Էջ:Աղավնիներ 32.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Արան ոգևորվեց։

— Մայրի՛կ,— շշնջաց նա՝ բռնելով Լիլոյի մոր ձեռքը,— փարա ունիմ, կերթանք Ստամթբոլ, բոլորս միասին կերթանք։

Մայրը չպատասխանեց և ցավագին ժպտաց։

Նրանք միասին մտան սենյակը։

Լիլոն պառկած էր բաց լուսամուտի առաջ, գարնան արևի շողերը փռվել էին առատությամբ նրա անկողնի վրա։

Արան կանգնեց Լիլոյի անկողնի առաջ, գլխարկը հանեց, նստեց անկողնու վրա և ասաց.

— Լիլո՛ս, նախշուն խուշս, փարա բերեր իմ, երթանք Ստամբոլ։

Լիլոյի մարած աչքերը բոցավառվեցին։

Արան անմիջապես ավելացրեց.

— Բոլորս միասին, հայրիկն ըլ, մայրիկն ըլ։

Լիլոն ժպտաց, թարմացավ, տժգույն շուրթերի վրա դողաց գարնան շողը։

— Աղեկնամ, երթանք,— շշնջաց նա։

Ապա դառնալով մորը՝

— Մայրի՛կ, աղեկնամ, երթանք Ստամբոլ։

Մոր արցունքները գլորվում էին այտոսկրների վրայից։

— Շատ փարա բերեր եմ, տե՛ս,— հարեց Արան և գրպանի բոլոր ոսկիները փռեց Լիլոյի անկողնի վրա։

— Հայրիկն ո՞ւր է,— հարցրեց Լիլոն։

— Գնաց աղվընիկ ծախե, հեքիմ բերե,— պատասխանեց մայրը գոգնոցի ծայրով քիթը սրբելով։

— Ես երթամ բերիմ,— հայտարարեց Արան և վազեց դուրս։

Փողոցում Արան պատահեց Հաջի Թումաս աղին, որ թիթեղի կտորներով գավազանը գետնին խփելով՝ շուկայից էր վերադառնում։ Արան հորը սուտ չտեսնել արավ։ Նա գարշում էր հորից։ Արայի՝ տնից դուրս գնալուց ի վեր՝ Հաջի Թումաս աղան առաջին անգամն էր, որ այդ փոքրիկ քաղաքում պատահում էր որդուն։ Որդու տեսքը՝ կարկատած զգեստ, կեղտոտած շապիկ և ֆես, չսափրված դեմք, ազդեց հոր վրա, հազիվ կարողացավ տուն ընկնել, ոտները ծալվում էին, սրտի վրա ինչ֊որ ծանր բան էր չոքում, կարծես