Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նվիրված է Դավիթ Բեկին։ Ինչպես երևում է, Չամչյանը իր տեղեկությունները քաղել է մի այնպիսի գրքից, այնպիսին է պ. Դուլամիրյանցի հրատարակությունը, որովհետև երկուսի բովանդակության մեջ մի նշանավոր տարբերություն չենք գտնում։

Թե առաջին և թե երկրորդ պատմությունը, կրկնում եմ, թերի ու անկատար են։ Նրանց մեջ կան ահագին բաց մնացած տեղեր, որ անցքերի ամենագլխավորն են։ Օրինակի համար, այդ պատմությունների մեջ ամենևին հիշատակություն չկա, թե Սյունյաց աշխարհի հայոց ապստամբությունը ինչ կապ ուներ Պետրոս Մեծի Պարսկաստանի արշավանքների հետ կամ ինչ դեր էին խաղում այդ ապստամբության մեջ ռուսները, և կամ որ աստիճան հայերը իրանց զենքով ու խելքով նպաստեցին ռուսաց հաջողության գործին կասպիական ծովեզրյա երկրները տիրապետելու ժամանակ։

Այդ ժամանակի անցքերի ամենամեծ մասը մնացել է թաց մեր ազգային պատմության մեջ։ Հայտնի է, որ Ղարաբաղի հինգ ժառանգական մելիքությունները Գյուլիստանը, Ջրաբերդը, Խաչենը, Դյուզախը և Վարանդա — այդ ժամանակ կազմում էին մի դաշնակցական միություն, որ ռուսաց ակտերի մեջ[1] հայտնի է անունովս «Армянское собрание»: Այդ միությունը ուներ մոտ հազար զինված մարդիկ, որոնք մի հոգով աշխատում էին վերականգնել Սյունյաց աշխարհում հայոց անկախ իշխանություն։ Միության առաջնորդներն էին` Գանձասարի Եսայի և Ներսես կաթողիկոսները, Մելիք֊Ավան խանը, Մելիք֊Եգանը, Ավան֊Յուզբաշին, Մելիք-Բազին, տեր Անտոնը և ուրիշ շատեր։ Դրանք անդադար բանակցություններ ունեին թե Պետրոս Մեծի, թե նրանից հետո Եկատերինա 1-ինի հետ, դեսպաններ էին ուղարկում» Պետերբուրգ, Մոսկվա և դրանց անունով մենք գտնում ենք մի շարք հրովարտակներ, որ գրված են Պետրոս Մեծից ու նրա հաջորդներից, որ վերաբերում են հայոց շարժման գործին։ Բայց այդ բոլորի մասին լուռ է մեր պատմությունը։ Նա մինչև անգամ չէ հիշում անունները այն երևելի դիպլոմատների, որպես էին Իսրայել Օրին և նրա ընկեր Մինաս վարդապետը, որոնք, բացի Ռուսաստանից, եվրոպական այլ պետությունների դռներն ևս անդադար բախում էին հայոց անկախության գործը աջողացնելու համար։ Մելիք֊Ավան֊խանը (Հովհաննես իշխանը), որ հիշյալ միության

  1. Собрание актовь, чносящихся к обозреник истории армянского народа», տպված Մոսկվայում 1833