Էջ:Tovma Artsruni, History of the House of Artsrunik (Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նույն զորագնդից իմաց էին տվել իշխանին՝ չգնալ նրա մոտ, հասկացրել էին, թե ինչ էր նա խորհել իր մասին։

Իսկ [Աշոտ] իշխանը զինավառվեց, բազում պատրաստություններով, իր ազատազորքով և իրեն ենթակա բոլոր տեղական իշխանների հետ խույս տվեց և շրջում էր Մադաստանի, Հասկո ձորի կողմերը։ Ապա զորապետի մոտ ուղարկեց դեսպանների և գրեց այսպիսի մի հրովարտակ.

«Թագավորների ու աշխարհակալների սովորությունն է մեծ հոգածությամբ խնամ տանել երկրի բարեշինության մասին, թեթևացնել իշխանության լուծը, ծանրությունները, մեղմացնել հարկերի համար կատարվող խոշտանգումները, որպեսզի իսպառ չվերանա երկրի բարեկարգությունն ու զորությունը, կուսակալների, քաղաքային պաշտոնյաների ծառայակամ պաշտոնավարությունը, հարկերի ու զորքերի հավաքումը, որպեսզի երկիրը լինի շենության ու խաղաղության մեջ, և անխափան ուղարկվեն արքունի հարկերը։ Հույս ունենք, որ դուք էլ եք կամենում նույնը։ Եվ մենք տեսնելով քո բարյացակամ խնամարկությունը երկրին և բարեկամության երախտիքը մեր հանդեպ, կծառայենք սիրահոժար, հավատարմորեն և մեծ փութով կկատարենք քո հրամանները»։ Այսպիսի հաճելի ու դյուրընկալ շատ խոսքեր գրեց իր թղթում: նույնպես և Աշոտ իշխանի մայրը՝ Սահակի և Տարոնի իշխան Բագարատի քույրը, որը իմաստուն կին էր՝ թե խոսքի և թե գործի մեջ, և հույժ խոհեմ ու աստվածասեր, մեկնեց բազմաթիվ ընծաներով և հանդիպեց Հովսեփին, խնդրեց հաշտություն, խաղաղություն հաստատել իր որդիների և ամբողջ Վասպուրական աշխարհի հետ: Իսկ նա ընդունեց պարգևը և կատարեց խնդիրքը։ Ապա պատանդներ վերցրեց անվանի ու պատվական մարդկանցից և մեծ պատվով վերադարձրեց Աշոտի մորը։ Իսկ ինքը խաղաղությամբ, առանց մեծ վնասների անցավ Վասպուրական աշխարհի միջով և իր հետ տարավ պատանդներին։ Ապա անցավ Բզնունական գավառով, մտավ Խլաթ, քանզի կամենում էր սպասել պատեհ ժամի, որպեսզի նենգությամբ խաբի և որսա [իշխաններին]։

Երբ ամիրան հասավ Խլաթ, մտավ և բանակեց քաղաքի մեջ եղած ամրոցում։ Ապա բարևի թղթով հրավիրակներ

-134-