Էջ:Shirvanzade I hator.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ,— հարցրեց Վարվառեն։

Ռոստամյանը ոչինչ չպատասխանեց։ Նրանք դարձյալ լռեցին։ Ռոստամյանը, կարծես, վախենում էր նայել Վարվառեի երեսին։ Թվում էր նրան, որ յուր ամեն մի հայացքը պարզ պատկերացնում է այն, ինչ որ զգում էր նույն րոպեներին։ Այնինչ՝ նրա դրությունը հետզհետե ավելի դժվարանում էր։

— Ո՞րտեղ է Մինաս Կիրիլլիչը,— հարցրեց նա։

— Գնացել է գերեզմանատուն,— պատասխանեց Վարվառեն ժպտալով։

— Ճշմարիտ, երեկ և այսօր մեռելոց է, տեր աստված, ի՛նչպես մարդ հետզհետե մոռանում է քրիստոնեությունը,— ասաց Ռոստամյանն անկեղծ համոզմունքով։

— Այո՛, մոռանում է,— գրեթե անգիտակցաբար արտասանեց Վարվառեն։

Միևնույն ժամանակ, Վարվառեն աշխատեց ծիծաղել, բայց նրա ձայնի մեջ, փոխանակ ծիծաղի, զգացվեց մի անզսպելի դողոց։ Նա շարունակեց մռայլ եղանակով։

— Հայրս առաջարկեց ինձ յուր հետ գնալ, ես մերժեցի։ Իսկ դուք սովորություն ունի՞ք, պարոն Ռոստամյան, այս օրերում գերեզմանատուն այցելելու։

— Այս օրերում — ոչ, բայց սիրում եմ այցելել, երբ տխուր եմ լինում։

— Երբ տխո՞ւր եք լինում։

— Գուցե ձեզ համար ծիծաղելի լինի, Վարվառա Մինայեվնա, ես տխրությունս փարատում եմ տխրությամբ։ Գերեզմանատանը զգում եմ անբացատրելի հոգեկան թեթևություն․․․

— Այդ մասամբ հասկանալի է,— ընդհատեց Վարվառեն թախծալի ձայնով։

— Հասկանալի՞ է,— կրկնեց Ռոստամյանը, ներքուստ ուրախանալով և, միևնույն ժամանակ, մի առանձին ոգևորությամբ ներշնչված։— Հասկանալի է, այո, երբ դառնացած սրտով նայում ես այնտեղ աջ ու ձախ, լուռ ու մռայլ գերեզմանները, կարծես, քեզ պարգևում են մի տեսակ մխիթարություն։ Ես միշտ այնտեղից վերադառնում եմ ավելի ուրախ, թեթևացած սրտով, քան գուցե