Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 03.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ իրենց տանն էր ծնվել և մեծացել։ Թորիկն էլ մի զարմանալի երեխա էր՝ ո՛չ լաց էր լինում, ո՛չ չարություններ անում, ուր որ նստեցնեին, այնտեղ էլ մնում էր, իրիկունն ինչպես պառկեցնում էին, առավոտյան այնպես էլ զարթնում էր, տային՝ կուտեր, չտային՝ չէր ուտի։

— Ծո՛, Թորի՛կ,— ձայնում էր Փալանճի Գիրգորը, երբ տուն գար խանութից,— ինտո՞ր ես։

Թորիկը հանգիստ գլուխը դարձնում էր, հայացքը հառում Փալանճի Գիրգորին և ապուշ֊ապուշ ժպտում։

— Աստծու գառն է,— ասում էր Թուրվանտա Քորոն։

— Քչիկ մի կով է,— առարկում էր Փալանճի Գիրգորը։

Թուրվանտա Քորոն խեթ֊խեթ նայում էր ամուսնուն։

Եվ Թուրվանտա Քորոն նստեցնում էր Թորիկին գետնին՝ փռված մի դոշակի վրա և պատվիրում.

— Թորիկ, ղուրբան հոգուդ, ես շուկա երթամ գամ, դուն դոշակի վրա խաղա։

Թուրվանտա Քորոն փակում էր տան դռները, գնում շուկա, և եթե ժամերով էլ չվերադառնար, Թորիկը դոշակի սահմաններից չէր հեռանում։

Փալանճի Գիրգորը մի օր, երբ դիտել տվեց թե՝

— Մեջը հեչ կրակ չկա։

Կինը պատասխանեց.

— Էդպես մ՚ըսեր, զաթեն[1] աստված զարկեր է գլխուն, որբ է։

Փալանճի Գիրգորը լռեց, բայց երբեք չէր հաշտվում այն գաղափարին հետ, որ իր որդին պիտի լիներ այդպես կորած֊մոլորած մի տղա։ Առանց որևէ լուրջ հիմքի՝ նա կարծում էր, որ եթե ինքը մի զավակ ունենար, այդպես չէր լինի, կլիներ չափազանց աշխույժ, արթուն և ուշիմ։

Ինչո՞ւ։ Ոչ ոք չէր կարող ասել։

Այս ուղղությամբ և այս ոգով Փալանճի Գիրգորը շատ էր խոսում։ Մի օր էլ Թուրվանտա Քորոն, չհամբերելով և արդարորեն զայրանալով, ասաց․

— Էսքան տարի անցավ՝ բան մը չկրցար ընել, հազըր

  1. արդեն