Էջ:Shirvanzade I hator.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայր։ Անցավ և ատելությունր․ Ռոստամյանը սկսեց կարեկցել ծերունու դժբախտությանը։ Այժմ այս փոփոխական զգացմունքների տեղը բռնեց ամոթի զգացմունքը։ Նա ամաչում էր Մինաս Կիրիլլիչից և վերջին օրերն աշխատում էր խույս տալ նրանից, չտեսնել նրան։

Բայց խույս էր տալիս հորից, իսկ աղջկա՞ն․․․ Պիտի տեսնվել Վարվառեի հետ առանձին։

Այս նպատակով Ռոստամյանն աշխատում էր որսալ մի հարմար ժամ։ Եվ ահա, հասավ ցանկալի պահը։ Երբ Մինաս Կիրիլլիչը դուրս գնաց, Ռոստամյանն հետևից նայեց, մինչև որ նա անհետացավ փողոցի ծայրում։ Դեպքը հաջող էր․ այրին ևս տանը չէր։ Գավթում աղախինը Ռոստամյանին հաղորղեց, թե «պարոնը» ուշ կվերադառնա։ Առաջին պահ պատշգամբի վրա նրան տիրեց մի անսպասելի վհատություն։ Նա հետ դարձավ և, մի քառորդ ժամ տատանվելուց հետո վճռեց, վերջապես, հարմար ժամը բաց չթողնել։

Եվ ահա Ռոստամյանը Վարվառեի մոտ էր, միայնակ, դեմ հանդիման։

Առաջին հայացք Վարվառեի անսովոր սառնությունը նրան ապշեցրեց։

— Բարև ձեզ,— ասաց նա, մի քանի քայլ առաջ դիմելով։

Վարվառեն հանդարտ դրեց յուր ձեռը նրա ափի մեջ և լուռ ցույց տվեց բազկաթոռներից մեկը։

— Հուսով եմ, որ իմ այցելությունն անժամանակ չեք համարի,— շարունակեց Ռոստամյանը, նստելով նրա դեմ։

— Ընդհակառակը․․․— պատասխանեց Վարվառեն, կարծես, ակամա։

Երկուսն էլ սովորականից դուրս գունաթափ էին, երկուսի սիրտն ևս ալեկոծում էր և երկուսն էլ աշխատում էին արտաքին սառնությամբ քողարկել իրանց հուզմունքը։ Այս նրանք նկատեցին միմյանց դեմքից։ Ահա ինչու մի քանի րոպե նրանք չգիտեին ինչ խոսել։ Վերջապես, ծանր լռությունն ընդհատելու համար, Վարվառեն հարցրեց Ռոստամյանին գործերի մասին։

Ոչինչ գործ այժմ չի հետաքրքրում նրան։