույն բարձրացած բազուկն ու