ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՊԵՏՐՈԳՐԱԴՈՒՄ
N 1
ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
ԿՈՄԻՏԵ ՀՐԱՎԵՐԸ
Պետրոգրադի և Մոսկվայի Հայկական Կոմիտեները, 1915 թվի աշնանը Պետրոգրադում տեղի ունեցած միացյալ նիստերում, որոշեցին հրավիրել Պետրոգրադում հայ փախստականներին նպաստող կազմակերպությունների ներկայացուցիչների համագումար: Այդ նպատակով վերոհիշյալ կոմիտեները դիմեցին Պետական Դումայի անդամ պ. Մ. Պապաջանյանին, որ նա հոգա պատշաճավոր թույլտվություն ստանալու մասին: Այժմ, շնորհիվ հարուցված միջնորդությունների, ներքին գործերի պ. Նախարարից և Նորին Կայսերական Մեծության Կովկասի Մեծ իշխան Փոքրարքայից ստացված է համագումարի թույլտվությունը. Նորին Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոսը տվել է այդ Համագումարին իր օրհնությունը:
Այդ միացյալ Կոմիտեների կողմից ընտրված Կազմակերպիչ Կոմիտեն խնդրում է այն ազգային հաստատություններին, որոնք նպաստել են փախստականներին, ուղարկել իրենց ներկայացուցիչներին մասնակցելու վերոհիշյալ համագումարին, որ գիտի կայանա Պետրոգրադում, 1916 թվի մայիսի տասին, տասնմեկին և տասներկուսին:
Հաղորդելով համագումարի պարապմունքների ծրագիրը, Կազմակերպիչ կոմիտեն խոնարհաբար խնդրում է Ձեզ ուղարկել զեկուցումներ, համաձայն այդ ծրագրին, և տեղեկագրեր Ձեր գործունեության մասին:
Զեկուցումները պիտի ուղարկել, վաղօրոք, որպեսզի նրանք ստացվեն Մոսկփսյում ո՛չ ուշ, քան մայիսի 5-ը 1916 թ.:
Կազմակերպիչ Կոմիտեն իր պարտքն է համարում ավելացնել որ
1. Համագումարի նախընթաց օրը, այսինքն մայիսի 9-ին, ժամը 2-ին, նշանակված է նախապատրաստական ժողով' համագումարի անդամների փոխադարձ ծանոթության համար:
2. Համագումարի մուտքի տոմսակներ ստանալու է Պետրոգրադում, Սպասսկայա, 15, բնակ. 2.
3. Զեկուցումներ, տեղեկագիրներ և ամեն կարգի դիմումներ ու նամակներ պիտի ուղարկել մինչև մայիսի 5-ն Մոսկվայի Հայկական Կոմիտեին (Москва, Армянский пер., д. Армянской церкви), իսկ մայիսի 5-ից հետո Պեարոգրադի Հայկական Կոմիտեին (Петроград, Спасская ул., д. 15, кв. 2), Կազմակերպիչ կոմիտեի անունով:
4. Այն կազմակերպությունները, որոնք այս կամ այն պատճառով չեն ստացել ներկա հիավիրագիրը, կարող են ուղարկել իրենց ներկայացուցիչներին, միայն անհրաժեշտ է նախօրոք հեռագրով տեղեկացնել այդ մասին Կազմակերպիչ Կոմիտեին, որպեսզի հնարավոր լինի ստուգել տվյալ հաստատության իրավունքը մասնակցելու համագումարին: