Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2. Զրույցի առասպելաբանական ծագումը:– Այս առասպելն իր էական գծերով մի այնպիսի պատմվածք է, որ շատ տարածված է: Դրա նմանները կան շատ ազգերի, ինչպես և մեր գրականության մեջ, թե՛ իբրև պատմական զրույցներ և թե՛ իբրև առասպելներ: Դրա նման են, օրինակ, հրեական Դավթի ու Գողիաթի կռիվը, մեր Սասունցի Դավթի ու Մսրամելիքի կռիվը, այլև հսկա Սամի ու Քերքույիի կռիվը Շահնամայի մեջ, և Շվեյցարական Տելի զրույցը: Տելն էլ որսորդ և քաջաձիգ աղեղնավոր է, նա էլ Շվեյցարիա մտնող բռնակալին սպանում է իր նետով և ազատում իր երկիրը: Այս զրույցը պատմվում է նաև աստվածների, օրինակ, սկանդինավական Օդհին աստծու համար: Նա, աստվածների, հավանորեն և մարդկանց հայր, հանդես է գալիս ոչ միայն իբրև մի զորավար, որ իր զորքի գլուխն անցած՝ կռվում է թշնամի զորքի դեմ, այլև իբրև մի կատաղի որսորդ, որ նույնպես նետ-աղեղ է բանեցնում և կռվում է խավարի բռնակալների դեմ: Նրա գերեզմանը շատ տեղ ցույց էին տալիս Գերմանիայում, ինչպես մեզնում՝ Բելի գերեզմանը[1]: Այս շատ տարածված զրույցը, ըստ առասպելաբանների, բնության մի առասպել է, որ իր հիմքն ունի այն աշխարհայեցության մեջ, որ նախնական մարդիկ ունեին բնության երևույթների, լույսի ու խավարի վրա: Դա լույսի կռիվն է ընդդեմ գիշերվա և ձմեռվա խավարի, որ մանուկ ազգերն ըմբռնել են իբրև մի աստվածային աղեղնավորի կռիվ, մի բարի աստծու, մարդկանց հոր կռիվն ընդդեմ մարդկանց թշնամի չար ոգու: Եվ այնուհետև բանաստեղծել շարունակելով և կատարելապես մարդկային կերպարանք տալով, մարդկային հարաբերությունների անդրապատկերումով, դարձրել են այդ կռիվը քաջաձիգ աղեղնավորի կռիվ բռնակալի դեմ, որ հարձակվում ու ստրկացնել է ուզում ուրիշներին: Բայց աղեղնավորն սպանում է նրան: Հայկի առասպելն էլ նույն քաջաձիգ աղեղնավորի կռիվն է բռնակալի դեմ, դրա մեջ ևս կենտրոնը կազմում է քաջ նետաձգությունը, դրսից խուժող թշնամուն նետով սպանելը և իր երկիրն օտար բռնավորից ազատելը:

3. Պատմականը հայոց նախնի Հայկի առասպելի մեջ:– Հայկի առասպելը, որ ծագած է ընդհանուր առասպելաբանական աշխարհայեցությունից, կապվել է հայոց նախնական պատմության հետ, և հին առասպելական աղեղնավորը դարձել է հայոց նախնին, կամ հայոց պաշտելի նախնին նույնացել է աստվածային աղեղնավորի հետ: Եվ իսկապես, այդ առասպելը մեզ տանում է ամենից առաջ այն նախապատմական դարը,

  1. Հայկի առասպելի վիպական ծագումը երևում է հատկապես և այս կտորից. «Իսկ զբլուրն, ուր քաջամարտկօքն անկաւ Բէլ, անուանեաց Հայկ Գերեզմանս, որ այժմ ասին Գերեզմանակք: Բայց զդիակն Բելայ պաճուճեալ իմն դեղովք… հրամայէ Հայկ տանել ի Հարք և թաղել ի բարձրաւանդակ տեղւոջ, ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց» (Խոր., Ա. 11): Հին գերեզմանները սովորաբար բարձրավանդակ տեղերում են շինված, և շատ հին ու նոր ազգերի մեջ, ինչպես և Հայաստանում, ցույց են տալիս (սովորաբար բարձր տեղերում) մի տեղ հսկայի— օղուզի կամ ազնավուրի գերեզման կոչմամբ, որ պաշտամունքի առարկա է: