— Թող կորչի՛։— Պետք չէ՛։— ժամանակ չկա՛։—
— Շարունակեցե՛ք ներկայացումը․․․
— Ո՛չ, թող գա՛։— Թող գա՛։—
— Մենք պահանջո՜ւմ ենք․․․
— Թող գա՛ ու գնա՛։— Ի՞նչ կըկորցընենք։—
— Թերևս մի քիչ զվարճանանք է՛լ.․․
— Թե ինձ հարցընեք —
— Զուր ենք կորցնում մենք ժամանակը...
— Ախ, գալու է նա — հերոսը ի՛նքը...
— Էլի՞...— Չենք ուզո՛ւմ։— Թող գա՛։— Թող կորչի՛։—
— Կանչեցե՛ք, թող գա՛։— Չէ՛, հարկավոր չի՛...
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Արագ դառնալով դեպի վարագույրը, կրկնում է
հաստատ, հրամայող շեշտով
Է՜յ. ո՞վ կա այդտեղ, բեմի ետևում,
Կանչեցե՛ք նրան, թող գա՛, թող խոսի՛,—
Եվ տեսնենք, թե այս հանճարեղ դարում
Որքա՞ն է տևում
Կյանքը պաթետիկ, թղթե հերոսի...
Դահլիճը թնդում է զվարթ ծիծաղից: Բեմի ետևից լսվում են ոտնաձայներ— և ահա բացվում է վարագույրի մեջտեղի ծալքը և դուրս է գալիս Հերոսը կամ Գլխավոր Անձը, որ մոտ քառասուն տարեկան, բարձրահասակ, ասորական սև մորուքով և դերասանական երկար մազերով մի մարդ է՝ հագին սև, անթև անձրևանոց և գլխին սև, լայնեզր, թավշյա գլխարկ: