⁂
Ինչպես թատրոնի, նույնպես ալ քաղաքականության մեջ չխաղացող դերասանները խաղացողներուն չեն հավնիր։
⁂
— Մարգար աղա, խնդիրք մը ունիմ հրամանոցդ, կաղաչեմ որ չէ չըսես։
— Ի՞նչ է։
— Կը խնդրեմ, որ ոսկի մը փոխ տաս ինձի։
— Թողություն կընեք, ես հրամանքդ չեմ ճանչնար։
— Ես ալ անոր համար է, որ հրամանքեդ ուզեցի, վասնզի զիս ճանչցողներուն մեկն ալ չուզեց տալ։
⁂
— Ի՞նչ կընես կոր, բարեկամ։
— Ի՞նչ պիտի ընեմ, ողբերգություն մը կը գրեմ կոր։
— Կատակերգություն մը ինչո՞ւ չես գրեր։
— Մոլիերը կարդալես ի վեր կատակերգություն չեմ գրեր։
— Կերևի որ Ռասինը դեռ կարդացած չեք։
⁂
— Կիրակոս աղա, աչքի ցավդ ի՞նչպես եղավ, հիմա աղեկ կը տեսնա՞ս կոր։
— Քեռորդվույս կարծիքն ան է, թե հիմա առաջվնե ավելի լավ կը տեսնամ։
⁂
Ձանձրալի մարդու հետ գլուխ չելլվիր։
Թորոս աղան գլուխ ցավցնել շատ կը սիրե։
Առջի օրը իր բարեկամներեն մեկուն տունը կերթա։
— Աղան հո՞ս է։
— Հոս է, բայց կը քնանա կոր։
— Շատ աղեկ, կսպասեմ, որ ելլա։
Ծառան վեր կելլա ու նորեն վար կուգա։
— Տերս հիվանդ է։
— Զրուցե, որ գեղ մը կընեմ իրեն:
Ծառան կերթա կուգա: