Էջ:Բաց-կապույտ ծաղիկներ 34.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Անժելն էլ տնից դուրս չէր գնում, զբաղվում էր գիշեր և ցերեկ տան գործերով, որպեսզի բամբասանքն ավելի չկատաղի, բայց Թորիկի փույթը չէր, նա հպարտությամբ ման էր գալիս քաղաքում՝ ֆեսը ծռած ճակատի վրա։

— Որո՞ւն աղջիկը բոզ չէ, ըսե՛ք,— ասում էր նա,— Ենգոյենց միջնակ աղջիկը չափան օինը հանե՞ց, Դեմիրճօղլոնց աղջկան փորը չի լեցուցի՞ն, ո՞ր մեկն ըսեմ, ծո, Սըրմա հանմին աղջիկը տանը ծառայեն փիճ չունեցա՞վ, Չավուշյան Քերոբ աղայի հարսը կառապանին հետ չի փախա՞վ, ծո՛, ո՞րը բոզ չէ, ըսե՛ք։

Այդ բոլորն իրողություն էր, բայց նրանցից ոչ մեկը չէր անվանարկվում։

Մի օր Անժելը լաց եղավ և ասաց.

— Թորիկ, իմ անգինս, ես երթամ ուրիշ քաղաք, դուն ազատվե այս բամբասանքեն։

— Ի՞նչ կըսես, խենթեցա՞ր, դուն ընծի համար սուրբ ես, մայրիկ աստվածածինեն ըլ սուրբ ես։

Անժելը փարվեց Թորիկին։

Կարճ ժամանակի ընթացքում Թորիկի տունն ավելի ու ավելի կերպարանափոխվեց՝ լուսամուտներին վարագույրներ կախվեցին, բոլոր աթոռները և թախտերը սպիտակ սավաններով ծածկվեցին, պատերն սպիտակ ներկվեցին, ներկվեցին դռների ու լուսամուտների փեղկերը, միջանցքի հատակը տախտակվեց, տան ամեն մի անկյունում թաղարներ դրվեցին, և ամեն առավոտ շողացին նրանք գույնզգույն ծաղիկներով, տան ետևի փոքրիկ, շատ փոքրիկ և անխնամ պարտեզում մարգեր շինվեցին և ծաղիկներով վառվեցին, Թորիկի վրագլուխը հիմնականորեն վերափոխվեց՝ բեղերր կանոնավոր ստորակետների նման տնկվեցին քթի երկու կողմերին, փոխանակ թափվելու բերանի վրա, փոթփոթ շալվարին փոխարինեց եվրոպական փանթալոնը, վառվռուն գույներով ծաղկանկարված ժիլետին փոխարինեց սպիտակ շապիկը՝ օձիքով և թևնոցով։

Այս բոլորը կատարվեց Անժելի ձեռքով, նրա հնարամտությամբ ու ճաշակով։

Անժելն առաքինի էր բառի լայնագույն իմաստով․ ոչ մի կին այս աշխարհում այնքան հավատարիմ չէր եղել դեպի իր