Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

[Ձեզ կթողնեմ] Ասորվոց կողմերից Արվաստանը, Մծուրնը և Նուշիրականը, մինչև արաբական սահմանը, իսկ ես իրավունք չեմ ունենա Զարասպից այդ կողմ անցնելու։ Ձեզ կուղարկեմ Արյաց թագավորության գանձերից այնքան, մինչև որ ասեք՝ շատ է: Կուղարկեմ նաև մեծաթիվ զորք, որչափ որ հարկավոր լինի ձեզ, մինչև որ ձեր թագավորությունը հաստատ լինի»։ Ապա երդվեց իրենց սովորությամբ, աղը ծրարեց հրովարտակի մեջ և ուղարկեց: [Հայերը] վերցրեցին և ընթերցեցին այն, բայց պատասխան չտվեցին հրովարտակին։

[Վահրամը] գրում է նաև երկրորդ նամակը և ասում. «Ձեզ գրեցի, որ հեռանաք դրանից, ուրեմն չեք կամենում լսել ինձ։ Խղճում եմ ձեզ, քանզի վաղն առավոտյան ձեզ ցույց կտամ սպառազինված փղերի և նրանց վրա նստած զինավառ քաջերի, որոնց ամուր լարված աղեղներից ձեզ վրա կտեղան երկաթե նետեր, պողպատե սլաքներով տեգեր, ինչպես նաև բազմաթիվ բռունցքներ՝ որքան որ ձեզ և Խոսրովին հարկավոր կլինի»։

Մուշեղը գրեց նրան այսպես. «Քո խոսքերը լսեցի և ասում եմ, որ թագավորությունն աստծունն է, և ում կամենա, տալիս է: Բայց դու պետք է խղճաս ոչ թե մեզ, այլ քո անձին, որովհետև տեսնում եմ որ պոռոտախոս մարդ ես և խրախուսվում ես ոչ թե աստծուց, այլ քո անձի, զորքի ու փղերի շատությամբ։ Բայց ասում եմ քեզ, որ եթե տերը կամենա, վաղը ևեթ քեզ շրջապատել կտա քաջ պատերազմողներով, կճայթեն քեզ վրա, ինչպես ամպը երկնից, և նիզակները բռնած կանցնեն քո բազմության միջով, ինչպես փայլատակող կայծակի հուրը։ Քանզի եթե աստված կամենա, հողմը կքշի կտանի քո զորությունը, իբրև փոշի»։ Այնտեղ էին Վնդոն, Վստամը և պարսից զորքը՝ մոտ 8000 հեծյալներ, չհաշված հունաց և հայոց զորքերը։ Առավոտյան, երբ արեգակը միայն առաջին ճառագայթներն էր արձակել, սկսվեց սաստիկ պատերազմ։ Իրար դեմ-դիմաց կանգնած ուժեղ զորագնդերը բախվեցին սաստկությամբ և միմյանց խաոնվելով, առավոտից մինչև երեկո կռվեցին միմյանց դեմ արիությամբ։ Երկու կողմն էլ հոգնեցին մեծ պատերազմից։ Սաստիկ կոտորած եղավ, այնչափ, որ հեղված արյան վտակները ոռոգեցին գետինը։ Վահրամի զորքը չկարողացավ դիմադրել

- 106 -