Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին երկու մոմ, տիրամոր պատկերի առաջ մարմրին էր անում կանթեղը․ պատկերի տակ բարձր սեղան էր, որ ուներ աստիճաններ, որոնց վրա, ըստ կաթոլիկների սովորության, չոքում էին աղոթքի ժամանակ։ Սակայն Անդրիի աչքերն այդ չէին որոնում։ Նա դարձավ մյուս կողմը և տեսավ մի կնոջ, որ կարծես սառել և քարացել էր մի արագ շարժման ընթացքում։ Թվում էր, թե կնոջ ողջ կերպարանքը կամենում էր փաթաթվել նրան և հանկարծ կանգնել էր։ Եվ Անդրին ևս նրա առաջ զարմացած մնաց։ Նա չէր երևակայել կնոջն այդպես տեսնել. այդ նա չէր, այն կինը, որին առաջ ճանաչում էր. ոչնչով նման չէր առաջվա կնոջը, սակայն այժմ նա կրկնակի չքնաղ և հրաշալի էր, քան առաջ։ Այն ժամանակ նրա մեջ դեռ կար թերի և անկատար մի ինչ-որ բան. այժմ այդ մի գործ էր, որին նկարիչը հպել էր վրձինի վերջին հարվածը։ Նախկինը չքնաղ և թեթևամիտ աղջիկ էր. իսկ այս մեկը գեղեցկուհի էր, մի կին, որ հասունացրել էր իր ողջ գեղեցկությունը։ Նրա սևեռուն աչքերի մեջ ցոլանում էր ամբողջական զգացմունքը. ո՛չ թե զգացմունքի հատվածներ և ո՛չ էլ ակնարկներ, այլ ամբողջական զգացմունք։ Նրա աչքերի մեջ դեռ չէր ցամաքել արցունքը, որ պատել էր աչքերը հոգի թափանցող շողշողուն խոնավությամբ. կուրծքը, պարանոցը և թիկունքը պարուրվել էին այն սքանչելի սահմաններում, որ հատուկ են հասունացած կատարյալ գեղեցկության. մազերը, որ առաջ թեթև խոպոպիկներով կախված էին դեմքի վրա, այժմ դարձել էին փարթամ ու չքնաղ ծամ, որի մի մասը հյուսած էր, իսկ մյուսը ձեռքի ողջ երկարությամբ փռված էր, և բարակ, սիրունատես կեռացրած նրա երկար մազերը թափվել էին կրծքի վրա։ Թվում էր, թե նրա բոլոր դիմագծերը փոխվել էին։ Եվ իզուր էր Անդրին ջանք թափում գտնելու թեկուզ մի դիմագիծ, որ կար նրա հիշողության մեջ. չէր մնացել և ոչ մեկը։ Որքան էլ սաստիկ էր նրա գունատությունը, այնուամենայնիվ, այդ գունատությունը չէր մռայլում նրա հրաշալի գեղեցկությունը, այլ ընդհակառակն, թվում էր, թե տալիս էր մի ինչ-որ սլացիկ, անդիմադրելի և հաղթական արտահայտություն։ Եվ Անդրին իր հոգու մեջ զգաց ակնածալի վախ և անշարժ կանգնեց նրա առջև։ Թվում էր, թե կինը ևս հիացել էր կոզակի տեսքով, և Անդրին կանգնել էր նրա