Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանի: Կորյունը պատմում է, որ երբ Մաշտոցն անցնում է Արևմտյան Հայաստան «վասն կէս ազգին Հայոց[1], որ էր ընդ իշխանութեամբ թագաւորին Հռոմոց», նա պատիվներ է ստանում ի թիվս ուրիշների «ի սպայապետէն աշխարհին»: Սա Մաշտոցի մտադրությունը գրով իմաց է տալիս կայսրին։ Ապա Մաշտոցն իր աշակերտների բազմությունը թողնում է Մելիտինե քաղաքում և Դերջանի եպիսկոպոսին հետն առնելով՝ գնում է Կոստանդնուպոլիս: Երբ նա կայսերական հրովարտակով վերադառնում է, ներկայանում է «սպարապետին Հայոց»— Հայաստանի սպարապետին: Սա էլ կայսրի հրամանն ստանալով՝ մարդիկ է ուղարկում «ի գաւառս կէս ազգին Հայոց՝ յիշխանութանն կայսեր», մանուկներ ժողովում սովորեցնելու և այլն: Որ Մաշտոցն իր աշակերտներին թողնում է Մելիտինե քաղաքում, ուր նստում էր Հայաստանի դուքսը, դրանից երևում է, որ Կորյունը «Հայաստանի սպարապետ» անունով կոչում է Մելիտինեում նստող Հայաստանի դուքսը: Ապա՝ որ «Հայաստանի սպարապետն» է Մաշտոցի մտադրությունը գրով իմացնում կայսրին, և կայսրը հրովարտակը նրան է ուղղում «վասն մանկտոյն յաշակերտութիւնն առ ի կէս ազգին Հայոց ժողովելոյ», և նա, սպարապետն է մարդիկ ուղարկում «ի գաւառս կէս ազգին Հայոց», այդ ցույց է տայիս, որ Հայաստանի սպարապետն առանձին իրավունքների տեր է եղել ոչ միայն Երկրորդ Հայաստանի վրա, այլև մյուս հայկական մարզերի վրա, և մինչև որ նա կայսրից հրաման չի ստացել, չի թույլ տվել հայկական դպրություն սովորեցնել Արևմտյան Հայաստանում ընդհանրապես։

Եղիշեի հիշած Ստորին Հայոց սպարապետը, որ Արևելյան Հայաստանի մարզպան Վասակի իրեն ուղղած գրությունը նույնպես ուղարկում է Կոստանդնուպոլիս, ուրիշ պաշտոնյա չէ, բայց եթե Կորյունի հիշած «սպարապետն Հայոց», հարկավ, պաշտոնատար անձը, ոչ նույնը։ Այսպես ուրեմն, Հուստինիանից շատ առաջ եղել է «Հայաստանի դուքս», որ մեր մատենագիրները՝ Կորյուն և Եղիշե հայերեն «սպարապետ» բառով են թարգմանում։ Վարդանանց պատերազմի ժամանակ 450 թ. այդ պաշտոնը, ըստ Եղիշեի, վարել է Վասակ Մամիկոնյան անունով մի իշխան: Հայերը, որ թուղթ էին ուղարկել ուրիշների թվում և «առ մեծ սպարապետն Անտիոքայ»[2], նույն խնդրի համար գրավոր հարաբերության մեջ են մտել բնականաբար նաև Մելիտինեում նստող «Հայաստանի դուքսի»-Հայաստանի սպարապետի հետ։

3. «Վասն Հայոց պատերազմին»։— Եղիշեի անունով մեզ հասել են մի շարք աշխատություններ[3]։ Նրա հռչակավոր մեծ երկն է այն գրական հիշատակարանը, որի մեջ գրված է մի 35 տարվա պատմություն հայ Արշակունի հարստության անկումից հետո մինչև 464/465 թվականը, երբ

  1. Նկատել «կէս ազգին Հայոց» ասությունը, որ կրկնում է Կորյունը. Ներքին Հայաստանը և Սատրապությունները միայն մի փոքր մասն էին հայերի, իսկ Փոքր Հայաստանի հետ՝ հայերի կեսը։
  2. Եղիշէ, էջ 193. Ղ. Փարպեցի, էջ 134, 180։
  3. «Եղիշէ վարդապետի մատենագրութիւնք», Վենետիկ, 1859. «Բան խրատու յաղագս միանձանց», «Մեկնութիւն Յեսուայ և դատաւորաց», «Աղօթք որ ասէ Հայր մեր որ յերկինս», «Ի մկրտութիւն Քրիստոսի», «Ի Թափոր լերին յայտնութիւն տեառն», «Ի չարչարանսն Քրիստոսի», և ուրիշները: Այս աշխատությունները մեծ մասամբ մեկնողական ճառեր են, որոնց մեջ փայլում է դրանց հեղինակի ճարտասանական արվեստը։ Ոճական կողմից ազդված է Փիլոն Եբրայեցուց։ Աչքի է ընկնում «Միանձանց» խրատը, որի մեջ ներբողվում է աշխարհից քաշված ճգնությունը և մեջը կան նաև ակնարկներ հեղինակի կենսագրության մասին, ինչպես հետևյալը. «Ամենայն չարիք եկին հասին յաւուրս մեր. կենդանեաւ մերով տեսաք զդիակունս անձանց մերոց։ Քաջ նահատակքն մեր անկան ի պատերազմի և սուրբ քահանայք մեր խողխողեցան ի ձեռաց անօրինաց. գեղեցիկ երիտասարդքն զենան ի սպանումն» և այլն։