Այս վերջին խոսքերուն վրա խնդալ մը բռնեց զիս. խնդալով արթնցա և արթննալես երկու ժամ ետքն ալ դեռ կը խնդայի անկողնույս մեջ այն ծիծաղով, որով կը խնդայի ծայրահեղ աշխարհաբառյանց վրա։
Իմ շնորհակալություններս Արշալույսին։
ԽՄԲԱԳԻՐՆԵՐՈՒ ՄՏՄՏՈՒՔԸ
— Բարի եկար, տեր Խիկա՛ր։
— Բարով տեսանք։
— Քեյֆդ ավրածի պես կերևա կոր, Լրագի՞րը կարդացիր, ի՛նչ ըրիր։
— Լրագի՞ր մի կարդամ... տեր ողորմյա... զապթիեեն կուգամ կոր։
— Տալի՞ք ունեիր։
— Մեզի պես մարդիկ առնելիք տալիք կրնա՞ն ունենալ, մեզի ո՞վ ստակ կուտա, որ տալիք ունենանք, ե՞րբ ստակ ունեցած ենք, որ առնելիք ունենանք, սեիս չենք, որ առնելիք տալիք ունենանք։
— Ինչո՞ւ գացիր ուրեմն զապթիե։
— Ես ալ չգիտեմ ինչու գացի, զապթիեները առին տարին։
— Ի՞նչ ըսին։
— Ըսին, որ մեյ մ՝ալ լրագիր ծախած ատենդ «սանկ լուրեր կա, նանկ լուրեր կա» տեի չպոռաս, ես ալ շատ աղեկ ըսի, առի քալեցի։
— Բայց դուն լրագրածախ չես։
— Ես ալ անանկ գիտեի, որ չեմ, բայց քանի որ զապթիները առին տարին, ըսել կըլլա, որ լրագրածախ եմ եղեր, զապթիեները մեզի չափ չիյտե՞ն մեր ի՛նչ ըլլալը։
— Զարմանալի բան։
— Սովորական բան։
— Ուրիշ ի՞նչ լուր ունիս։
— Սա լուրը ունիմ, որ ես խմբագրական ասպարեզը պիտի թողում։
— Ինչո՞ւ։
— Որովհետև լսածիս նայելով երեսփոխանական ժողովը պիտի որոշե եղեր, որ խմբագիրները հինգ հարյուր ոսկիի երաշխավորություն մը ցցունեն կառավարության։
— Ատ ինչո՞ւ համար։