Իմ ծաղիկները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ ծաղիկները

Հակոբ Աղաբաբ

Իմ բալիկը

Իմ ծաղիկները


Իմ ծաղիկները կարմիր են,
Կարմիր, լալազար.
Բուրում են կարմիր մայիսի
Վարդին հավասար։

Նրանք ծնվել են արևի
Բոսոր շողերով,
Նրանք սնվել են վաղորդյան
Պաղ-պաղ ցողերով։

Մեկը մեր կյանքի աղբյուրն է
Անսպառ, անվերջ,
Մյուսը նոր կյանքի զառ-հուրն է
Մշտավառ, անշեջ։

էն կյանք-աղբյուրը
Իր կաթն է խմցրել նրանց։
Էն վառ զառ-հուրը՝
Իր զարդն է կպցրել նրանց։

Իմ ծաղիկները խնամում եմ,
Որ պսակ հյուսեմ,
Զարդարեմ քաջ հերոսի
Ճակատը վսեմ,
Ում կամքն է խիզախ
Ու խոսքը անվախ, անվեհեր,
Ում գործն է հզոր,
Ու անունը հավերժ անմեռ։

Իմ ծաղիկները խնամում եմ
Հենց նրա համար,
Որ կապեմ շքեղ մայիսյան
Հաղթական կամար։

Զարդարեմ ուղին
Հզոր գալիքի,
Ուր չենք հանդիպի մենք
Ցավ ու կարիքի։