Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ավարտել, և նրա հետ միասին հանգստացան մինչև երրորդ պահը, և այդպես խաղաղ քնի մեջ մնացին բոլորը մինչև առավոտյան ժամը։

Իսկ նա ոտքերի վրա կանգնած՝ չքնեց, այլ ձեռները վերև բարձրացրած՝ աղոթում էր։ Եվ մինչդեռ աչքերը երդիկին սևեռած նայում էր երկինք, հանկարծ տունը լույսով լցվեց, և նրան մի լուսեղեն սանդուղք երևաց, որ դրված էր երկրից մինչև երկինք. և խումբ-խումբ զորքեր վեր էին բարձրանում. և բոլորի տեսքը նոր էր ու չքնաղ, ահավոր ու սքանլելի, ինչպես հրեշտակների տեսքը։ Տեսած բոլոր խմբերի թիվն ու համարն էլ մտքում ուներ, կար, որ հազար էր, կար, որ երեսունևերեք էր, կար, որ երկու հարյուր և տասերեք էր։ Եվ այնքան շատ մոտեցավ, որ մինչև անգամ ճանաչեց նրանցից երեքին՝ Վարդանին, Արտակին և Խորենին։ Նրանք իրենց ձեռներին ինն պսակ ունեին. միմյանց հետ խոսում էին և ասում. «Ահա եկավ-հասավ ժամանակը, որ սրանք էլ խառնվեն մեր խմբին, որովհետև մենք էլ հենց սրանց էինք սպասում և սրանց համար ենք բերել առհավատչյա նվերը, իսկ որին չէինք էլ սպասում, եկավ-երևցավ և խառնվեց, և դարձավ ինչպես քրիստոսի զինվորներից մեկը»։

Այս չքնաղ տեսիլը երեք անգամ երևաց երանելի մարդուն։ Քնից զարթնեցրեց սրբերին և ամբողջ տեսիլը կարգով պատմեց նրանց։

Իսկ նրանք վեր կացան, աղոթքի կանգնեցին և ասում էին. «Տե՛ր, տեր մեր, ի՞նչ սքանչելի է քո անունը ամբողջ երկրի վրա. քո մեծ վայելչությունը բարձրացավ երկնքից էլ վեր. ծծկեր մանուկների բերանից օրհնություն հաստատեցիր, որ ոչնչանա թշնամին ու հակառակորդը»[1]։ Որովհետև սրանից հետո այլևս չպետք է ասել «Կտեսնեմ երկինքը, որ քո մատնեքի գործն է»[2], այլ թե՝ քեզ կտեսնեմ երկնքի ու երկրի տեր. ինչպես որ այսօր իսկ երևացիր քո սուրբ զորականների միջոցով այս հեռավոր օտարին, որ իր կյանքի ակնկալությունից ձեռք էր քաշել։

  1. Սաղմ. Ը 2-3:
  2. Սաղմ. Ը 4: