Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հարկավոր էր խնդիր ուղարկել ամենաբարձր տեղը՝ հենց իրեն՝ ռուսաց թագավորին, ինչպես ասել էր տանուտերը։ Պապիս պատմածը մեզ թվում էր հեքիաթ։ Եվ մինչդեռ տատս ուրախությունից շփոթվել ու անվերջ աղ էր լցնում ապուրի մեջ ու խառնում, մենք զարմացած նայում էինք մեր կարճլիկ, մազը սպիտակ պապին, որի կապույտ աչքերը պայծառացել և վառվում էին հույսի հրճվանքով։

— Պապի, թագավորը նամակդ որ ստանա, ի՞նչ պիտի անի։

— Կկարդա, հրաման կտա պրիստավին, որ Ադամով Եգորին, որտեղ որ է, սաղ-սալամաթ հասցրեք իրեն հորը։

— Բա ո՞նց է գնալու նամակը։

— Էհ, դուք հլա աշխարհքի որտե՞ղն եք... Փոշտ կա, յասաուլ կա, պրիստավ կա։ Տանելու են թագավորի ձեռքին դնեն։ Քյոխվան ասում էր, որ պիտի լավ թղթի վրա գրել տաս, ղալամն էլ ոսկի պիտի լինի, թե չէ ընդունիլ չեն։

Ու մանկական երևակայությամբ պատկերացնում էինք ոսկե գրիչը, որով փայլուն թղթի վրա գրում են պապիս խնդիրքը, բառերը պսպղին են տալիս, նամակը սարերի վրայով և թռչունի թևով հասնում է ոսկե մի տուն, և թռչունը նամակը դնում է թագավորի թախտին։

— Այդ իրիկուն տատս ջոկեց պանրի յուղոտ կտորները, լցրեց մի մորթու մեջ և բերանը կապեց։ Երբ պապս պատվիրեց պոչը ծաղիկ երինջին գիշերը կուշտ խոտ տալ, մենք հասկացանք, որ նա յուղ ու պանրի հետ քաղաք է տանելու և պոչը ծաղիկ երինջին, որը մեր բոլորի սիրելին էր, մեր աչքի լույսը։

Սակայն ոչ ոք չառարկեց։ Առավոտ կանուխ բոլորս ոտքի էինք և մեզնից ամեն մեկն աշխատում էր ավելի շոյել երինջի մեջքը․ խոտի մեջ եղած չոր ծաղիկները ջոկել ու տալ նրան։

Պապս ձիու թամբին կապեց յուղն ու պանիրը և երինջին առաջ արավ։ Դարբասից դուրս գալուց, երինջը ետ նայեց դեպի կիսաբաց դուռը ու բառաչեց։ Գոմից նրան ձայն տվեց նրա պառավ մայրը։

Երբ ձին ու երինջը ծածկվեցին բոստանների պատերի հետևը ու միայն երևում էր պապիս փափախը, որ սև կատվի պես վազում էր պատի վրայով,–մենք մի քիչ էլ կանգնեցինք ու ներս մտանք։

Երկու օր հետո պապս վերադարձավ։ Իր խնդիրքը գրել էր տվել Միրզա Դավիթին և տանուտերի օգնությամբ հանձնել փոստը։ Պոչը ծաղիկ երինջն էլ էր գնացել, յուղն ու պանիրն էլ։ Փոխարենը պապս բերել էր թղթի մի փոքրիկ կտոր, որ նրան տվել էին նամակն ընդունելուց հետո։