Էջ:Արտը 2.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թանձր, սևագույն֊սպիտակախառն մշուշը ծանրացել էր նաև ձորերի և հովիտների, լեռների և բլուրների շուրջը։ Տեղ֊տեղ ցանցաձև, երկնքից գետին իջնող շեշտակի գծերը ցույց էին տալիս, որ խիստ անձրև էր տեղում զանազան կողմերում։ Երևում էր, որ ամպերը դեռ շատ ջուր ունեին և այդ գծերը պիտի քայլեին։ Մշուշի քուլաները թավալվում էին բլրակներն ի վար, քարշ գալիս, ցրվում դեպի դաշտերը… և արոտների կանաչ խոտերը, արտերի ցորենի հասկերը կռացրել էին գլուխները՝ կաթիլների ծանրության տակ։

Ծերունին սկսել էր ավելի հանդարտ քայլել։ Նրա հնամաշ տրեխներից ջուրը հոսում էր գուլպաների մեջ, ոտը թրջում։ Խոնավությունը թափանցում էր բաց կուրծքը և վերարկվի վրա մշուշից կաթիլներ էին դիզվում։

Անցնելով, մի առ մի դիտում էի երկու կողքի արտերը։ Շատերի միայն մի քանի ակոսներն էին ավրվել և մեջտեղում լճակներ գոյացել։

Մի քանիսները լիովին ողողվել էին։ Ջրի հոսանքները արմատախիլ էին արել, քշել տարել ցորենի դալար ծիլերը և հավաքել ակոսների մեջ։ Ցեխ էր գոյացել ամեն մի փոքր շավիղի վրա. ամեն մի փոսի մեջ պղտոր կարմրագույն ջուր էր կիտվել և շատ հասկեր լողում էին նրանց երեսների վրա, որպես խեղդվածներ։

― Վա՛խ, վա՛խ,― արեց ծերունին։

Ու առաջ գնաց։

Բայց վնասն ընդհանրապես շատ էլ մեծ չէր երևում։ Հողը դիմացել էր. երևում էին բոլորովին չփչացած արտեր անգամ. ծիլերը դիմացել էին և այժմ զվարթությամբ ցցել էին սկսում իրենց գլուխները. միայն թե կային այնպիսիները, որոնք ոտաբոբիկ էին դարձել ― արմատը մերկացրել։ Ջուրն էր այդպես շինել նրանց։

― Է՛հ. փառք աստծո,― խոսեց ծերունին՝ տեսնելով դրանք,― շատ էլ վնաս չի եղել։

― Քո արտն էլ այդպես կլինի, ծերուկ,― սրտապնդեցի նրան։

Անխոս՝ գլուխն երերցուց։ Կասկածում էր. հայացքը միշտ