Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ պատմում է նաև Սեբեոս եպիսկոպոսը[1], և հիշատակում է Անանիա Շիրակացին[2]:

Մեր հին թարգմանիչներն օտար աստվածների ու դիցազների անունների տեղ դնում են համապատասխան հայկականները, կամ, ընդհակառակն, ինչպես՝ Զևս—Արամազդ, Ափրոդիտե—Աստղիկ, Հերակլես—Վահագն, այսպես և Օրիոն—Հայկ: Այս ցույց է տայիս, որ հսկա դիցազն Հայկն իր էական գծերով նման է եղել Օրիոնին: Աստվածաշնչի մեջ Օրիոն համաստեղությունը թարգմանված է Հայկ անունով: Այժմ ևս մի քանի կողմերում, ինչպես և մի ժողովրդական երգի մեջ, գտնում ենք Խէկ = Հայկ անունը նույն համաստեղության համար: Օրիոնը, հունական առասպելաբանությամբ, մի քաջ և անխոնջ որսորդ է, ծովի աստված Պոսիդոնի որդին, մի վիթխարի հասակով հսկա, բացառիկ ուժի և գեղեցկության տեր, Էոսի—Արշալույսի սիրականը: Նա համարձակվում է մերժել Արտեմիսի սերը և կամ սկավառակ ձգելիս մրցության է հրավիրում նրան: Դրա համար այդ դիցուհին պատժում է նրան, կծել տալով մի կարիճի, որից և մեռնում է հսկան: Բայց հետո անմխիթար մնալով նրա կորսաի համար, դիցուհին նրան փոխադրել է տալիս երկինք, ուր նա կազմում է ամենափայլուն համաստեղություններից մեկը: Հայկը նույնպես մի գեղեցիկ «դիւցազն» է, «գեղապատշաճ և անձնեայ, քաջագանգուր, խայտակն և հաստաբազուկ», «ի մէջ սկայիցն քաջ և երևելի»: Ապա՝ Հայկին իբրև որսորդ է ներկայացնում և Բելի նրան ուղղված խոսքը Սեբեոսի մեջ. «Կեաց ի տան իմում խաղաղութեամբ, ունելով ի գործս զմանկունս ի տան իմոյ զորսականս»: Հայկն և Օրիոնը, ուրեմն, նման նկարագիր ունեն. բայց Հայկի առասպելը, այսինքն առասպելի գործողությունը տարբեր է Օրիոնի մասին պատմվածից:

Հայկը չկամենալով ենթարկվել բռնակալ Բելին՝ իր զավակներով հեռանում է հյուսիս: Բելը հսկաների բազմությամբ գալիս, հարձակվում է նրա վրա, որպեսզի նրան էլ ստրկացնի: Բայց Հայկն իր սակավաթիվ մարդկանցով ելնում է նրա դեմ, կռվի մեջ նետահար անում նրան, ցրվում նրա ամբոխը և ազատում իր երկիրը, որ իր անունով կոչվում է «Հայք»:

  1. «Սեբէոսի եպիսկոպոսի Պատմութիւն», ի ձեռն Ստ. Մալխասեանց, Երևան, 1939, էջ 2-5:
  2. Անանիա Շիրակացի, Տիեզերագիտություն և Տոմար, աշխատությամբ Աշ. Աբրահամյանի, էջ 76 (գլուխ ԽԲ). «Հայկ ոմն անուն աղեղնաւոր հսկայ՝ յազգէ Յաբեթի որդւոյ Նոյի, եկեալ ի Բաբիլոնէ՝ տիրեաց Հայոց: Եւ բնակեալ ի Հայս, և յանուն նորա կոչեցան Հայք. նոյնպէս որդւոց և դստերաց իւրոց եդ անուանս. զոր առեալ Հայոց զանուանս ուստերաց և դստերաց նորա՝ եդին ի վերայ ամսոցդ՝ վասն մեծարանաց հորն և զաւակացն, և են այսոցիկ՝ Նաւասարդի, Հոռի, Սահմի և Մահեկի, Արեգ և Մարերի, դստերք էին Հայկին: Տրէ, Քաղոց, Արաց և Հրոտից որդիք էին Հայկին: Իսկ Մարգաց և Հարաւանց, զոր այժմ Ահկի կոչեն, այս ի գործոց անուանեցան. զի ընդ այն ժամանակս ամառնայինք էին սոցա»: