Էջ:Shirvanzade I hator.djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրիշները մի զվարճալի հանդիսից։ Ինչի՞ցն է այս․․․ Գուցե նրանից, որ ճակատագիրն ինձ մանկության հասակից ստիպել է սիրել մեռելների հանգստարանը, սիրել, երբ այնտեղ հանգչում են իմ սիրելի էակների մարմինները․․․

— Ի՛նչ տխուր խոսակցություն սկսեցինք,— ասաց Վարվառեն, երբ Ռոստամյանը հանկարծ լռեց, ասաց և ինքը հազիվ զսպեց յուր հառաչանքը։

Այնինչ Ռոստամյանի թախծալի խոսքերը թափանցեցին նրա սրտի խորքր, ըստ որում մռայլ խոսակցությունը համապատասխանում էր նրա հոգեկան տրամադրությանը։ Նա անկեղծ ցավակցությամբ նայեց Ռոստամյանի երեսին, նայեց և իսկույն աչքերը խոնարհեցրեց, գլուխը թեքեց դեպի կուրծքը։ Եվ նրա այտերը շառագունեցին։ Ռոստամյանի շրթունքները դողդողում էին․ նա հազիվ կարողանում էր խեղդել յուր ներքին ալեկոծությունը։

«Նա տանջվում է, ես ի՞նչպես հայտնեմ նրան իմ միտքը»,— մտածում էր Վարվառեն, չհամարձակվելով նայել Ռոստամյանի երեսին։

Չէ՞ որ նա դեռ մի տասը րոպե առաջ վճռել էր հայտնել, թե այսուհետև անկարելի է, որ նրանք միմյանց տեսնեն։ Չէ՞ որ հենց այս դիտավորությամբ նա հրամայեց աղախնին ներս հրավիրել նրան։ Իսկ ա՞յժմ․․․ ի՞նչպես կատարել այդ վճիռը — ահա հարց, որի մասին սառն խորհելու ուժ չուներ Վարվառեն, քանի որ մի այլ, ավելի զորեղ զգացմունք հետզհետե խավարեցնում էր նրա միտքն ու հոգին․․․

Գավթում ամեն ինչ խաղաղ էր, նույնիսկ աղախինը, որ սովորաբար անցուդարձ էր անում պատշգամբի վրա, չէր երևում։ Լսվում էին միայն պատշգամբի առաստաղի տակ թռչկոտող ծիծեռնակների ձայներն և երբեմն հեռավոր փողոցներից անցնող կառքերի խուլ դղրդյունը։ Լուսամուտների ապակյա փեղկերը փակ էին։ Վարվառեն վեր կացավ, բաց արավ փեղկերից մեկը։ Արևի ջերմ ճառագայթներով տոգորված մաքուր օդը թարմ հոսանքով մղվեց սենյակի անշարժ մթնոլորտի մեջ, մեղմիկ շոշափելով Վարվառեի գունատ դեմքը։

Նա կրկին վերադարձավ յուր տեղը։ Ռոստամյանը, անշարժ