Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարագլուխն էր, որի անունով կայսրները հրովարտակներ և շահերը ֆիրմաններ էին ուղարկում, այդ երևելի հերոսը, և միևնույն ժամանակ քաղաքագետ անձը, մեր պատմության մի քանի տողերի մեջ հայտնվում է ինչպես մի ստվեր և իսկույն անհետանում է։ Մեր պատմությունը համառոտ տեղեկություններ է տալիս միայն Ղափանի մեջ կատարված անցքերի մասին, որոնց պարագլուխն է Դավիթ Բեկը։

Ինձ նպատակ դնելով ռոմանի ձևի մեջ ամփոփել և ժամանակի պատմությունը, շատ պարզ է, որ մեծ աշխատությունների և ահագին դժվարությունների պիտի հանդիպեի բոլոր հարկավոր նյութերը ձեռք բերելու համար: Ես այս աշխատությունը, եթե ոչ բոլորովին, գոնե մասամբ լրացրի օտար աղբյուրներից օգուտ քաղելով։ Բայց ինձ դեռ բավական տեղեկություններ մնում են պակաս։ Այս պատճառով ես ընդհատեցի «Դավիթ Բեկի» հրատարակության շարունակությունը «Մշակի» մեջ, դիտավորություն ունենալով անձամբ ճանապարհորդել Սյունյաց աշխարհում և այդ վեպի մնացած մասները իր տեղում մշակել։

Իմ ճանապարհորդության նպատակը ոչ միայն «Դավիթ Բեկը» կատարելագործելն է, այլ, որքան հնար է, նյութեր հավաքել Դավիթ Բեկից հետո հայտնված մելիքների կյանքից և գործունեությունից, որոնք կարող էին ծառայել ինձ առանձին պատկերներ ստեղծելու։ Որքան թանկագին է մեզ համար այդ ժամանակների հերոսների հիշատակը անմահացնելը, այնքան ցավալի կորուստ է, երբ նրանք կմոռացվին, կանհետանան մեր անհոգությունից։

Իմ ճանապարհորդությունը կտևե մի քանի ամիս։ Եթե կհաջողվի ինձ հավաքել իմ ցանկացած բոլոր տեղեկությունները, ես կկազմեմ Ղարաբաղի մելիքների ամբողջ պատմությունը, սկսյալ Դավիթ Բեկից մինչև վերջին ժամանակները: Որովհետև այդ գործը ձեռնահաս անձինքների օգնությանը կարոտ է, այս պատճառով, ես հրապարակավ դիմում եմ այն բոլոր պարոններին, որոնց մոտ կան թե գրավոր և թե բերանացի տեղեկություններ, խնդրելով, որ բարեհաճեն հաղորդել ինձ: Ես այլապես անկարող եմ վարձատրել ինձ օգնողներին, միայն իմ գրքի առաջաբանի մեջ կհայտնեմ անունները այն բոլոր անձինքների, ումից ինչ տեսակ նյութեր որ ստացած լինեմ։

Առայժմ իմ հրապարակական շնորհակալությունը հայտնում եմ պոլկովնիկ Հ. Գ. Լազրովին, որ ոչ սակավ օգնեց ինձ Դավիթ