Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իսկը Սեթը...

− Աչքերը, աչքերը...

− Էս մեր հողերն են... Ա՜յ էն ղամիշները, էն մեր լեռը...

Գիտե՞ր այդ անհայտ նկարիչը Երանի Սեթին և այս գյուղը, նրանց հողերը,− դժվար է ասել։ Գուցե նրա համարձակ երևակայությունը ազատ ճախրել և երկնել էր այդ պատկերը, որպես ամենից հարմարը գյուղական բեմի համար։

Առաջին տպավորությունը մնաց անջնջելի։

Թեթև ծփում էր վարագույրը, սերմնացանը ծալվում էր և ներքևից այնպես էր թվում, կարծես քայլում է սերմնացանը, և գետի զովից օրորվում է եղեգնուտը։ Իսկ խորքում՝ կապույտ մշուշի մեջ հազիվ նշմարելի երևում էր զույգ Արարատը, ինչպես նոյեմբերյան պարզ գիշերներին երևում է գյուղի կտուրներից։

Երկու կին, որոնց ազգական էր պառավ Երանը և նրա նահատակ որդին, ջերմ հավատով ընդունեցին ամբողջ կարծիքը, որ իրոք վարագույրի վրա Երանի Սեթն է։ Նրանցից մեկը վեր կացավ և փոքրիկ ձեռքը մոտեցրեց սերմնացանի բոբիկ ոտքերին։ Կարծես իր ձեռքի ջերմությունն ուզում էր հաղորդել անկենդան պատկերին, իբրև ջինջ սիրո նշան։ Մյուսը և մի ուրիշ կին մեղմ հառաչեցին ու լաց եղան մեռած սերմնացանի համար։ Այդ գիշեր արցունքը սրբագործեց մի ոսկի առասպել։

* * *

Քանի նոյեմբեր անցավ...

Ու դեռ մնում է այն հողաշեն ակումբը, եղեգնյա կտուրով, և ծփում է վարագույրը, և բոց աչքերով մի սերմնացան սև հողերի վրա առատությամբ շաղ է տայիս ոսկի հատիկներ։

Գալիս է արդեն խուլ մի պառավ, եղեգնյա ավելը ձեռքին։ Սրբում է հատակը, զայրանում է աղավնիների վրա, երբ նրանք նստում են պղնձյա աշտարակների վրա, որ դրված են վարագույրի երկու կողմը։ Նա ավլում է ակումբի բակը, ապա նորից ներս է մտնում և մաքուր ձեռքով սրբում վարագույրի փոշին։

Երբ ոչ ոք չի լինում ներսը, պառավ Երանը հանդարտ զրուցում է որդու պատկերի հետ։ Հետո մայրը համբուրում է որդու անկենդան ոտքերը։