Էջ:Աղավնիներ 07.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Ի՞նչ խարդախություն կարող էր լինել անմեղ թռչունների սիրային պայքարում, այն էլ օդում։

— Ետ տի տաս աղվընիկս, չէ նե…— և ցույց էր տալիս շողշողուն դանակը։

Հաղթանակող աղավնու տերը, շողացնելով մի ուրիշ դանակ՝ հայտարարում էր.

— Ուր կուզես նե՝ գնա, չեմ տար, էրիկ մարդ ես՝ դիմացիր։

Դանակները զարկվում էին իրար, նրանց զիլ և սուր զրնգոցը ճեղքում էր օդը՝ իրարանցում, խռնվում, քաշքշոց, շորերի պատառոտում, կանանց և երեխաների լաց, և հոսում էր արյունը մեկն ու մեկից։

Եթե պարտվող աղավնու տերն էր արյուն թափողը, ամիսներով նրան չէր կարելի տեսնել քաղաքի փողոցներում։ Նա փակվում էր տանը, լուսամուտների վարագույրները քաշած։

— Կնկանը վարտիքն է մտեր, դուրս չելլար,— ասում էին նրա հակառակորդները։

Իսկ եթե հաղթանակող աղավնու տերն էր արյուն թափողը, վերքը կապելուց հետո դուրս էր գալիս փողոց, գլուխը բարձր բռնած, ֆեսը հասցրած մինչև հոնքերը և ծոպն առաջ, ամենագոռոզ և ամենալկտի ֆես դնելու ձևը, քայլում էր ոչ ոքին չբարևելով, ոչ ոքի երեսին մտիկ չանելով, ռազմի դաշտից վերադարձած արյունարբու հերոսի նման։

Ահա թե ինչու ծերերն ասում էին՝ աղվընիկն անմեղ է. բայց մահ է։ Աղավնու կաթնագույն թևերի տակ արյուն կար և մահ։

Բայց այդ զարհուրանքից և արյունից հետո էլ իմ հոգին ձգտում էր դեպի աղավնիները։

Երբ փողոցում դանակներն էին շողում և ատելությամբ զարկվում իրար ու շաչում, վերևում, պաղպաջուն և կապույտ երկնքում, աղավնիները շարունակում էին ճախրել և դառնալ իրենց անմեղության պարը։

Ի՞նչ կապ ունեին աղավնիները մարդկանց պատվի, դիրքի և չարության հետ։ Նրանք ճախրում էին արևի շողերի ծովում, շողերի հեշտագին ալիքներում, ի՜նչ փույթ, թե ներքևում մարդիկ արյուն էին թափում և թափված արյան