և վրան մազի մը չափ բան չձգելով ուտելեն ետքը, սկսավ կտրել անոր լեզուն, որ առաջվնե փրցուցած էր։ Երկու կտորի բաժնելով լեզուն, կեսը ինձ հրամցուց և կեսն ալ ինք ուտել սկսավ։ Հազիվ թե կտոր մը տարավ բերանը՝ երեսը թթվեցուց։
— Ի՞նչ եղաք, հարցուցի իրեն։
— Չգիտեմ, զայս միայն գիտեմ զի (ոչինչ գիտեմ) ոչ կարեմ ճաշակել։
— Անհա՞մ է լեզուն։
— Թուի ինձ լինել նմա անհամ, ի պատճառս վատուժ ոչխարաց հասելոց ի շրջակայից։
— Կարելի է, որ այսօր ճաշակ չունենաք։
— Տէր, են իմ ճաշակք բազումք... այլ լեզուս այս չէ ըստ քմաց իմոց։
— Անանկ է նե աշխարհաբար ըլլալու է անիկա։
— Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, ծա՞ղր առնես դու զերեսուն և եօթնամեա դստերբն արեգական երկնի, որ նախքան զամենեսեանսդ եբաց զդրունս մամլոյ և լուսաւորեաց զՀայս որ ի խաւարի։ Ա՞յպն առնես դու...
— Սա աղամանը ինձի տուր, գինին ալ լեցո՛ւր, երկար մի ըներ...
— Միթե մատռուակ Թատրոնի՞ եմ ես, ո՜հ, ոչ ևս կարեմ հանդուրժել բանից ելանելոց ի բերանոյ սորա... ունել զիս ի մատռուա՜կ... անկլանելի են դոքա որպես Հօլլուեի են այժմ դեղահատը, որոց ծանուցումն ոչ ևս երևի յէջս Արշալուսոյ:
— Գեշ չէ, ուսկի՞ց կառնես կոր այս գինին։
— Զի՞նչ ասես, զի՞նչ խոսիս... զի՞նչ ասեմ քեզ և զինչ պատասխանի տաս և ասեսցիս. չամաչես դու։
— Աֆիոնն ևս ի հանդարտութեան գտանի ընդ փալամուտին...
— Եվ այժմ յարձակիս ի վերայ առևտրականի իմոյ․..
— Մեզե չունի՞ս։
— Աստված... ոհ... ճանըմ, ճաթեցնե՞լ կուզես կոր զիս... գետինը անցնելիք, գրաբարն ալ կորսնցնել տվավ ինձի... դու զիս ո՞վ կարծեցիր, իմ վրաս բան մը գրեն նե՝ շատ կը բարկանամ, գիտե՞ս։
— Թուի ինձի լինել նմա անհամ ի պատճառս լրոց բորբոսելոց հրատարակելոց ի մեջ Արշալուսոյ։
— Հիմա ալ գրաբար կը խոսիս կոր, հեե՜, ըսել է, որ քու միտքդ հետս զվարճանալ է։