Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ժամը տասներկուքին կը մոտենա։ Գամիկ աղան անոթի է, ամեն երեկո սորված է ընթրել առ առավելն ժամը կեսին:


— Ելլենք, Մարկոս աղա, եթե կը հաճիք, կըսե Գամիկ աղան։


— Դեռ կանուխ է:


— Տասներկուքին մոտեցավ։


— Առածը չիյտե՞ս. միսաֆիր էվ սահիսլինին գուղուսու տուր:


— Գիտեմ բայց...


— Իմ կըտաս չլմնցավ դեռ։ Ճիշտ երկու շիշ պիտի ըլլա։


— Շատ աղեկ։


Մարկոս աղան կը շարունակե յուր կըտան և Գամիկ աղան յուր անոթությունը։


— Ժամը մինչև քանի՞ն պիտի նստինք հոս, Մարկոս աղա։


— Ինչո՞ւ կաճապարես կոր, բարեկա՛մ, նստինք, խոսինք, տուն երթանք ի՞նչ ընենք հիմա. այս ատեն կուտվի, անասունները կուտեն հիմա... ի՞նչ... դուն։


— Չէ՛, չէ՛, բնավ չէ։


— Եթե անոթի ես, երթանք։


— Չէ, այս ատեն կերակուր կուտվի՞:


— Շիտակ զրուցէ՛, կաղաչեմ. ես կուզեմ, որ ըլլաս դուն, ֆերահլանմիշ ըլլաս... չէ նե, ի՞նչ հասկցա... ես կուզեմ, որ հյուրս քեյֆլենմիշ ըլլա... երթանք, թե որ անոթի ես...


— Չէ՛, չէ՛, բնավ չէ:


— Կրկնեմ, եթե անոթի ես, երթանք:


— Չէ, այս ատեն կերակուր կ՝ուտվի՞։


— Կը կրկնեմ՝ շիտակ զրուցէ՛, կ՝աղաչեմ, ես կուզեմ, որ էյլենմիշ ըլլաս դուն, ֆերահլանմիշ ըլլաս, չենե, ի՞նչ հասկցա... ես կուզեմ, որ հյուրս քեյֆլենմիշ ըլլա. երթանք, թե որ անոթի ես։


— Անոթի չեմ։