Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կատարվում է այսպես կոչված «առաջին կրոնական պատերազմը» Պարսից տերության դեմ: Այդ երկի վերնագիրն է ըստ տպագրությունների՝ «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին, Դաւթի երիցու Մամիկոնի հայցեալ»: «Մամիկոնի» անունը պարզապես աղճատված է և պիտի լինի «Մամիկոնենի»: Վերնագրի մեջ հետագայում է ավելացրած «Վարդանայ» բառը, անշուշտ Վարդան սպարապետի անվան բարձրացման համար: Ավելի ևս ուշ ժամանակում, ինչպես և այժմ, պատերազմը կոչվել է նաև «Վարդանանց պատերազմ»: Ինքը հեղինակը, սակայն, սկզբի ընծայականի մեջ իր գրքի վերնագրի մասին հիշում է առանց «Վարդան» անվան. «Բանն զոր պատուիրեցեր՝ արարի, ո՛վ քաջ. վասն հայոց պատերազմին հրամայեցեր, յորում բազումք առաքինացան քան զսակաւս»:

Թե ո՛վ է եղել, Մամիկոնյան Դավիթ Երեցը՝ այդ հայտնի չէ: Ընծայականի մեջ Եղիշեն շատ գովում է նրան, համարելով նրան տեր «երկրաւոր առատ գիտութեան», «մեծ ի գիտութեան Աստուծոյ». մի մարդ որ,- ասում է նա,- ոչ թե պիտի հրամայեր Եղիշեին գրել, այլ ուրիշ լավագույնները նրան պիտի հրամայեին այդ անել: Այստեղից իմացվում է, որ Դավիթ Երեցը ժամանակի գիտուններից է, գուցե և թարգմանիչներից մեկը: Թվում է, թե Եղիշեն իր մասին էլ տեղեկություն է տալիս հետևյալ խոսքով. «Որպէս երևի ինձ և այնոցիկ որ դեգերեցին յիմաստասիրութեան՝ երկնաւոր սիրոյ է ի քեզ այս նշանակ, և ոչ երկրաւոր փառասիրութեան»: Նա էլ պարապել է իմաստասիրությամբ, գիտություններով, և ժամանակի գիտուններից մեկն է, և իզուր չէ, որ նրան կոչել են «վարդապետ»: Այդ երևում է և նրա գրական աշխատություններից: Լոկ մի համեմատության խոսք է, որ նա դիմելով Դավիթ Երեցին՝ գրում է. «Եւ մեր իսկ հայեցեալ ի սուրբ սէր քոյոյ հրամանիդ՝ ոչինչ դանդաղեալ վեհերեցաք հայելով ի մեր տգիտութիւնս…յօժարութեամբ ձեռնարկեցաք զայս ինչ»:

Եղիշեն պատմությունը վերջացնելուց հետո է գրել այս հետաքրքիր ընծայականը: Այստեղ նա թվում է իր երկի յոթն «գլուխների» կամ «յեղանակների» վերնագիրները. բայց վերջից կա նաև «Արտաքոյ եւթն յեղանակին ութերորդ», որ անշուշտ հետո է ավելացրել: Դրա մեջ պատմվում է. «Վասն չարչարանաց սուրբ քահանայիցն և նահատակութեան», «Վասն խոստովանողացն Հայոց Խորենայ և Աբրահամու», «Անուանք նախարարացն որք կամօք յօժարութեամբ վասն սիրոյն Քրիստոսի ետուն զանձինս ի կապանս արքունի»: Վերջինս իսկապես այդ նախարարների մասին պատմությունն է, որ վերջից նկարագրել է նրանց և պատերազմի մեջ ընկածների կանանց վիճակը:

4. Պատմիչը:- Եղիշեի մեծ երկի գեղեցիկ ձևից տարվելով՝ մեկն այդ անվանել է բանաստեղծություն, մի ուրիշը՝ վիպասանություն, մի երրորդն էլ՝ ներբողյան: Բայց դա ամենից առաջ պատմություն է, 5-րդ դարի մեծ ռազմական գործի- «Հայոց պատերազմի» պատմությունը, և Եղիշեն ինքը պատմիչ է: Իբրև այնպիսին՝ նա մեծ վարպետ է և իր գործին