Հատվածներ չգրված պոեմից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձմեռային պալատի ներքնահարկում Հատվածներ չգրված պոեմից

Եղիշե Չարենց

Չուգունե մարդը

[ 57 ]

ԷՊԻՔԱԿԱՆ ՖՐԱԳՄԵՆՏՆԵՐ
      ՀԱՏՎԱԾՆԵՐ ՉԳՐՎԱԾ ՊՈԵՄԻՑ
ՊՐՈԼՈԳ (ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԻԱՆՏ)



Լեֆյան թմբուկը թողած մի կողմ,
Հատվող տողերը նետելով դեն,
Կրկին խրթի՛ն մի ու խոր դողով
Առնում եմ յամբ ես ու քողաղոտ,

Որ մեր պայքարը քնարերգեմ։ —
Ինչքա՞ն ջրեր են արդեն հոսել
Այն թեժ օրերից, երբ ամենուր
Տեսնում էր մարդը միայն սուսեր,
Շողշող սուսեր ու շողշողուն հո՛ւր։

Երբ որոտներին ընտելացած
Լսում էր մարդը միայն թնդյուն,
Եվ յուրաքանչյուր զրույցի ձայն
Թե՛ ավելորդ էր թվում, թե՛ թույլ։
Երբ երգը պիտի լիներ շառաչ

Եվ պոետը լոկ պիտի կանչեր,—
Հիմա փոխվել է մեր առօրյան,
Եվ ինքս, ի՛նքս — արդեն այն չեմ...
Այն չե՛մ այլևս, այո՛, ես է՛լ,—
Արդեն փոխվել ես և դու, քնա ր,

Եվ առավոտը քո ոսկեվառ,

[ 58 ]

Քn առավոտը երազասեր —
Արդեն անցել է։— Մեր դեմ հիմա
Արդեն փռվում է հորիզոն գորշ
Եվ թախիծո՛վ եմ ես ակամա

Նայում իմ շուրջը։— Սակայն սիրո՛վ,
Սիրո՛վ եմ ահա ես ողջունում
Այս հեռաստանը, բացված մեր դեմ,
Եվ խնդությամբ եմ ես ընդունում
Կյանքիս կեսօրը երկաթադեմ։—

Հիմա նայում եմ ահա ես ետ,
Չափում ուղին քո արդեն անցած,—
Ահա երգերը քո սեթևեթ
Ու պոեմները մետաղաձայն...
Ինչքա՜ն, ինչքա՜ն են նրանք, գիտե՜ս,—

Շնորհակա՛լ եմ ես քեզանից,
Թեկուզ եղել ես թեթևամիտ,
Բայց աշխատել ես... Թե մեզանից
Միշտ ավելի՛ն են մարդիկ ուզել —
Նշանակում է դո՛ւ էլ, ես է՛լ

Դեռ թերացել ենք երևի քիչ,
Եվ դեռ չե՛նք տվել կյանքում մենք այն,
Ինչ կարող էինք գուցե մենք տալ․․․

Հիմա դիմում եմ ես քե՛զ, քնա՛ր,
Քn նվագուն ու ջերմին շնչին,

Եվ ցանկանում եմ, որ հուրհուրաս
Եվ երգդ, երգդ — թափո՛վ հնչի։
Օ, տո՛ւր երգին իմ վսեմ հուզում,
Թո՛դ նվագներս հնչեն անահ,
Որ աղջիկները թախծեն նազով,

Եվ հերոսները հերոսանան...
Գրկի՛ր երգով քո, երգի՛ր հիմա
Դարիս գործերը ցնցող ու վես,

[ 59 ]

Եվ դրոշները արնանման,
Որոնց կապված ես դու հավիտյան

Եվ որոնց ներքո պիտի մեռնես...
. . . . . . . . . . . ․ ․ ․
. . . . . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԳԼԽԻՑ


. .

Փողոցը եռ է ու շփոթ է.
Աղմուկ է. մեկն է մայիսի.
Աշխույժ՝ զնգում է առավոտը —
Եվ մեր երթի հետ միասին
Հոսում է հույսը, խնդությունը,

Թնդում է երգը բարձրաշառաչ,
Ու, սարսափած, Դաշնակցությունը
Նահանջում է մեր երթի առաջ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Խռիվ՝ լցրել են փողոցները
Գաղթականները, վանեցիք,
Եվ աղմկում են վարը, վերը
Խմբապետները տեղացի։—
Դաշնակ տղերքը, հին ջոջերը,

Մինիստրները ու պոչերը
Մինիստրների — զանազան
Մաուզերիստներ, օֆիցերներ,
Որոնք պատրաստ են «պատվով մեռնել»,
Միայն թե... ֆրոնտը չտեսած։

Նրանք կանգնած են խառը, խուռը,

[ 60 ]

Պառլամենտի՛ մոտ ու հեռուն,
Վիճում են բուռն ու հախուռն,
Ու աղմկում են, ու եռում...

Եվ ճեղքելով այդ խառնիխուռն

Մարդկանց ամբոխը — ահա վերից
Գալիս է երթը բանվորների...
Նրանց շարքերը ամրակուռ են,
Նրանց ընթացքը — կարգապահ,—
Դա ընթանում է վեհը, նորը,

Դա ընթանում է — ապագան...

Կարմիր ծփում են դրոշները,
Հուրհուրատում են — ու բոլորին
Նրանք նետում են, ավետում են՝
«Իշխանությունը խորհուրդներին»։—

Հոսում է երթը խիտ ու թանձր,
Անցնում են՝ ծանր դոփելով,
Ահա հնչեց Ինտերնացիոնալը,
Թնդաց հանդուգն ու խրոխտ,—
Եվ բանվորները դեպոյի

Ավտոմոբիլում ապրանքատար
Հսկա մուրճերը խփելով
Եվ բորբոք քուրան պահելով վառ
Ահա երգում են ու առույգ են,—
Այդպես՝ երթում մեր ընդհանուր՝

Ճակատը բարձր ու հանդուգն՝
Մեծ Աշխատանքն է ընթանում...

Գալիս է երթը ու կանգնում է
Ահա դիմացը պառլամենտի.—
Եվ զինվորները մոտենում են

Ու միանում են ահա երթին,—
Երթի շարքերը խտանում են,

[ 61 ]

Դառնում է երթը մի բանակ,—
Եվ դրոշները խոստանում են
Անդուլ կռիվ ու հաղթանակ...

Հանկարծ ծփում են գլուխները,
Անցնում է թանձր մի շշուկ —
Եվ սևեռվում են հայացքները
Վեր՝ պատշգամբին... Եվ անշուք,
Գլխին՝ գորշ փափախ, հագին խակի

Շապիկ, լայն կուրծքը ցցած առաջ,
Սեղմած բռունցքը իր ահագին,
կապույտ հայացքը հեռուն հառած՝
Ահա ելնում է Ալավերդյանը,
Եվ պատշգամբից պառլամենտի

Խրոխտ՝ հնչում է նրա ձայնը...
Նա խոսում է թունդ, սակայն հանգիստ։ —
Ոգևորված է. — կապույտ աչքերը
Թափում են շանթ ու համոզում․
Նրա ձևերը անվեհե՛ր են.

Նա բորբոքում է ու հուզում...

ՀԱՏՎԱԾՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԳԼԽԻՑ


Հիմա օրեր են սրանք անցած...

Որպես տեսիլ մի, մի զառանցանք,
Որ խուլ գրկում է հոգին ահով՝
Կրկին բացվում են իմ դեմ ահա
Այն տարիները անապահով։ —

[ 62 ]

Որքան ուզում եմ, որ չխոսեմ,

Որքան ուզում եմ, որ քիչ տևի՝
Որպես երազ մի, ծանր ու սև,
Ահա՛ երկիրը — 20 թվին։ —

Փչում է մի թեն, խոնավ քամի։
Քամին բերում է սարսափ ու մահ։

Ահաբեկված է երկիրն ամա՝
Կոխել է մութը ու թշնամին։
Ու գլորվում է, որպես անիվ,
Դեպի անդունդը մեր բախտը՝ հոլ․ —
Ոսոխն առել է Ալեքպոլը

Ու մոտենում է Երևանին...
Ինչքան ջահել կա ու պատանի,
Ինչքան որ անձ կա՝ զենքի կարող —
Արդեն քշված են դեպի ֆրոնտ.—
«Դաշնակցությունը էլ ի՞նչ անի»․․․

Դեռ մայիսին էր՝ սրով, հրով,
Պոկոտելով այն «կարմիր հունձքը» —
Դաշնակցությունը «սեղմեց բռունցքը»,—
Եվ երկրի տերը դարձավ Բյուրոն։

Տիրապետում էր Բյուրոն արդեն

Երկրում ամբողջ չորս, թե հինգ ամիս,—
Իսկ երկրի շուրջը, ներսը, դուրսը
Միշտ թշնամին էր ու թշնամին։ —
Երկրում թալան էր, սով էր, ցուրտ էր,
Թեկուզ մեռնում էր ժողովուրդը,

Սակայն հո գո՞հ էին «մերոնք» —
Դաշնակցությունը... ու Բյուրոն...

ՀԱՏՎԱԾ ԵՐՐՈՐԴ ԳԼԽԻՑ


․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Դեռ առավոտը ծագել էր նոր,
Երբ արթնացանք մենք կռվի եռից։

[ 63 ]

Կոնդից թնդում էր մի թնդանոթ,
Իսկ գնդացիրը՝ Քանաքեռից:
Եվ Երևանը, որպես հնոց,
Վառվում էր դեմը ռազմի ծխում.
Այնտեղ կռիվն էր արդեն մխում,

Այնտեղ շռինդ էր, ու ռումբ, ու բոց...

Եվ տեսնում էինք մենք բլուրից,
Թե ոնց զորքերը մեր փոքրաթիվ
Ահա անցնում են կայարանից
Եվ մոտենում են մեր ճակատին։

Բայց կանգնած էին կայարանում
Դեռ գնացքները զրահապատ.
Խուլ եռուզեռ էր այնտեղ տիրում...
Մի ջահել զինվոր, սարսափահար,
Հայտնեց այն միտքը, որ բոլորիս

Արդեն հուզում էր, որպես կասկած,—
Եվ մենք նայեցինք մեր զինկոմին,—
Որ հասակ ուներ, ինչպես հսկա։—

Ասաց զինկոմը երիտասարդ.—
«Մերոնք թողնում են քաղաքն արդեն.

Նրանք կարող են ճամփան կտրեն,
Ժամանակին թե մենք չհասանք
Եվ գնացքները չազատեցինք»։—
Եվ քշեց թափով հանկարծ նա ձին։
Բայց դեռ հազիվ էր մի—երկու քայլ

Ձին առաջացել, երբ նա թափով
Զսպեց կատաղած ձիու թափը
Եվ ասաց ձայնով մի անայլայլ. —
«Դուք սպասեցեք այստեղ, մինչև
Ես վերադառնամ»։ — Եվ նա կրկին

Ձգեց սանձերը ու քշեց ձին՝

[ 64 ]

Մի տարօրինակ ժպիտ դեմքին...
Ձին թռավ թեթև, ինչպես քամի,
Ինչպես կայծակե մի երիվար.—
Մենք տեսնում էինք, որ թշնամին

Արդեն առել է Երևանը
Եվ մոտենում է կայարանին։—

Մենք նայում էինք մեր դիրքերից․
Նա սլանում էր, թռչում առաջ,
Եվ, հայացքներս նրան հառած,

Անձնատուր մթին մեր մտքերին՝
Հետևում էինք ձիու վազքին
Մենք սրտատրոփ,— իսկ նա թեթև
Թե՛ հեռանում էր հետզհետե,
Թե՛ մոտենում էր կայարանին...

Բայց ո՞վ էր, ո՞վ էր արդյոք այնտեղ․
Այդ մերո՞նք էին, թե թշնամի՞ն,
Որ գնացքները գերել արդեն
Եվ սպասում էր հրամանի,
Որ առաջանա և մեզ գերի...

Մենք նայում էինք մեր դիրքերից
Մեր քաջ զինկոմին, որը հեռվում
Փոքրիկ մի կետ էր արդեն թվում։ —
Մենք նայում էինք սրտի տապով
Եվ չգիտեինք դեռ մենք, թե նա

Այդքա՛ն անվրդով, այդքան անահ
Դեպ փրկությու՞ն է թռչում թափով․
Թե՞, պահած սրտում կսկիծ անհուն՝
Դեպի կորուստ է նա սլանում..․

[ 65 ]

Քիչ հետո, քայլով քառատրոփ,
Նրա ձին արդեն թռչում էր ետ,
Նա մոտենում էր քառարշավ մեզ,
Եվ երբ մոտեցավ — նա անխռով

«Այնտեղ մերոնք են» — ասաց զվարթ,
Շողշող աչքերով նայելով մեզ —
Եվ մենք զգացինք, որ այդ մարդը
Ունի սիրտ անահ ու անչափ մե՛ծ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

ԼԻՐԻՔԱԿԱՆ ՇԵՂՈԻՄ (ՉՈՐՐՈՐԴ ԳԼԽԻՑ)


. . ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Եվ ղեկավարը այն հանճարեղ,
Որի հայացքը բոցեղե՛ն էր,
Որին ազգերը ու ցեղերը
Արդեն լեգենդ են դարձրել...

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Հիշում եմ՝ օրը լուսավոր էր,
Երկինքը ջինջ ու անհատակ,
Ծովի պչրանքը ու օրորը,

Գարնան թովչանքը խորը, խորը,
Ինչպես երկինքը կապուտակ...
Ծովում ճախրում էր մի ջինջ ապրիլ,
Թնդացող գարնան անհուն հավատ,
Եվ, նստած մի պարզ, փոքրիկ նավակ՝

Մենք գնում էինք դեպի Կապրի՛...

Մեր թիավարը մի հաղթանդամ
Իտալացի էր՝ աչքերով սև,
Ուներ հուժկու կուրծք, կարող ուսեր,
Նայվածքը բորբ էր ու հաղթական։—

[ 66 ]

Նա նայում էր մեզ ժպիտով բաց,
Լսում բարբառը մեր անծանոթ,
Եվ երբ կանգ առանք մենք կղզու մոտ՝
— Այստեղ ապրել է Լենինն, ասաց,—
Լենինը — լա՛վն էր,— ասաց հետո

Ու ժպտաց հստակ աչքերով իր —
Եվ ես հիշեցի մի ա՛յլ երկիր,
Եվ մի ա՛յլ պայծառ, արևոտ օր,
Երբ նո՛ւյն հավատով ու խանդով խոր,
Ասաց ինձ նույնը, նո՛ւյն սիրով լի,

Մի այլ նավաստի՝ անունն Ալի...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Նրա հայացքը տեսնում էր պարզ
Գալիք օրերը ու դարերը,

Նրա խոյանքը հանճարե՛ղ էր,
Նրա թռիչքը — չտեսնըվա՛ծ։—
Նրան ծանոթ էր խինդը մանկան
Ու թվերի սառ ու գորշ լեզուն,
Կարող էր լինել բարի՜ այնքան,

Կարող էր լինել հեգնող ու սուր,—
Կարող էր մատի մի շարժումով
Մի ամբո՛ղջ, ամբո՛ղջ մի դասակարգ
Նա դատապարտել մահվան,— սակայն
Կարող էր նաև անհոն սիրով

Սիրել ծաղիկներ, վարդեր, երգեր,
Ժիր մանուկներին քնքուշ գրկել,
Եվ, տեսնելով մի բոբիկ մուժիկ,
Պատվիրել, որ տան... մի զույգ կոշիկ...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․