Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— կարող է երգել համաշխարհայինը։ Միայն թե նա էլ իր ստեղծագործության ձևերը պիտի վերցնի համաշխարհային աշխատավորության կենցաղից, նրա ոճը, պատկերները, լեզուն պիտի լինեն այդ կենցաղի էկվիվալենտը։ Այսպես ենք մենք հասկանում արդի հայ բանաստեղծության կոչումը, իհարկե՝ կանգնած լինելով բացառապես աշխատավորության տեսակետի վրա։ Ցավում եմ, որ ես ստիպված եմ նման հայտարարություններ անել (ինքնին հասկանալի), որովհետև զգում եմ, որ կարող են կարծել, որ ես պահանջում եմ ամեն մի հայ գրողից գրիչ վերցնել և գրել իմ տված ռեցեպտներով։ Ո՛չ, իհարկե ո՛չ։ Թող հայ պոետներից նրանք, որոնք արդեն կազմակերպված գրողներ են և ոչ մի առնչություն չունեն աշխատավորության հետ — գրեն ինչպես կուզեն․ ամենահայտնի «ՆԷՊ»-ը, որ նորից գուրգուրել է սկսել չորրորդ աստիճանի հոտենտոտին, ուրախությամբ կընդունի նրանց իր լպրծուն գիրկը։ Մեր խոսքը բացառապես աշխատավորության ծոցից ելած սկսնակների մասին է, որոնց վրա գլխավորապես դրվում է նոր բանաստեղծությունը ստեղծելու պատասխանատու գործը։ Մենք պետք է աշխատենք ստեղծել այդ սկսնակների համար գրական հարազատ մթնոլորտ, ուղղություն տալ նրանց, կազմակերպել նրանց ուժերը այնպես, որ նրանք զերծ մնան մանրբուրժուական արվեստի ազդեցությունից:

Մենք պետք է կազմակերպված պայքար մղենք հին արվեստի տրադիցիաների դեմ, հասկացնենք մեզ հարազատ սկսնակներին հին արվեստի անընդունելի լինելը, որովհետև ներկայումս, երբ մեր տնտեսական և կուլտուրական կենցաղում դեռևս որոշ չափով մնում են նախկին մանրբուրժուական ձևերը—ուժեղ է հին արվեստի ազդեցությունը սկսնակների վրա։ Այս ամենը