Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նազու աղջիկ, լավ տեղ դիր, աչքի լույսի պես պահիր։ Պատասխանն էդ թղթովն ա գալու։ Թե որ կորա՜վ...

Եվ փոքրիկ թուղթը, որ շորի մեջ ամուր փաթաթելուց հետո տատս դրեց սնդուկի մեջ, մեզ համար դարձավ և՛ ամենից թանկը, և՛ ահավորը։

Ի՞նչ կար այդ փոքրիկ թղթի մեջ, ո՞ւր է մեր պոչը ծաղիկ երինջը, մորթեցի՞ն, թե՞ բառաչում է ուրիշի գոմում։ Մտածում էինք այնքան, որ հոգնում էինք, քնում ու երազի մեջ տեսնում երինջին, որ խոտի տեղ ախոռում ուտում էր թուղթ...

Մի ձմեռ անցավ, բայց նամակի պատասխանը չեկավ։ Ամբողջ գյուղը այդ մասին և պապս էլ միամիտ պարծանքով պատմում էր, որ ինքը ռուսաց թագավորին նամակ է ուղարկել։ Մեր տունը հյուր եկողներին նա նկարագրում էր, թե ինչպես է Միրզա Դավիթը խնդիրքը գրել։

— Է՜, մենք էլ ասենք ապրում ենք։ Էնպես ղալամ ունի, որ քարին դնի, քարը կճաքի... Ինձ որ տեսավ, երեսիս նայեց, թե Արություն ապեր, ուզում ես ասեմ, ինչի ես եկել ինձ մոտ։ Ասաց, թե դու ուզում ես, որ թագավորին նամակ գրեմ տղիդ համար։ Մնացի զարմացած։ Օրենքի գրքերը բաց արեց, կարդաց, կարդաց, մինը դրեց, մյուսը վերկալավ, վերջը գտավ։ Ոսկե ղալամը դրեց թղթի վրա... Մի զարմացք էր որ։ Էդպե՜ս էլ գիր, էդպես էլ զորություն...

Ունկնդիրն իր հիացմունքն էր հայտնում Միրզա Դավիթից և նրա գրչից, ինքն իր հերթին անում մի պատմություն նրա իմաստությունից և հնարագիտությունից։

— Ասենք թե անունը միրզա է, բայց ադվակադից էլ գիտուն է։

— Պապի, բա պատասխանը ինչո՞ւ չի գալիս...

— Ա՜յ որդիք, հենց իմանում եք թե թագավորը ունի-չունի էդ հոգսն ունի՞։ Կռիվ կա, ժողովուրդին կերակրել կա։ Օրը ես հազար ասեմ, դու երկու հազար իմացի,—էդքան նամակ ու խնդիրք ա ստանամ։ Հալբաթ մի օր էլ մեր ձեռքը կհասնի... Բա էս թուղթն ինչի՞ համար են տվել։ Էդպես էլ վրան գրած է. Արություն Ադամովից նամակ ռուսաց թագավորի վրա։

* * *

Եկավ գարունը։ Մի օր էլ գզիր Իբիշը ձայն տվեց, որ հարևան գյուղում ժողով կա։

— Թազա պրիստավ են դրել, ա՜յ ժողովուրդ, թազա քյոխվա են ընտրելու։ Տունը մի մա՜րդ...