Էջ:Աղավնիներ 28.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղավնիները թռցնելու, միայն պատվիրում էր կնոջը՝ կտուր բարձրանալ առավոտյան, բաց անել թռչունների դռնակը և կուտ տալ։

— Մեղք են աղվընիկները, ի՞նչ սունչ ունին։

Հետզհետե օրերը կապարի ծանրություն էին ստանում, աղորիքի քարի նման չոքում վզին։ Փակված տանը՝ ծխում էր ու հառաչում։

Լիլոյի համար դառն էր տեսնել, որ իր պատճառով հայրը կորցրեց նախկին երջանկությունը։ Արայի վիճակը մի կողմից, հորը և մորը վիճակը մյուս կողմից՝ մռայլում էին Լիլոյին, մահացու հարվածներ հասցնում նրա առողջությանը։

— Աշխարհք չի գայի բարով,— ասում էր Լիլոն և լաց լինում։

Ակոբը մի քանի անգամ որոշեց ծախել աղավնիները, ոչնչացնել տուն֊տեղ, գնալ մի ուրիշ քաղաք, թերևս մի ուրիշ երկիր, որպեսզի մարդիկ մոռանային, թե ինքը եղել էր աղվընիկ խաղցնող, բայց արդեն ուշ էր, որովհետև Լիլոն պաղատում էր.

— Ընծի մի՛ մորթեր, Արան ու՞ր թողունք էրթանք։

Իսկ Արան չէր համաձայնում հեռանալ քաղաքից՝ Լիլոյի հոր անձուկ միջոցներով։

— Քիչ մ՚ալ սպասե, մայրս խոստացեր է։

Որքան որ Ակոբը որոշում էր ծախել աղավնիները և հեռանալ քաղաքից, բայց սարսափում էր այդ հեռապատկերից։ Գիշերը, կես֊քուն, կես արթուն, տեսնում էր՝ ինչպես սարսափելի դեմքով մարդիկ բարձրացան կտուրը, բաց արին աղավնիների դռնակը և տանում են, տանում։ «Չեմ տար, մի՛ տանիք»,— գոռում էր քնի մեջ, վեր էր ցատկում այսահարի նման, ոտաբոբիկ բարձրանում կտուրը, բաց անում դռնակը, մտիկ տալիս աղավնիների մրմունջին, հանգստանում և իջնում ներքև։

Սկզբում, երբ Ակոբը քնի մեջ բղավում էր, Լիլոն և մայրը շատ էին վախենում, կարծում էին, որ խենթության նախանշաններ են, ահա շուտով պետք է խենթանա, ընկնի փողոցները, բայց հետզհետե վարժվեցին։

Վերջապես Ակոբը որոշեց ոչ թե ծախել թռչունները, այլ մորթել, ոչնչացնել, որովհետև նա չէր կարող հաշտվել այն