Անդարձություն (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես ոչինչ չգիտեմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անդարձություն)

Վարդան Հակոբյան

Ժամանակի ընթացքն իրերի մեջ
ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ


Բուրմունքը թեւեր ունի, եւ վարդերը թռչում են,
երկինքը երանվում է, իսկ ես, որ
չգիտեմ՝ ով եմ, տխուր եմ։

Անշուշտ, թախիծ կա նրանում, որ վերջին
երամը թեւում-գնում է։
Որ ջլատվում-ջնջխվում են լեռնաջրերը
ուշ հեռաստաններում։
Որ քարերին համակել է
անթռչելիությունն էլեգիական։
Որ մարող շշուկները սեւով են
բուրում խավարի մեջ։
(Թեպետ սեւը
Ճապոնիայում ուրախության նշան է, իսկ
Եգիպտոսում՝ վերածննդի,
գուցե՝ եւ պտղաբերության)։
Որ հայացքդ ոչ թե նայում է, այլ ինձ
զանցառում է այնտեղից, որտեղ
հազար տարի է՝ կանգնած եմ ես։
Որ չի հարմարում ժպիտը
կորսյալ ձեռքերիս։
Որ ժողովրդին հաղթած իշխանություններն
իրենց անպարտելիությունն են խրախճանում
մոլեգնաճառ։
Որ ես իմ մեջ ամենահեռաբնակն եմ։
Որ մազիս մեջ դրված թաքնասարքերը
ուռկանում են մտքերս։

Որ մանկության աղբյուրներն աճումնաձիգ ու զինական
տղաներին այլեւս չեն այցելում, թեկուզ՝
վերկացի վաղորդաժամերին։

Որ շնչիս մեջ մոմը մի քիչ ուշ
բոցկլտաց՝ երեքը հենց մեկն է։

Որ միմիայն երեխաներին չի տրվում
թագավոր ընտրելու իրավունքը
(մինչդեռ հենց նրանց պիտի վստահվեր դա)։
Որ ամեն մարդու ուսի անտանելի
մի սարկոֆագ կա՝ եթե
նա անգամ պարում է իր հարսանիքում։
Որ ջարդված նավի միջից ոչ ոք
չի կարողանում ծովը հանել։
Որ առաջին քայլը միշտ վերջին է՝
որպես առաջին։
Որ թափուր սրտերը չեն կարող ծառայել՝
գոնե որպես կավե ծաղկամաններ։
Որ անստվերական իմ հոգին տրտմում է՝ շատ կարեւոր
ինչ որ մի բան միշտ շրջանցող պտույտներից
երկրագնդի։
Որ արեւը թերամտում է, եւ միայն
մրջյուններն են վստահ իրենց քայլերի մեջ։

Երբ խոսեցիր՝ ես զգացի, որ ձայնը
նույնպես բուրմունք է ունենում,
թեեւ զուր եմ շարունակ ինչ որ կետեր
որոնում հեռու երկնքում.
վաղուց վարդերի երամները չվել-անցել են։

Բայց չի՞ թվում, այնուամենայնիվ, որ
ետ մնացած մի կանչ դեռ կախված է օդի մեջ։