Գաղտնիք Ղարաբաղի/Ե
Ե
Այն բազմաթիվ փաստերը, որ առաջ բերվեցան նախընթաց գլուխներում, կարծեմ բավական պետք է համարվեն ապացուցելու համար, որ «Գաղտնիք»-ի մի զույգ հեղինակները — հայր և որդի Բեկնազարյանները— բոլորովին երևակայական անձնավորություններ են, և թե այդ գիրքը Մակար վարդապետի աշխատությունն է, որի վրա մի հին դրոշմ դնելու նպատակով, կնքել է Բեկնազարյանների անունով։
Այժմ պետք է նայել «Գաղտնիք»-ի վրա որպես Մակար վարդապետի հեղինակության վրա։
Որպես մի պատմական աշխատություն, հարկավոր է նախ որոշել, թե ի՞նչ մասներից է կազմված «Գաղտնիք»-ը։ Այդ հազիվ թե կարելի կլիներ, որովհետև գրքի մեջ բաժանմունքներ չկան: Հեղինակը ինչ որ գտել է, ինչ որ երևակայել է, ի տեղի և անտեղի կարկատել է միմյանց հետ, առանց դասավորության և առանց կարգի։ Այսպիսով, առաջ է եկել մի բաբելական խառնաշփոթություն, այն անցքերի և շատախոսությունների մթին քաոսը, որ ընթերցողին մոլորության մեջ է դնում, թե որտեղից է սկկսվում այդ գիրքը և որտեղ է վերջանում։ Այսուամևնայնիվ որպեսզի հնար լինի փոքրիշատե պարզ գաղափար տալ «Գաղտնիք»-ի բովանդակության մասին, կարելի է նրան մոտավորապես այսպես բաժանել.
1. Մի պատկեր, որ ներկայացնում է Շուշի բերդի պաշարումը Աղա-Մամադ-շահից։
2. Ժամանակագրական հիշատակարան զանազան պատմական անցքերի։
3. Պաշտոնական թղթակցություններ, պայմանագրեր և այլն։
Սկսենք պատկերից։
Բայց նախ հարկավոր է ծանոթացնել մի քանի պարագաների հետ, որպեսզի հասկանալի լինեն պատկերի մանրամասները։ Շուշի բերդից երկու ժամ հեռավորության վրա գտնվում է Խնածախ բերդը: Մակար վարդապետը այդ գյուղացի է: Նա ցանկացել է անմահացնել յուր ծննդավայրը և նրան Ղարաբաղի մելիքների պատմության մեջ մի փայլուն դեր տալ: Բայց, դժբախտաբար, Խնածախը թե յուր դիրքով և թե յուր սև անցյալով այն հարմարությունները չէ ունեցել, որ Մակար վարդապետի փափագներին լիակատար բավականություն տար: Իսկ այդ բնավ չի հուսահատեցրել հայր սուրբին: Նա գյուղի դիրքը կարողացել է ամրացնել. նրա շուրջը անմատչելի լեռներ է ստեղծել և այդ լեռները պատել է կաղնիների խիտ անտառով: Նույն լերռների մեջ զետեղել է մի ընդարձակ այր, որ կոչվում է «Ծակ-քար» և որը վտանգի ժամանակ կարող է պատսպարել յուր մեջ մի քանի հարյուր հոգի[1]: Գյուղը արդեն պատերազմական բոլոր հարմարությունները ստացավ, բայց ի՞նչ անել գյուղացիների անցյալի հետ:
Թե Խնածախը և թե նրա մերձակա Բալլուջա գյուղը՝ երկուսն էլ Շուշի բերդի Իբրահիմ-խանի կալվածներն են-այն Իբրահիմ-խանի, որ Ղարաբաղի մելիքությունների կործանման պատճառը դարձավ, և որը դեռ շարունակում է պատերազմել մելիքների հետ: Իսկ այդ երկու գյուղերում զետեղված են այն բոլոր փախստականները, որոնք դավաճանել են հայոց մելիքներին և անցել են նրանց թշնամի Իբրահիմ-խանի կողմը: Հիմա ի՞նչպես անել, որ մի կողմից կարելի լինի ծածկել դավաճանության արատը, որ գրած է հիշյալ գյուղացիների վրա, իսկ մյուս կողմից՝ նրանցից հայրենիքի պաշտպանության համար հերոսներ ստեղծել։
Մակար վարդապետի հնարագիտության տաղանդը այդ դեպքւմ ևս անճար չէ մնացելկժ, նա հորինել է մի դաշնագիր հիշյալ գյուղացիների և Իբրահիմ-խանի մեջ։ Ես կբերեմ այդ դաշնագրի հետքրքիր հոդվածները, որովհետև դրա նման են «Գաղտնիք»-ի մեջ արձանագրած բոլոր դաշնագրերը.
Ա. «Ջրաբերդից Խաչեն տեղափոխվող «քաջերին» տան գլուխ վճարեց Իբրահիմ-խանը երեք հարյուր թուման, իբրև նոր շինության ծախք և հնոց կարասիները նորերի մեջ փոխադրելու վարձ:
Բ. հոդվածը որոշում է երկու գյուղերի սահմանները, հողերի տարածությունը, որ տալիս է Իբրահիմ-խանը «քաջերին» իբրև մշտական սեփականություն որդվոց որդի։ Գ. «Ոչ Իբրահիմ—խանը իրավունք ունի «քաջերից» և նոցա հետագաներից պահանջել տուրք կամ գլխահարկ կամ տասանորդ, ոչ այս խանի հետագաներն, եթե կլինեն…»:
(Ղարաբաղի տիրապետողը հույս չունի, որ ինքը հետագաներ կունենա և այդ գրում է պայմանի մեջ…)։
Դ. «Ոչ ոք իրավունք կունենա պահանջել այս «քաջերից» ոչ զորք և ոչ զորադրամ։
Ե. «Միայն թե այդ «քաջերն» բնավ չմասնակցեին մելիքների պատերազմներին և զինեին ընդդեմ խանին» (եր. 117—118)։
Այդ «քաջերը» իբրև թե Ջրաբերդի Մելիք—Ադամի զինվորներն են եղել և խանը նրանց կաշառելով գաղթեցրել է Ջրաբերդից[2]։ Իսկ Ջրաբերդի իշխող Մելիք—Ադամը հաճություն է տալիս նրանց տեղափոխությանը, հավատացած լինելով, որ «քաջերը» դարձյալ յուր օգտին կծառայեն։ «Քաջերը» ևս իրենց կողմից հանձն են առնում այդ երկերեսանի դերը, մի կողմից խաբել միամիտ Իբրահիմ—խանին (շա՜տ միամիտ էր…) և վայելել նրա առատ բարիքները, իսկ մյուս կողմից, նպաստել հայոց մելիքների շահերին և այլն (եր. 118)։
Բանը շինվեցավ։
Ղարաբաղի մելիքությունները ոչնչացնող Իբրահիմ—խանը, որ գոռոզությամբ մի կողմից եղջյուր էր ածում ռուսաց զորության դեմ, մյուս կողմից՝ պարսից շահերի դեմ,— այն աստիճան տկարանում է մի քանի գյուղացիների առջև, և այն աստիճան հիմարանում է, որ Մակար վարդապետի շնորհիվ մի այսպիսի պայման է կապում «քաջերի» հետ։ Ինչ կարոտություն ուներ նա մի քանի թափառական գյուղացիների մեջ, երբ այդ ժամանակ նա ամբողջ Ղարաբաղի տերն և իշխանն էր համարվում։ Եվ երբ Ղաբաբաղի նախկին տիրապետող մելիքները, չկարողանալով տանել նրա բարբարոսությունները, արդեն իրանց ժողովրդով սկսել էին գաղթել դեպի օտար երկրներ (եր. 115—116)։
Հետաքրքիրն այն է, որ տվյալ պայմանագիրը գրվում և վավերանում է միևնույն տարվա մեջ (1770 թ. մայիսի 10-ին), երբ այդ մի բուռն «քաջերը» կոտորում են Իբրահիմ-խանի զորքերը և նրան յուր կուսակից հայ մելիքների հետ փախցնում են Շուշի բերդը... (համեմատեցեք 65 և 119 երեսները)։
Վերջապես, «քաջերը» ստանում են Իբրահիմ-խանի խոստացած փողերը, հիմնում են Խնածախ և Բալլուջա գյուղերը։ Առաջինի մեջ բնակություն են հաստատում 50 ընտանիքներ, իսկ երկրորդի մեջ՝ 70 ընտանիքներ։ Ընդամենը՝ 120 ընտանիք։
Հաշվենք, թե որքան ծախսեց Իբրահիմ-խանը այդ 120 ընտանիքը գաղթեցնելու համար։
Յուրաքանչյուր ընտանիքին տվեց 300 թուման պարսից ոսկի։ Ուրեմն, 120 ընտանիք ստացավ 36.000 ոսկի։ Եթե այդ գումարը վերածենք ռուսաց ռուբլու (յուրաքանչյուր ոսկին Յ1/2 ռուբլի հաշվելով), կստանանք 126.000 ռուբլի։ Այդ գումարով կարելի էր այն ժամանակ (1770 թվին) ամբողջ Ղարաբաղը գնել։
Ցույց տալու համար Մակար վարդապետի թվանշանների փաստական շռայլությունը, ավելորդ չէր լինի մեջ բերել մի փաստ, թե որքան սուղ էր փողը այդ ժամանակներում։
Հիշյալ երկու գյուղերի հիմնվելուց 58 տարի հետո (1882 թվին), երբ համեմատաբար դրամի ավելի առատություն պետք է լիներ, ռուսաց կառավարությունը Պարսկաատանից դեպի Անդրկովկաս գաղթեցրած 8249[3] հայ ընտանիքների վրա, Ղազարոս Լազարյանի ձեռքով ծախսեց ընդամենը 14.000 ոսկի և 400 ռուբլի այն, և այդ գումարը կոմս Պասկևիչը չափազանց էր գտնում[4]։ Ռուսաց կառավարության այդ ժամանակվա դրամական միջոցները հայտնի էին։ Միայն 20 միլիոն կռան պատերազմական տուգանք դրեց Պարսկաստանի վրա, երբ տեղափոխում էր այդ գաղթականները։ Եվ այդ գումարի մի մասը արդեն ստացել էր: Այնուամենայնիվ 14.000 ոսկին շատ էր գտնում 8249 ընտանիքի տեղափոխության համար, այն ևս Պարսկաստանից Անդրկովկաս: Որքա՜ն հեռավորություն: Իսկ Իբրահիմ-խանը յուր բոլոր չքավորությամբ, Ջրաբերդից մինչև Խաչեն (մի օրվա ճանապարհ) 120 ընտանիք գաղթեցնելու համար ծախսում է 36.000 պարսկական ոսկի,— 126.000 ռուբլի… Ստախոսությունը, եթե փոքր-ինչ չափավոր լիներ, այդքան զզվելի չէր լինի:
Երբ Իբրահիմ-խանը մտավ ռուսաց հպատակության ներքո, Քուրակ-չայի դաշնագրից հետո, իշ. Ցիցիանովի հետ (1805 թիվ), նա խոստացավ ամբողջ Ղարաբաղից իբրև հարկ վճարել ռուսներին 8000 ոսկի միայն։ Վերջը այդ գումարը վճարել չկարողացավ, խոստացավ ձիաներ տալ, այն ևս տալ չկարողացավ։ Իսկ 1770 թվին որտեղի՞ց ուներ Իբրահիմ-խանը այնքան ոսկիներ, որ տար Մակար վարդապետի հայրենակիցներին և ինչո՞ւ համար…
Թե այսպես, թե այնպես Խնածախը հիմնվում է։ Այդ գյուղը որպես վերևում հիշեցի, թե Մակար վարդապետի և թե «Գաղտնիք»-ի հեղինակ հայր և որդի Բեկնազարյանների ծննդավայրն է։ Խնածախի հիմնվելուց 25 տարի հետո (1795 թիվ) Աղա-Մամադ-շահը պաշարում է Շուշի բերդը, որը հիշյալ գյուղից 2 ժամվա հեռավորության վրա է։ Այդ միջոցին դուրս են գալիս մի խումբ խնածախցի «քաջեր» և հրաշքներ են գործում։ Հետաքրքիր են այդ «քաջերի» անունները։ Այդ պատճառով ես ավելորդ չեմ համարում անունները մի առ մի հիշել, որովհետև հենց անունների մեջ է նրանց քաջության նշանաբանը։
1. Խումբի գլխավորը, նույն ինքը «Գաղտնիք»-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանն է։ Նա կոչվում է Ազրայել-Իբրահիմ[5], հետո յուր անհամեմատ քաջագործությունների համար կոչվեցավ հրաշագործ Ազրայել (եր. 162): Ազրայել կոչվում է արաբացոց հոգեառ հրեշտակը: Դա անգութ, կոտորող ու ոչնչացնող մի ուժ է: Գոնե յուր անվան վեաբերությաբ պետք էր, որ «Գաղտնիք»-ի հեղինակը փոքր-ինչ համեստ լիներ:
2. «Գյուլ-Ուհան», նշանակում է Գայլ Օհան: Դա այն հատկություններն ունի, որ աչքերը գայլի նման գիշերվա մութի մեջ տեսնում են, գայլի նման որնում է և յուր ընկերներին զանազան ազդարարություններ անում, իսկ կռիվների միջոցին գայլի նման լափում է թշնամուն (եր.63):
3. Ասլան-Մանուչար, նշանակում է Առյուծ-Մանուչար: «Սա ունի առյուծի հատուկ վեհանձնություն, աներկյուղ սիրտ, լայնալանջ կուրծք, աննահանջելի հարձակումն, անդիմադրելի ուժգնուություն, չափազանց ուժ» և այլն (եր. 66, 67):
4. «Շիր-Նասիբ», նշանակում է առյուծ-Նասիբ:
5. «Պեպյուռ-Մախմուր», «բաբը»—պարսկերեն նշանակում է վագր, իսկ Մախմուր անուն է:
Ուշադրություն դարձրեք երկուսից մինչև 5-րդ մականուների վրա,—գայլ, առյուծ և վագր-գազաններից առնված են ամենակատաղիները:
6. «Օշափ-Բաղդասար», նշանակում է վիշապ Բաղդասար: Վիշապների նման նա սարսափ է ձգում թշնամիների վրա և վիշապների նման կլանում է նրանց բազմությունը (եր. 66):
7. «Աժդահա-Անտրի», նշանակում է Աժդահակ կամ Վիշապ-Անդրեաս: «Այս բարձրահասակ, հաղթանդամ, ուժեղ և արիասիրտ տղամարդը» վիշապի կլանող հատկություններն ունի, թշնամու ամբողջ գունդերը վիշապի նման անհետացնում է (եր. 67):
8. «Շահմար-Ղաւալ»: Շահմար նշանակում է օձերի թագավոր. հեքիաթների մեջ այդ հրեշը յուր հայացքով անգամ թունավորել կարող է: Իսկ «ղաւալ» անուն է, թեև թմբուկ բառի նշանակությունն ևս ունի (եր. 70):
Ուշադրություն դարձրեք 6-ից մինչև 8-րդ նույնանշան երեք մականուների վրա, որոնք հսկա օձեր կամ օձերի թագավորներ են ներկայացնում:
9. «Փիլ-Առուշան», նշանակում է փիղ-Րովշան:— Րովշան պարսկական անուն է: «Փիղ» մականունը ստացել է այդ հսկան յուր փղային ուժի պատճառով (եր. 70):
10. «Նեառ-Եղիազար»:—«Նառ» պարսկերեն արու է նշանակում: «Նառ» կոչվում են և արու ուղտերը, իսկ ժողովրդի հասկացողությամբ այդ բառը չափազանց ուժեղության նշանակություն ունի:
Ուշադրություն դարձրեք 9-ից մինչև 10-րդ մականունների վրա, խոտաճարակներից ընտրված են ամենահզորագույնները,—փիղը և ուղտը, միայն գոմեշը մոռացված է…
11. «Կեծակ-Վանի», նշանակում է Կայծակ Հովհաննես: Դա կայծակի նման շանթահարում է թշնամու գունդերը և յուր ծանր թրի մի հարվածով թշնամիների գլուխները երկու հավասար մասերի է բաժանում, ոչ ավել, ոչ պակաս (եր. 63)։
12. «Կարկաուտ-Սմաւեն» նշանակում է Կարկուտ-Սիմոն։ Դա այն աստիճանի արագաշարժ է, որ յուր հրացանի գնդակները կարկուտի նման թափում է թշնամու վրա (եր. 67)։
Ուշադրություն դարձրեք 11 և 12-րդ մականունների վրա, երկնքի երկու պատուհասներն ևս բաց չեն թողնված—կայծակը և կարկուտը։
13. «Տեով-Գեասպար», նշանակում է Դև Կասպար։ Դևերը թե պարսից և թե հայոց առասպելների մեջ վիթխարի հսկաներ կամ քաջեր են։ «Գաղտնիք»-ի «Տեով—Գասպարը» ունի հաղթանդամ կազմվածք, սամսոնական ուժ, առյուծական սիրտ, պողպատյա բազուկներ, ևն (եր. 64)։
14. «Նեառոատէով-Աթա», նշանակում է հայր-Նեառադև։ Դա հեքիաթների մեջ պատմած դևերի կամ հրեշների յոթնագլխյան թագավորն է։ Իսկական անունը Սահակ է։ «Սա ունի պարթևական հասակ, արտաքո կարգի ուժ, աներկյուղ սիրտ» և այլն (եր. 68)։ Դա հետո կոչվեցավ «Քաջահաղթ-Տրդատ» (եր. 278)։
15. «Ազնավուր-Ուհան». «Ազնավուր» պարսից այբաժար բառի աղավաղվածը պետք է լինի, որ նշանակում է հրեշավոր, այլանդակ, ճիվաղ։ Իսկ «Ուհան» Հովհաննես անունն է։ Այդ անունը ստանում է նա Երասխ գետի ափերի մոտ կատարած զարմանալի հաղթությունների պատճառով (եր. 65, 66)։
Ուշադրություն դարձրեք 13-ից մինչև 15-րդ մականունների վրա, բոլոր նշանավոր առասպելաբանական հրեշները չեն մոռացված:
16. «Քյալլակեոզ-Առստամ», «քալլագոզ» նշանակում է գագաթի վրա մի հատիկ աչք ունեցող։ Դա թուրքերի առասպելների մեջ համապատասխանում է Հոմերոսի Պոլյուփեմեոս անուն կիկղոպին, որ ճակատի վրա մի հատիկ աչք ուներ և կերակրվում էր
մարդկային մսով: Իսկ Առստամ Ֆրիդովսու Ռոստամ հերոսի աղավաղված անունն է:
17. «Փեհլուան-Սագի», նշանակում է հսկա Սարգիս: Ուշադրություն դարձրեք 16-ից մինչև 17-րդ մականունների վրա, հսկաների և ճիվաղների անուններն ևս բաց չեն թողնված:
18. «Քյարվանղռան-Բրուտ», քարվանղռան, նշանակում է քարավան կոտորող, ավազակ, հուղկահար: Դա արհեստով բրուտ է, իսկական անունը Թյունի (Հարություն) է: «Սա ունի պարթևական հասակ, տրդատյան ուժ և ահարկու տեսք»: Մի անգամ բոլորովին միայնակ կոտորեց նա Իբրհամի-խանի 150 զինյալ թուրքերին, որ քարավանի պատրվակով ուղարկել էր խանը նրան սպանելու: Եվ երևակայեցեք Բրուտը առանց զենքի կատարեց այդ մեծ կոտորածը, որվհետև այդ միջոցին գնացել էր նա Կուր գետից ձուկ որսալու (եր. 64):
19. «Թուլի-Արզուման»,-«թուլի» նշ. ավազակ, հուղկահար, ասպատակող:
20. «Բասար-կեչեր-Գյափի»-«Բասար-գեչար» թուրքերեն նշանակում է կոխ տվող և անցնող,-իսկ Գյափի՝ կրճատված Գաբրիել անունն է:
21. «Չափար-Սարասար» նշանակում է կկոտորե գլխից ցգլուխ, այսինքն՝ ծայրեիծայր: Դա թշնամու որ կողմի վրա և հարձակվում է ծայրիծայր կոտորում է: Իսկ թշնամու հարձակումները սանձահարելու պաճառով կոչվում է նաև «Ջլով», որ նշանակում է սանձ (եր. 6, 65):
Ուշադրություն դարձրեք 18-ից մինջև 20-րդ մականունների վրա, բոլորը նույն իմաստն ունեցող ավազակների ու ասպատակների անուններ են:
22. «Քյանդխուտա-Խաչատուր», նշանակում է տանուտեր Խաչատուր:
23. «Զարպազան. Յուղուրլու», նշանակում է Բախտավոր-թնդանոթ: Դա թնդանոթի նման ռմբակոծում է թշնամու գունդերը, յուր ամբողջ կյանքում միշտ հաղթել է և երբեք չի հաղթվել, այդ պատճառով և վայելում էր և «Քաջահաղթ» մականունը (եր. 67, 68):
24. «Սենկիար-Ասրի», նշանակում է Պատնեշ-Իսրայել: Ինչպես պատնեշը պատերազմի ժամանակ մի զորավոր թումբ կամ ամբարտակ է թշնամու առջև, նույնպես է և այդ Իսրայելը:
Ուշադրություն դարձրեք 23 և 24-րդ մականունների վրա,— մեկը թնդանոթ է, մյուսը պատնեշ այդ թնդանոթի դեմ…
25. «Ուզուն—ղլիճ—սայի», Ուզուն ղլիճ թուրքերեն նշանակում է երկայնասուր, այսինքն՝ երկար սուր կրող։ Իսկ սայի աղավաղված Եսայի անունն է։
26. «Պատման—ղլին—Մարտի», «Բաթման» թուրքերեն մի ծանրություն է, որ կարծես հավասար պետք է լինի ռուսաց 1/2 պուդին։ Իսկ Բաթման—ղլիճ նշանակում է մի բաթմանի ծանրությամբ սուր կրող։ «Մարտի» կրճատված Մարտիրոս անունն է։
27. «Պատման—թոփուզ—Թեոս», նշանակում է մի բաթմանի ծանրությամբ լախտ կրող Թադեոս։
28. «Թոփուզ—աշղ—Ղարա». «Թոփուզ» Նշանակում է գլխին գնդաձև գլխարկ ունեցող լախտ, որ հին ժամանակներում գործ էին ածում որպես զենք, իսկ «աշղ—ղարա», նշան. սև աշուղ։ Դա մի երգիչ էր, որ յուր նվագարանը ցած էր դրել, վեր է առել զենքեր, սկսել է հայրենիքը պաշտպանել (եր. 69):
Ուշադրություն դարձրեք 25—ից մինչև 28—րդ մականունների վրա, որոնք արտահայտում են զենքերի և զինակիցների տարօրինակ վիթխարիությունը։
29. «Անհաղթ—Ղազար», հասկանալի է։
30. «Անգութ—Խաչի», հասկանալի է, Խաչի Խաչատուր անվան կրճատվածն է։
31. «Քաչալ—Մոսի», նշ. քոսոտ Մովսես։
Երբ որ քաչալ կա, անպատճառ քոսակն էլ պետք է լինի…
32. «Քոսակ—Գյուգի», նշ. քոսակ Գրիգոր։ Թե քաչալները և թե քոսակները ժողովրդի հասկացողությամբ խորամանկ, հնարագետ, նենգավոր և ճարպիկ են լինում։
33. Գիժ—Միքի», նշ. գիժ Միքայել։ Պատերազմող անձանց վերաբերությամբ «գիժ» մականունը ունի վայրագության նշանակություն, ինչպես մեր Հայկ դյուցազունի հետ պատերազմող տիտաններին «խոլ»՝ այսինք Խենթ անուն է տալիս պատմությունը։
34. «Դելի—Մահրասա», նշ. գիժ-վարդապետ։ Բայց «դալի» բառը հեքիաթների մեջ տարապայման քաջի նշանակություն ևս ունի։ «Դալի»—ներ կոչվում էին Քորօղլու թիկնապահներն ևս։
35. «Դելի—քեշիշ», նշ. գիժ—քահանա։
36. «Պել—Ճամալ», պել բառը հայ ռամկի լեզվում նույն միտքն ունի, որպես «դալի» բառը թուրքերի մեջ, նշանակում է գիժ, խոլ, վայրագ, տարապայման քաջ։ Արդյոք այդ «Պելը» սեմեաների առասպելական Բելը կամ Նբրովթը չէ, որ մնացել է մեր ժողովրդի մեջ։— Ճամալ՝ ավելի ճիշտ Ջամալ թուրքաց անուն է, որ գործ են ածում հայերը։ Բայց այդ Պել-Ճամալը մի զարմանալի տիպ է «Գաղտնիք»-ի մեջ։ Մակար վարդապետը տվել է նրան մի երկրորդ անուն ևս—«Արագահաս-Սուրբ-Սարգիս» (եր. 278)։
Ուշադրություն դարձրեք 33-ից մինչև 36-րդ մականունների վրա, բոլորը գժեր ու խենթեր են… ոչ մի խելացի չկա այդ չորս անունների մեջ…
37. «Տեոնմազ-Բելլու», նշանակում է մեջքը կամ թիկունքը ետ չդարձնող։ Այսպես կոչվում է նա այն պատճառով, որ երբեք առանց հաղթության ետ չէ դառնում կռվի դաշտից (եր.68)։
38. «Պարխամազ-Օսեփ», նշանակում է բաց չթողնող Հովսեփ։ Այդ անունը ատացել է նա, որովհետև մի անգամ յուր ձեռքը ընկած թշնամուն բաց չի թողնի, կոչնչացնե և առավելապես սիրում է կոտորել թշնամու զորապետներին (եր. 69)։
39. «Պողպատ», իբրև մարդու անուն, նշանակում է պողպատյա կամ երկաթյա կազմվածք ունեցող, զենքերից անմխելի։
40. «Քյարփեթյուն-Տետե»,—«քալփաթին», նշ. է աքցան կամ ունելի,—հյուսների կամ դարբինների այն գործիքը, որով մեխ են դուրս քաշում կամ շիկացած երկաթ են բռնում։ «Տետե» ինձ հայտնի չէ, թե որ անվան կրճատվածն է։
41. «Պոխմախ-Սափարի»— «թոխմախ» կոչվում է այն գործիքը, որով պարսիկները ջարդում են հանցավորների գլուխները, դա ահագին երկաթյա մուրճ է, դարբինների մուրճի կամ կռանի նման։
42. «Զնդան-Ավթանդիլ»—«զնդան» կամ ավելի ուղիղ «սընդան», կոչվում է դարբինների սալը, որի վրա երկաթ են կռում։ Իսկ ժողովրդի լեզվում փոխաբերական իմաստով ամրություն է նշանակում։
Ուշադրություն դարձրեք 40-ից մինչև 42-րդ մականունների վրա, որ ներկայացնում են դարբինների երեք անբաժան գործիքները, միայն փուքսը մոռացված է։
43. «Կաքև-Զաքի», նշ. Կաքավ Զաթարիա։ Դա սուրհանդակի կամ փայակի պաշտոն է կատարում, այսպես կոչվում է յուր չափազանց արագընթացության պատճառով։
44. «Ղարա-խան-Յուզբաշի», նշ. Սև խան հարյուրապետ:
45. «Ալբեթյուն-Բատի», ճիշտ ուղղագրությամբ «Ալբեթյուն» չէ, այլ «Աֆլաթուն» է: Դա արաբացոց Պլատոնն է, մի հրաշագործ բժիշկ և փիլիսոփա: Բայց արևելյան ազգերի, մեջ, նույնպես և հայոց մեջ փոխաբերական իմաստով «աֆլաթուն» բառը հնարագետ, ամեն բանի ճարն ու դարմանը գտնող մարդու նշանակություն ունի: «Բատի» Բաղդասար անվան կրճատվածն է:
Այդ բոլոր այլանդակ մականուների մեջ միայն սատանան էր պակաս, այն ևս չէ մոռացել Մակար վարդապետը-ահա և սատանան:
46. «Շեյթան-Թյունի», նշ. սատանա Հարյություն: Դա ուրիշ անուններ ևս ունի. «այր Ամբակում», «Ամբակում մարգարե» ևն: Շեյթան-թյունին «Գաղտնքի»-ի նյույն տիպն է, ինչ որ քավոր Պետրոսը «Խաչագողի հիշատակարանի» մեջ, ամեն ձև ու կերպարանքը ընդունում է, ամեն լեզուներով խոսում է, ամեն տեղ մտնում է առանց ճանաչվաց լինելու: Դա մի քոմելոն է, որ ամեն րոպե մի նոր տեսք է ստանում։
Մակար վադապետի վառ երևակայությունը միայն կարող էր այսպես հրեշավոր մականուններ ստեղծել։ «Գաղտնիք»-ը լի է այս տեսակ մականուներով։ Օրինակ, «Քորօղլի-քեշիշ» (քորօղլի-քահանա), որ հետո կոչվեցավ «Վարդան Մամիկոնյան» (եր․ 278), «քաչալ Սագի», «Քեոհլան-Սագի» (եր․103), որ նշանակում է սիգապանծ նժույգ Սարգիս, «Տոյտաղ-Քյասի» (եր․ 104), որ նշանակում է վարյենի սագ-Կասպար, «Ճերյան Ծատուր» (եր․118), որ նշանակում է եղջերու Աստվածատուր։
Հոգևորականներն անգամ առանց այս տեսակ մականունների չեն, օրինակ, «Արծիվ-Թադեոս-եպիսկոպոս» (եր.56), «Ալբեթյուն վարդապետը» (եր. 56), «Ասլան-Մահրասա-Մհսրոպ վարդապետ» (եր. 57), «Օղլան-քեշիշ» (եր. 133), այսինքն՝ տղամարդ քահանա, «Քորօղլի-քեշիշ» և այլն, և այլն։ Եթե ժամանակ ունենայի «Գազտնիք»-ի բոլոր ծալքերը քրքրելու, գուցե հարյուրներով կգտնեի այս տեսակ անուններ, բայց ինչ որ գտա, դասավորեցի և նկատողություններով մատնանիշ արեցի այս անբնական արհեստականության վրա, որով կազմված են այդ անունները, և որոնք պարզ ցույց են տալիս իրանց պատմական անգոյությունը։
Մի խոսքով, բացի այդ անուններից, որ Մակար վարդապետը առել է «Խամսայի մելիքություններից», մնացյալ համարյա բոլոր անունները այս տեսակ ուռած-փքված մականուներով կեղծյալ անուններն են, որոնք ամենևին պատմական գոյություն չեն ունեցել։ Հետաքրքիր են այդ զանազան «կայծակների», «կարկուտների», «վիշապների» և «դևերի» զորախումբերի անունները.
«Ազրայելի» («Գաղտնիք»—ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանի) զորախումբը կոչվում է «Արագահաս Սուրբ Սարգիս»[6]
«Քորօղլի—քեշիշի» (Քորօղլի—տերտերի) զորախումբը կոչվում է «Հրեղեն թուր»։
«Խուդադատ—բեկը» կոչվում է «Սուրբ—Գևորգ»[7], իսկ յուր զորախումբը կոչվում է «Ջուր—Տո—Քշի», որ նշ· է սաստիկ հորդած հեղեղ, որ ամեն ինչ քշում տանում է։
«Վանի—Յուզբաշին» կոչվում է «Հայկ Դյուցազն» իսկ յուր զորախումբն կոչվում է «Չարապատիժ—Դժոխք»:
«Նեառատէովի» զորախումբը կոչվում է «Հրեղեն Կեծակ»:
Մակար վարդապետը այն աստիճան հափշտակված է եղել այդ անուններով, որ միևնույն երեսի վրա (եր· 278) «Քորօղլու» անունը երկու անգամ է կրկնում, և ամեն անգամին նրա զորախումբին զանազան անուններ է տալիս. նախ «Հրեղեն—թուր», իսկ երկու տողից հետո՝ «Ծեփի—Անցկաց», որ նշ· զարկիր անցիր:
Մակար վարդապետը միայն մոռացել է այդ զորախմբի դրոշակները նկարագրել։ Իհարկե նրանք էլ զանազան հրեշների և ճիվաղների նշաններով կլինեն զարդարված։
Ղարաբաղի մելիքները երբեք կանոնավոր զորք չեն ունեցել, որ նրանց զորքերը զանազան գունդերի բաժանված լինեին, և այդ գունդերը զանազան անուններ ունենային։ Նրանց ժամանակում ամեն մի ղարաբաղցի զինվոր էր։ Երբ թշնամին մոտենում էր, մելիքը բարձրանում էր յուր տան կտուրի վրա, ձայն էր տալիս և նույն րոպեում յուրաքանչյուր գյուղացի առնում էր զենքերը, նստում էր ձին և հետևում էր մելիքին։
Ճշմարիտ է, ժողովուրդը յուր հասկացողության համեմատ, յուր հերոսներին մականուններ է տալիս։ Բայց այն տեսակ հերոսներ, որ իրանց գործողություններով սաստիկ ազդում են ժողովրդի երևակայության վրա, պաշտելի են դառնում և ժողովրդից մականուններ են ստանում,— այս տեսակները դարերի ընթացքում հայտնվում են մի կամ երկու հատ միայն։ Հայոց ամբողջ պատմության մեջ Հայկ—Դյուցազն, Վահագն Վիշապաքաղ, Տորք—Անգեղ, Հովհան—Քոշ, Գայլ—Վահան, Աշոտ—Երկաթ, Աշոտ—Մսակեր, Գող—Վասիլ, Առյուծ—Խաչիկ, դրանք այնպիսի հերոսներ են, որոնց նմանները ուրիշ դարեր չեն ծնել։ Դրանց անվան հետ ժողովուրդը կապել է յուր զգացմունքը, յուր երգերը և յուր առասպելաբանական էպոսը։
Բայց «Գաղտնիք»—ի մեջ հանկարծ և միաժամանակ բուսնում են 60—70 հերոսներ, որոնցից և ոչ մեկ առանց մականունի չէ։ Դա պատմական իսկություն չէ, դա մի անբնական վիժմունք է, միայն Մակար վարդապետի գլխից։ Որովհետև մարդկային պատմությունն ունի յուր անխախտ օրենքները, յուր հղիությունը և յուր ծնունդը։
Զարմանալին այն է, որ հիշյալ 60—70 հերոսներից, ամբողջ 50-ը Մակար վարդապետի գյուղացիներն են Խնածախից,— մի գյուղից, որը ընդամենը 50 ընտանիքից է բաղկացած։ Յուրաքանչյուր ընտանիք ծնել է մի—մի «Կայծակ» և մի—մի «Կարկուտ», մի—մի «Վիշապ» և այլն։ Եվ դրանք հասարակ մարդիկ չեն, այլ ամենքը Ղարաբաղի մելիքների մոտ «հարյուրապետի», «հազարապետի», «զորավարի» պաշտոն են վարում։ Կարծես ամբողջ Խնածախը մի զինվորական դասակարգ լիներ, և զորապետությունը միայն այդ գյուղացիների արտոնական ժառանգությունը լիներ։ Որտե՞ղ կորան նրանց սերունդները։ Եթե զորապետներ էին, հարկավ և՛ ազնվականներ էին, և՛ կալվածատերներ էին։ Բայց ամբողջ Խնածախը ոչ մի ազնվական չունի, ոչ մի կալվածատեր չունի։ Ամենքը Իբրահիմ—խանի հասարակ գյուղացիներն են և նրանց հողերն են մշակում։
Ինձ հայտնի են փաստեր, որ շատերը այնքան ճարպիկ, այնքան նախանձախնդիր են գտնվել ազնվականություն ժառանգելու, որ բոլորովին գռեհիկ գյուղացիներ, անհայտ ծագումից, ձեռք բերելով մի որևէ վկայական, իրենց տոհմը կապել են այս և այն մելիքի կամ բեկի տոհմի հետ, կրելով նրանց ազգանունները:
Եթե Խնածախի ամբողջ 50 ազնվատոհմ ընտանիքների սերունդները բոլորովին ջնջվեին (որ անկարելի բան է), դարձյալ կգրանցվեին մարդիկ, որ իրենց ժառանգ կհայտնեին, և նրանց տոհմանունները կպահպանեին։ Բայց հիշյալ 50 ազնվական հերոսների և ոչ մեկի ժառանգներն են մնացել թե Խնածախում և թե մի այլ ուրեք։ Իսկ ժամանակները դեռևս այնքան չեն անցել, որ կարող լինեին իսպառ կլանել և անհայտացնել նրանց։ Եվ վերջապես, ի՞նչ եղան այդ «Վիշապների» և «Վիշապազունների» կալվածքները։ Ղարաբաղի մելիքներից և նրանց մոտ ծառայող «Յուզբաշիներից»[8] չկար մեկը, որ գյուղեր, անտառներ, ընդարձակ կալվածներ չունենար։ Եվ այսօր նրանց սերունդներից շատերը վայելում են հայրական ժառանգությունը։ Իսկ Մակար վարդապետի ստեղծած 60—70 հերոսները, որոնք ամենքը զորապետներ և զորավարներ էին, մնում են առանց որևէ ժառանգության[9]։
Մելիքների տիրապետության դարերում, այնքան պատերազմական փայլուն գործողությունների մեջ, անկարելի էր, որ Ղարաբաղը նույնպես չունենար յուր հերոսները, որոնց սիրեր ժողովուրդը, որոնց յուր հատուկ տիտղոսը տար ժողովուրդը: Դրանց թիվը շատ չէ, երեք հոգի է միայն-Դալի-Մահրասանը, Թյուլի-Արզումանը և Չալաղան-Յուզբաշին։ Առաջին երկուսի անունները Մակար վարդապետը առել է «Խամսայի մելիքություններից» և մտցրել է յուր յոթանասնից անունների մեջ, իսկ վերջինը չի հիշվում։
Ժողովրդական հերոսները ժողովրդի ավանդությունների մեջ, ոչ թե մեռնում են, այլ դարերի ընթացքում հետզհետե աճում են, մեծանում են և մինչև անգամ, ինչ որ նրանց ժամանակներում և նրանաց ձեռքով չէ կատարված,-ժողովուրդը հատկացնում է նրանց: Օրինակ, վեր առնենք Քորօղլին: Սկսյալ Թիֆլիսից մինչև Կարին, ո՛ր լեռան գագաթին մի ավերակ կտեսնենք, ձեզ կասեն «դա Քորօզլու բերդն է», թեև նրանցից և ոչ մեկը Քորօղլու բերդը չի եղել: Վրաստանում ամեն մի ավերակ հատկացնում են Թամար թագուհուն: Շուշի բերդի ստորոտում, քարաժայռի մեջ, կա մի ընդարձակ այր՝ զանազան ամրություներով, իսկ նրա հանդեպ, նույնպես քարաժայռի ճակատին, կա մի երկրորդ այր, դարձրյալ ամրացած պարիսպներով և բուրգերով: Առաջինը հատկացնում են Սյունյաց հերոս Դավիթ-Բեկին, իսկ երկրորդը՝ Գուգարաց հերոս Ավան-Յուզբաշուն, թեև երկուսն էլ այս կողմերում ամրոցներ չեն ունեցել:
Ժողովուրդը յուր հերոսներին ավելի է տալիս, քան թե նրանք ունեցել են: Իսկ ինչ որ իսկապես ունեցել են,-այն պահում է յուր հիշողության մեջ անմոռաց:
Ես, իհարկե, չեմ խոսում Ղարաբաղի մելիքների մասին, որոնց բերդերը, ամրոցները և պալատների ավերակները մինչև այսօր մնում են: Իմ խոսքը ժողովրդական հերոսների մասին է: Ղարաբաղի պատմության մեջ որպես վերևում հիշեցի, միյան երեք անձնավորություններ կան, որոնց անունների հետ կապված են ժողովրդի ամենասրտագին ավանդությունները: Դրանք են Դալի-Մահրասան[10], Թյուլի-Արզումանը[11] և Չալաղան-Յուզբաշին[12]: Ես տեսել եմ այն աշտարակը Եղիշա Արաքելո վանքի մոտ, որի մեջ բնակվում էր Դալի-Մահրասան և որի բարձրությունից սարսափ էր տարածում Ղարաբաղի թշնամիների վրա: Ես տեսել եմ Թյուլի-Արզումանի ամրոցը՝ Երից-Մանկաց վանքի հանդեպ, Թըրղի գետի ափի մոտ, այն սոսկալի մթին խոխոմների մեջ, ուր և այժմ նայողը զարհուրում է: Ես տեսել եմ նույնպես Չալաղան-Յուզբաշու ամրոցի ավերակները Թարթարի վրա, այն անտառապատ թավուտների մեջ, ուր բույն էր դրել այն հափշտակող գիշակերը[13]: Ամեն մի գյուղացի մատով ցույց է տալիս այդ տեղերը և նրանց մասին պատմում է շատ և շատ զարմանալի բաներ… Իսկ այդ անմոռանալի անձնավորությունները «Գաղտնիք»-ի մեջ շատ աննշան դեր են կատարում: Որի ընդհակառակն, Մակար վարդապետի հսկաները հրաշքներ են գործում, բայց ոչ մի շոշափելի հիշատակ չեն թողնում…
Մակար վարդապետը ամբողջ Ղարաբաղում կարող էր ցույց տալ մի բերդ, մի ամրոց, և վերջապես մի ավերակ շենք, որոնց հիշատակը կապված լիներ յուր հերոսների անուների հետ: Նրա Ազրայելը («Գաղնիքի»-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը) յուր հրամանի ներքո ուներ 5000 կանոնավոր զորք և 3000 անկանոն զորք (եր.94) բայց ոչ մի ամրոց կամ բերդ ուներ: Ղարաբաղի մելիքներից և ոչ մեկը ունեցել է այդքան զորք[14], բայց ամենքը բերդեր և ամրոցներ չունեին: Մի տանձենի միայն Խնածախ գյուղում պահպնում էր Բեկնազարյանների անունը, այն ևս Մակար վարդապետը թուրքերի ձեռքով կտրել է տալիս և յուր հերոսների անուները իսպառ անհետացնում է (եր. 398)…
Այդ բոլորից հետո շատ պարզ է, որ Մակար վարդապետի 60-70 հերոսները իրենց այլանդակ և հրեշավոր մականուններով, որոնց ներկայացնում է նա «Գաղնիք»-ի մեջ իբրև պատմական անձնավորություններ, - ամենը միասին վերցրած, երբեք պատմական գոյություն չեն ունեցել: Նրանք մինչև անգամ ժողովրդի ավանդությունների մեջ առասպելաբանական գոյություն չունեն: Նրանք հայր սուրբի վառ երևակայության ծնունդն են և ավելի ոչինչ…
Հետևյալ գլխում ցույց կտանք այն պատկերը, որի մեջ գործում են այդ հերոսները:
- ↑ Այդ այրը ես տեսել եմ, նրա մեջ երեք թե չորս հոգուց ավելի մարդիկ չեն կարող պատսպարվել
- ↑ Գոնե Նոր Խնածախ անունը պետք է փոքրիշատե զսպեր Մակար վարդապետի վստահությունը՝ պատմությունը այսպես համարձակ կերպով զեղծելու մեջ: Եթե այդ գյուղը նոր Խնածախ է, ուրեմն այն եղել է և հին Խնածախ: Որպես ղարաբաղցի, անկարելի է, որ Մակար վարդապետին հայտնի չլիներ, որ հին Խնածախը գտնվում է Զանգեզուրի գավառում, որ և կոչվում է Քշտաղի Խնածախ, և որը Մելիք—Հայկազյանների գյուղն էր: Այստեղից գաղթեցին Մակար վարդապետի հայրենակիցները և հիմնեցին Նոր Խնածախը, պահպանելով իրենց գյուղի նախկին անունը։ Ուրեմն, ի՞նչպես կարող էին լինել նրանք Ջրաբերդի գավառի գաղթածներ, կամ այդ գավառի տիրապետող Մելիք—Ադամի զինվորներ։ Թե Ղարաբաղում, թե Ղափանում և թե Սիսիանում շատ կան նույնանուն գյուղեր, որ զանազան պատմական հանգամանքների պատճառով մեկ գավառից գաղթել են դեպի մյուսը, նոր գյուղ են հիմնել և իրենց հին գյուղի անունով են կոչել
- ↑ Մակար վարդապետը Պարսկաստանից տեղափոխված հայ գաղթականների թիվը գնում է 26.000 գերդաստան (եր. 382)։ Դարձյալ փավստոսյան չափազանցություն…
- ↑ Տե՛ս Ղազարոս Լազարչանի 1829 ամի 24 դեկտեմբերի զեկուցումը, որ մատուցած է, կոմս Պասկևիչին, «Նկարագիր գաղթականության հայոց Պարսկաստանե ի Ռուսաստան», եր. 94: Տպված է Մոսկվայում: 1832 ամի:
- ↑ Բոլոր անունների և մականունների մեջ Մակար վարդապետը միայն 10 անուն է բացատրում, բայց ես չհետևեցի նրա բացատրություններին, որովհետև ինքն ևս չգիտե յուր հնարած մականունների իսկական նշանակությունը: Ես բոլոր անունների ուղղագրությունը թողեցի նույն ձևով, որպես գրել է Մակար վարդապետը։ Հայր սուրբը Տաճկաստանում ստացած լինելով յուր կրթությունը և երկար ժամանակ այնտեղ մնալով, գործ է ածում Տաճկաստանի հայերի ուղղագրությունը բ-ի տեղ պ, դ-ի տեղ տ, ջ-ի տեղ ճ, ևն: Դա արդեն պարզ նշան է, որ «Գաղտնիք»-ը գրել Է Մակար վարդապետը և ոչ Բեկնազարյանները, որոնք հարկավ տաճկահայոց սխալ հնչյուններին կամ ուղղագրությանը չէին հետևի։
- ↑ (2) Թե սուրբ Սարգիսը և թե սուրբ Գևորգը ժողովրդի ավանդությունների մեջ, ամեն վտանգի ժամանակ, նեղյալներին օգնության են հասնում, այդ պատճառով սուրբ Սարգիսը կրում է «Արագահաս» մականունը, իսկ սուրբ Գեվորգը «զորավոր»։
- ↑ Երբ «Գաղտնիք»—ի մեջ մտնում են իսկապես պատմական անձնավորություններ, որոնց ժառանգներն ներկայումս ևս գոյություն ունեն, և մանավադ, երբ այդ ժառանգները որևէ նշանակություն ունեցող մարդիկ են,— այդ դեպքում հեղինակի շողոքորթությունները ոչ չափ ունեն և ոչ սահման։ Վանի յուզբաշին, որ հետո եղավ Մելիք—Վանի, պատմական անձնավորություն է։ Նրա մասին խոսվել է «Խամսայի մելիքությունների» մեջ (եր. 285—299)։ Նրա մասին խոսում էր Դուբրովինը («Ист. войн. влад рус. на Кавказе., IV, СТ. 451, 452): Մելիք—Վանիի թոռները այժմյան Աթաբեկյաններն են, որոնց ամեն օր տեսնում ենք։ Հարցրեք նրանցից որին որ կամենում եք, թե ձեր պապը որևիցե ժամանակ կոչվել է «Հայկ Դյուցազն» կամ նա ունեցել է մի հզոր կազմակերպված զորախումբ, որ կոչվում էր «Չարապատիժ դժոխք»: Ես հավատացած եմ, որ ամեն մի Աթաբեկյան խիստ կուշտ ծիծաղելուց հետո, կասե ձեզ, «Այդ ո՞վ է հնարել, մեր պապը երբեք այս տեսակ բաներ չէ ունեցել…»։
- ↑ Ղարաբաղի մելիքները միայն մեկ զինվորական աստիճան են ունեցել և այդ «յուզբաշի» (հարյուրապետ) աստիճանն է, թեև «յուզբաշին» կարող էր հարյուրից ավելի պատերազմողներ ունենալ յուր ձեռքի տակ։ Բայց Մակար վարդապետը ստեղծել է «հազարապետներ» և այլ զանազան աստիճաններ:
- ↑ Մակար վարդապետը յուր ծանոթությունների մեջ (եր. 63, 64, 65, 68) անդադար կրկնում է հինգ հասարակ անուններ՝ Բելլուենց, Եւրուզլուենց, Ջլաենց, Աթոնց, Գյուլ-Օհան,— և խիստ միամիտ կերպով ավելացնում է. «Այս մականուններից շատերն ցարդ մնացած են Խնածախում… իսկ ոմանք չեն հիշում, քանզի ժամանակի երկարությունը (ընդամենը 50—60 տարի) ջնջած է հասարակության միջից»։ Հայր սուրբը չգիտեր, որ իր ստեղծած հսկա անձնավորություններն շատ խոշոր հիշատակություններ պետք է թողած լինեին՝ իրենց պատմական գոյությունը ապացուցանելու համար:
- ↑ Դալի-Մահրասա նշանակում է խենթ վարդապետ, դա Եղիշե Առաքյալի վանքի վանահայրն էր, որը գտնվում էր Թարթար գետի ձախ կողմում: Նրա իսկական անունը Ավագ վարդապետ էր: Մելիքների ժամանակ յուր զարմանալի քաջագործություններով՝ այդ հարուստ վարդապետը անմոռաց անուն թողեց: Տե՛ս «Խամսայի մելիքությունները», եր. 80-91, 135, 155, 157, 201, 202, 280, 348։
- ↑ Թյուլի-Արզուման, նշանակում է Ավազակ Արզուման: Դա Ջրաբերդի Մելիք-Ադամի և նրա որդի Մելիք-Մեջլումի քաջերից մեկն էր, որին հանձնում էին ամենահանդուգն և ամենավտանգավոր ձեռնարկություններ: «Խամ. մելիքություներ», եր. 83-91, 134-198։
- ↑ Չալաղան-Յուզբաշի. նշ. հափշտակող կամ ասպատակող հարույրապետ: Այդ անունը ստացավ նա մեծամեծ հարվածների և ավարառությունների պատճառով, որ կատարեց Ղարաբաղի թշնամիների վերաբերությամբ։ «Խամսայի մելիքությունների», եր. 83, 86, 348։
- ↑ Չալաղան նշանակում է ցին կամ ուրուր կոչված գիշակեր թռչուն
- ↑ Մակար վարդապետը փավստոսյան չափազանցությամբ զարմանալի շատ զորքեր է տալիս յուր հերոսների ձեռքը: Երբ Պետրոս Մեծը պիտի գար Գանձակ, կայսրին դիմավորելու և իրենց ուժը ներկայացնելու համար, Ղարաբաղի բոլոր մելիքները միասին կարողացան դուրս բերել Կոչկար գետի մոտ 12.000 զորք միայն: «Պատմություն Աղվանից», տպված է Շուշի, 1839 ամ. եր. 58։