Լրագրի մեջ կը կարդանք.
«Պատերազմին տեղն երթալու համար տեղվույս ոստիկանության զորաց կարգերեն պակսողներուն թիվը 5000-ի կը հասնի, որոց թիվը քրիստոնյաներեն և հայերեն պիտի լեցվի մեծ մասամբ։
Մեղք, որ հայերը հերիտիկոս մնացին...
⁂
— Մայրի՛կ, ես ալ զինվոր կը գրվիմ կոր։
— Վայ գլխուդ։
— Ինչո՞ւ։
— Անցյալները շուկային մեջ սոֆթաները տեսնելնուն պես լեղապատառ փախչողներուն առաջինը դուն չէ՞իր։
— Ի՞նչ կ՛ըլլա ատկից։
— Ըսել կուզեմ, որ դուն վախկոտ ես, շուտ կը փախչիս։
— Աղեկ ա՛, կռիվեն փախչելու համար ալ զինվոր պետք է կառավարության. թշնամին փախավ կ՛ըսեն նե ինչ ըսել է։
— Հասկցա, տղաս, հատկապես փախչելու համար քանի մը վաշտ զինվոր ըլլա նե՝ մյուս զինվորներն փախչելու հոգը ձեզի կը թողուն, իրենք գործերնուն կը նային։ Ապրի՛ս։
⁂
Ճանըմ, ինչո՞ւ նստեր ես, չերթա՞ս դուն ալ կեոնյուլլյու գրվիս ու տերության ծառայես։
— Կնիկ, վաթսուն տարու մարդ կեոնյուլլյու կրնա՞ գրվիլ։
— Ինչո՞ւ չպիտի կրնաս գրվիլ։
— Երթալուս պես թնդանոթին բերանը կերթամ, կը մեռնիմ նե։
— Ավելի աղեկ ա՛, պարի ես ալ ուրիշի մը հետ կը կարգվիմ և քիչ մը օր կը տեսնամ։