Հակահեղափոխականը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անվավեր հերոսներ Հակահեղափոխականը

Երվանդ Օտյան

Համբարձում աղա
[ 703 ]
Է
ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ

Խորագիրս տեսնելով գուցե քիչ մը զարմանաք, թե ինչպես հակահեղափոխական մը գրած եմ հեղափոխության մակաբույծներու շարքին մեջ։ Ընդհակառակը՝ շատ բնական է կարծեմ հեղափոխության մակաբույծները նկատել այն տեսակ մը տիպարները, որոնք 96-են ի վեր մեջտեղ ելած են և որոնք հեղափոխությունը ջատագովելով զայն շահագործելե ետքը, հիմակ սկսած են հեղափոխության հակառակորդ ձևանալով ապրիլ, տեսնելով, որ այդ միջոցը ավելի շահաբեր է։ Արդ, առանց հեղափոխական շարժման գոյության՝ այդ մարդիկը չպիտի կրնային իրենց դերը խաղալ և մտնել այն մարդոց աչքերը, որոնց գրպանեն որոշած են ապրիլ մինչև ետքը։ Կփափաքիմ այդ կարգի մակաբույծներեն ձեզ ներկայացնել նմուշ մը միայն։

***

Նախկին վարժապետ մըն է պ. Միսաք, որ Եվրոպա կապրի իր նախկին աշակերտներու ծնողներուն, որոնք վաճառական են՝ ողորմությամբը։

Հայերենի ուսուցիչ այնչափ միտքը խճողած է լեզվաբանական նրբություններով, որ ա՛լ կարծես քերականական օրենքները ազդած են իր նկարագրի վրա։ Բայի մը պես կեղանակավորվի ժամանակներու համեմատ, գոյականի մը պես կհոլովվի, տերբային հետ համաձայն է՝ երբ տեր-բային վաճառական մըն է, միշտ ներկա ընդունելություն է, երբ դրամ տալու երթան իրեն և բացասական մասնիկ՝ երբ դրամ խնդրեն իրմե։ Ասկե զատ, հայելին մարդ մըն է, որ կցոլացնե միայն իր վաճառականներուն գաղափարներն ու համոզումները,− հարուստ վաճառականի մը սալոնին հղկուն, մաքուր, անարատ հայելին, որուն վրա փոշի մը չես կրնար գտնել, որ բիծ մը չունի։ Երբեք հակասության մեջ չէ իր դեմը կեցող վաճառականին հետ, ճիշտ անոր մորուքը, անոր հագուստները, անոր ձևերը կպատկերացնե, ստրուկ հավատարմությամբ մը։ [ 704 ] Իր միակ անձնական սկզբունքը կրնանք բանաձևել սա կերպով.

«Ամեն բանի ժամանակ կա, հեղափոխական ըլլալու ժամանակ և հակահեղափոխական ըլլալու ժամանակ. սողալու ժամանակ և խայթելու ժամանակ․ ճառ խոսելու ժամանակ և հանգանակություն ընելու ժամանակ. Մանչեստր երթալու ժամանակ և Մանչեստրեն ետ դառնալու ժամանակ, նախատինքներ ընդունելու ժամանակ և նախատինքները մարսելու ժամանակ, ստակ մուրալու ժամանակ և ստակը պանքան դնելու ժամանակ, նավթի վաճառականները խնկարկելու ժամանակ և մանիֆաթուրայի վաճառականները փառաբանելու ժամանակ»։

Ու հավատարիմ իր սկզբունքներուն ու իր կոչումին, տարիներն ի վեր նարդոսի ու քրքումի պես կվառի անիկա՝ անուշաբույր՝ այն կուռքերուն առջև, որոնց պատվանդանն են մանիֆաթուրայի կապոցները։

Ամիրաներու ժամանակին պատվելին է ան տիրացուի, հացկատակի, սպասավորի ու վարժապետի վարնոց խառնուրդ մը, որ աղային չուպուխը կվառե, տղոցը այբուբեն կսորվեցնե. ծառաներուն հետ կերակուր կուտե ու սեիսին կնոջը կքծնի։ Աղային տոնախմբության ուղերձ կգրե, երբ որ զավակը ամուսնացնե՝ հարսներդ կգրե, երբ որ զավակը մեռնի՝ ողբերգ կգրե, ու այսպես կապրի։

Պ. Միսաք, ինչպես ըսի, անմիջական շարունակությունն է այդ տիպարին, նույն մարդը՝ տարբեր՝ եվրոպականացած տարազով։ Անարգ հոգի մը, որուն համար ամեն հարուստ՝ «պերճաշուք իշխան» ու «անզուգական բարերար» կամ «մարդասեր» մըն է, որուն համար ամեն հարուստի կին՝ «չնաշխարհիկ ձիրքերով օժտված՝ զարգացյալ ու գեղանի հայուհի» մըն է, որուն համար ամեն հարուստի զավակ «խոստումնալից ու հանճարեղ պատանի» մըն է, որուն համար ամեն հարուստի սպասավոր՝ «հավատարիմ ու անձնվեր ծառա» մըն է, որուն համար ամեն հարուստի ձի «գեղա–բաշ, փրփրերախ, ա քաջավազ երիվար» մըն է, որուն համար ամեն հարուստի կոշիկ՝ «նրբահյուս, վայելչաձև ու կակղամորթ ոտնաման մըն է։ [ 705 ]
***

97-ին էր, երբ պ. Միսաք չեմ գիտեր քանիերորդ առաքելությունն ըրավ Մանչեստր։ Հազիվ քաղաք հասած՝ սկսավ իր այցելությունները վաճառականներու գրասենյակը։ Պ. Միսաք տասնըմեկ տարիե ի վեր վարժեցուցած էր զանոնք տարին մեկ-մեկ ոսկի վճարելու իրեն, ի փոխարեն այն գովեստներու, զորն պարբերաբար կըներ անոնց, առնվազն ամիսը անգամ մը։ Սակայն վաճառականները ասով չէին գոհանար և իրենց վճարած այցագինին փոխարեն իրավունք ունենալ կկարծեին նաև հսկելու իրենց պաշտպանյալին խոսքերուն ու գործքերուն վրա, այնպես որ պ. Միսաք, ոսկին փրցնելե առաջ, պարտավոր էր իր մեկ տարվան խոսքերուն ու գործունեության հաշվեհամարը իրենց հավանությանը ներկայացնել։ Արդ, 97-ի առաքելությունը բավական փշոտ էր իրեն համար, որովհետև նախորդ տարին հեղափոխության ջատագովը ելած էր ընդհանուր հոսանքին հետևելով ու քիչ մըն ալ քաջալերվելով նույն այդ վաճառականներեն։

Հետևինք իրեն իր մեկ քանի այցելություններուն։

Պ. Միսաք կմտնե գրասենյակ մը։ Վաճառականը՝ սեղանի մը առջև նամակ կարդալու զբաղած է։ Պ. Միսաք, դռանը քով, գլխարկը ձեռքը, ժպտուն կսպասե, որ ընթերցումը ավարտի։ Վաճառականը՝ վերջապես հաճելով նշմարել զինքը.

− Հա՛, դուն ես, նորեն եկա՞ր.., նստե նայինք. (քիչ մը խիստ) խոսելիք ունիմ քեզի։

Պ. Միսաք կնստի աթոռի մը ծայրը, աթոռին երեք չորրորդ մասը պարապ թողլով։

Վաճառականը․− Ի՞նչ երեսով եկար, ծո՛։

Միսաք (միշտ ժպտուն).− Անցած տարվան երեսովս, հի՛, հի՛, հի՛…

Չմոռնամ ըսելու, որ պ. Միսաքի խոսակցության միակ աղն է բառախաղներ ու թեքերլեմեներ, որոնք վաճառականներու շատ թոհաֆին կուգան երբեմն։ Այդ շուկայի սրամտության պ. Միսաք կընկերացնե ապուշ, անարտահայտիչ ծիծաղ մը, զոր հարուստներու քով «հի՛, հի՛, հի՛» ձևով կարտաբերե և ծանոթներուն քով «հա՜, հա՜, հա՜»։

Վաճառականը (բարկությամբ).− Աս վայլե՞ց եղածները… [ 706 ] Էտեպսիզության երեսեն այնչափ մարդ ջարդվեցավ, ամեն բան տակնուվրա եղավ, առուտուրը դադրեցավ…

Միսաք.− Իրավունք ունիք, էֆե՛նտի, իրավունք ունիք, միայն թե՝ եթե շնորհք ընեք որ…

Վաճառականը (ավելի բորբոքած).− Ամենքդ ալ ավազակներ եք, գողեր եք, անբարոյական արարածներ եք…

Միսաք․− Շատ շիտակ է, էֆենտի, բայց ներեցեք որ…

Վաճառականը.− Կախելու է, կախելու ձեզի պես մարդիկը։

Միսաք.− Շատ ճշմարիտ է, էֆենտի, բայց կհաճի՞ք որ պզտիկ…

Վաճառականը.− Անամո՛թ…

Միսաք(պաղատագին).− Էֆենտի, հանդարտեցեք, կաղաչեմ, ես ալ հասկցա հիմա, որ սխալ ուղղության կհետևիմ կոր եղեր, վստահ եղեք, որ ձեր բոլոր արդարացի դիտողությունները, զորոնք ազնվություն ունեցաք ինծի հայտնելու, նկատողության պիտի առնեմ և ըստ այնմ պիտի վարվիմ ասկե ետքը։ Ա՜խ, էֆենտի, խաբվեցանք. Սուլթանը Բառոլ տռնեոռ տվավ Սալզպրիին, որ հայկական խնդիրը պիտի կարգադրե, ես ալ հավատացի։ Բայց հետո Բառոլ տեռներ եղավ․․․ հի՜, հի՜, հի՜։ Այս թյուրքերը ասանկ են… տեսեք Փարիզ իրարու քոնֆեդի կնետեն, իսկ Պոլիս իրարու քոֆդի կնետեն․․․ հի՛, հի՛, հի՛։

Վաճառականը (գրպանեն ոսկի մը հանելով).− Առ… բայց ասկե ետքը խելքդ գլուխդ ժողվե… ատ ձեր անխելք ըրածներովը օգուտ մը չըլլալե զատ, պարապ տեղը մեր առուտուրին վնաս կընեք կոր։

Միսաք(դրամը գրպանելով)․− Շատ իրավացի, շատ ճշմարիտ, շատ արդար դիտողություն մըն է ձեր ըրածը։ Վստահ եղիք, որ ամենալուրջ նկատողության պիտի առնեմ․ շնորհակալ եմ։ Ձեր ազնվափայլ տիկնոջ ու սիրասուն զավակներուն ամենախորին հարգանքներս․ կաղաչեմ չմոռնաք հաղորդելու։ Մնաք բարով։

Կես ժամ ետքը պ. Միսաք կներկայանա ուրիշ գրասենյակ մը։ Վաճառականը թիկնաթոռին մեջ ընկղմած անգլերեն թերթ մը կըկարդա։

Միսաք.− Զբաղա՞ծ եք արդյոք, էֆենտի՛։

Վաճառականը.− Չէ, նստե նայինք, նորեն փարա ուզելո՞ւ եկար․ տարի մը եղա՞վ։

Միսաք.− Եղավ, հապա, այս առտու ճիշտ տարին լրացավ։ [ 707 ] Վաճառականը.− Ի՞նչ կա չի կա (հեգնական). Սալզպըրին կարգադրե՞ց հայկական խնդիրը։

Միսաք.− Սալզպըրի չէ, սալթ պորու… հի՛, հի՛, հի՛։

Վաճառականը (խնդալով).− Է՜յ, Հանոթոն բան մը չըրա՞վ։

Միսաք.− Ամոթուն ծածկվեցավ… հի՛, հի՛, հի՛։

Վաճառականը (ինքնահավան).− Մենք ձեզի առաջուց ըսինք, մյուսյու, ատանկ խայտառակ կերպով գործ չի տեսնվիր, Եվրոպան բան մը ընելիք չունի, պարապ տեղը առուտուրին վնաս կհասցնեք կոր։ Հեղափոխությանը զենքով կըլլա, էֆենտի՛մ, զենքով։

Միսաք.− Շատ իրավացի է։ Հաղթանակ տանելու համար հաղթ դանակ պետք է… հի՛, հի՛, հի՛։

Վաճառականը (միշտ հեգնական).− Մեր հեղափոխական պարոնները ի՞նչ ջուրի մեջ են, նորեն հեղափոխություն կընե՞ն կոր։

Միսաք.− Հիմակուհիմա տեղափոխություն կընեն կոր… հի՜, հի՜, հի՜։

Վաճառականը (գրասեղանին դարակեն ոսկի մը կհանե ու պ. Միսաքի կուտա)․− Ինչ որ է, ասկե ետքը խելքդ գլուխդ ժողվե ու խոհեմ վարվե, քեզ նայիմ, երթաս բարով։

Միսաք.− Շնորհակալ եմ, ձեր ըսածները խորին ուշադրության առարկա պիտի ընեմ, վստա՛հ եղեք։ Հաճեցե՛ք, կխնդրեմ, ամենախորին հարգանքներս մատուցանել ձեր ազնվափայլ տիկնոջ ոլ սիրասուն զավակներուն։ Մնաք բարով… ցտեսություն։

Ու այսպես այցելությունները կշարունակվին մինչև իրիկուն ու հաջորդ օրերը։

Պ․ Միսաք իր այս առաքելության միջոցին կտեսնա, որ վաճառականները բոլորովին հակառակ դարձած են հեղափոխության և հետևաբար ինքն ալ կուղղե իր ընթացքը։

***

Անկե ի վեր «հակահեղափոխական» է, խոսքով, գործով, հագուստով ու շարժումներով։

Հեղափոխականները կհարվածե, հեղափոխությունը «ապաժաման» կամ «տարաժաման» կգտնե, կարմիր վզնոցի տեղ սև կամ մանիշակագույն վզնոց կդնե, բըտենկոթը կոճկած կքալե ու խոսած [ 708 ] ժամանակ բազուկը նվազ կշարժե, քան 96 թվականին սկիզբները։

− Ես արդեն Ներսես Վարդապետյանի օրեն ի վեր հակառակ եմ հեղափոխության,− կըսե այն հարուստներուն, որոնց տունը կճաշե երբեմն,− մենք պետք է ամեն ջանք ընենք, որպեսզի առևտուրը չվնասվի, վաճառականությունը զարգանա, երկրին վարկը բարձրանա։ Հոն է մեր փրկությունը։

− Աֆերի՜մ, շատ ճշմարիտ է,– կպատասխանե վաճառականը։

− Նավթը որչափ տարածվի ասիական գավառներուն մեջ, այնչափ պիտի լուսավորվին հայ գավառացիները․ կշարունակե պ. Միսաք։

− Շատ շիտակ է։

− Ենթադրեցեք, որ մանիֆաթուրայի խանութներ բացվին ամեն հայաբնակ գյուղերու մեջ, ի՜նչ մեծ բարիք մը պիտի եղած ըլլա մեր թշվառ եղրայրներուն համար, որոնք այսօր կիսամերկ կպտըտին զգեստ չունենալնուն։

− Շա՜տ իրավացի դիտողություն։

***

Բայց չհուսահատինք իրմե. այն օրն, ուր նավթն ու մանիֆաթուրան հաշտվին հեղափոխության հետ, պ․ Սիսաք մեջտեղ պիտի ելլե կարմիր վզնոցով մը, ձեռքը գրիչ ու սուր ու «Ձայնը հնչեց» պիտի երգե։

1898-1899 թթ․