Թորիկն այսպիսի անուն չէր լսել։
— Աղեկ չի լսեցի,— շշնջաց նա։
— Անժել։
Թորիկի զարմացումն զգալի եղավ աղջկան, նա կարծեց, որ Թորիկը չհավատաց իր ասածին։
— Գիտե՞ս ի՛նչ ըսել է Անժել։
— Հի՛, հի՛, հի,— ծիծաղեց Թորիկը,— հեչ չեմ լսեր։
— Անժել հրեշտակ ըսել է։
— Հրեշտա՞կ։
— Այո։
— Շիտակ է, թամամ հրեշտակ ես, հիմա հավտացի։
— Ես սուտ չեմ խոսիր։
— Չէ, յավրուս, չէ, հրեշտակները սուտ չեն խոսիր։
Անժելը սեղմվեց Թորիկին։
— Գնամ քըզի համար բան֊ման բերիմ, ուտես,— նորից առաջարկեց Թորիկը։
— Ոչ, ոչ։
— Չէ, տի բերիմ,— պնդեց Թորիկը։
— Ոչ, ուրիշ անգամ։
— Ուրիշ անգա՞մ, ալ ի՞նչ ուրիշ անգամ, ես քըզի տի տանիմ մեր տունը։
— Ձեր տո՞ւնը, ինչո՞ւ։
— Կուզիմ քըզի էս ճամփայեն հանել, մեղք չե՞ս, որ բոզ մնաս։
Այդ բառից վայրկենական լցվեցին Անժելի կապույտ և նվաղկոտ աչքերը ջինջ արցունքով։
— Աղջկան ինչո՞ւ լացցնես, ծո,— կշտամբեց ընկերը։
— Դուն քու քիթդ մի խոթեր էս բանին մեջ,— սաստեց Թորիկը նրան և դառնալով Անժելին՝ շշնջաց.— մի լար, հրեշտակս, քեզի տանիմ տուն, խանըմի պես պահիմ։
Անժելն զգաց այս կոպիտ ոսկորներով մարդու անկեղծությունը և զգացումի նրբությունը, փաթաթվեց նրա վզով ջերմությամբ և գորովանքով։
Թորիկը շոյեց նրա թշերը։ Թորիկի ձեռքերը Անժելի թշերի վրա թողնում էին կարծր խոզանակի տպավորություն, բայց սիրտը թրթռում էր այդ շոյումից։